Գյումրիում մի քանի օր է՝ հացը ձրի է

Գյումրիում մի քանի օր է՝ հացը ձրի է
Գյումրեցի երիտասարդ գործարար Գարիկ Ուզունյանն անսովոր ակցիա է իրականացնում. մինչև դեկտեմբերի 12-ը իր նորաբաց հացի փռի արտադրանքն անվճար բաժանում է կարիքավորներին: Գործարարին պատկանող « Կռունկ » խանութում մի քանի օր է իրարանցումը չի դադարում, հացի համար հերթ կանգնողների թիվն այդպես էլ չի նոսրանում: Հետաքրքիրն այն է, որ հացը ցամաք տուն չեն տանում, հետն էլ ապխտած ձուկ են բաժանում: Տեսարանը, որին ականատես եղանք, հիշեցնում էր մութ ու ցուրտ տարիները՝ 90-ականները, երբ հացը գրամներով ու կտրոնով էր վաճառվում:



«Չենք հասնում՝ սպասարկենք, չեք ենք տվել, որ չեքով ստանան, բայց նույն մարդը երկրորդ օրն է արդեն գալիս է, ինչըխ կեղնի չտաս, ձեռը կպարզե՝ հաց կխնդրե: Մեր տնօրենն էլ ասել է՝տվեք, մի մերժեք»,-ասաց « Կռունկ »-ի աշխատակցուհին՝մատնացույց անելով հավաքվածներին: «Մեզի զոռով մուրացկան դարձրեցին, ես ընչի պըդի չկրնայ իմ թոշակով ապրեի, որ ըսպես բանին վրա դառնայ, բայց ապրի էս տղու արևը, մեզ ազիզ օրով , էլի ձեռ կմեկնե»,-ասաց թոշակառու կինը: Ի դեպ, 1 շաբաթից ավել է, որ կարիքավոր գյումրեցիները առանց վճարելու հացը տուն են տանում: Աշխատակիցների խոսքերով օգտվողների թիվը 5000-ը գերազանցում է:



Գալիս են քաղաքի տարբեր հատվածներից. մեկը մյուսին տեղյակ են պահում ու շտապում են հանապազօրյա հացի հետևից: Բարեգործի խոսքերով գործի բարի սկիզբը, հաջող ավարտն է: Հաց է բաժանում, քանի որ շուրջը սոված են: «Անտարբերություն դրսևորելն ամենավատ բանն է», -ասում է նա՝ նշելով, որ նպատակներից մեկն էլ այն է, որ բոլոր մեծահարուստներն ու մեծ-մեծ խոսողները տեսնեն, թե իրականում ինչ ծայրահեղ վիճակում են մարդիկ:



**Արևիկ Հակոբյան**