Դա լինելու է ոչ թե պատվո տախտակ, այլ՝ հուշապատ

Դա լինելու է ոչ թե պատվո տախտակ, այլ՝ հուշապատ
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նախաձեռնել է մեծածավալ գործ` ստեղծել մեծ հուշապատ, որի վրա պետք է քանդակի ապրիլյան եւ 90-ականների արցախյան պատերազմների հերոսների պատկերները։ «Մի պատի վրա ուզում եմ ամբողջացնել, իհարկե՝ բոլորին հնարավոր չի լինի պատկերել, որովհետեւ այդ հերոսները ոչ թե հարյուրավոր են, այլ՝ հազարավոր։ Դա պանորամա չէ, եւ ես պետք է գեղարվեստական մեկնաբանություն տամ այդ թեմային։ Երբ երիտասարդ էի, Ֆրանսիայում մտա Պերլաշես գերեզմանատունը, աջ թեւի վրա տեսա Փարիզյան կոմունայի պատը, դա մի հրաշք բան էր, որ մինչեւ հիմա իմ հիշողության մեջ մնացել է»,- ասում է Թոքմաջյանն ու նկատում, որ օրեր առաջ Դիլիջանում Մոնթեի քանդակի բացման ժամանակ մոտեցել է նախագահին եւ պաշտպանության նախարարին ու պատմել իր գաղափարի մասին, ինչը, քանդակագործի խոսքերով, հետաքրքրել է երկուսին էլ․ «Պատկերացրեք, որ իրենց մոտ հետաքրքրություն առաջացավ, ասաց՝ լավ բան ես ասում։ Հիմա տեսնենք ինչ կլինի, դա հեշտ արվող բան չէ, նախ պետք է ընտրեմ այդ կերպարները, իսկ դա շատ դժվար գործ է»։



Հնարավո՞ր է, օրինակ, ՊՆ-ն պատվեր տա իրեն այդ հուշապատն իրագործելու համար, առավել եւս՝ որ գաղափարը հավանության է արժանացել նախարարի կողմից։ Պարզվում է՝ Թոքմաջյանը դեռ չի մտածում պատվերի մասին։ «Թող մի հատ ես հասնեմ իմ ուզածին, նոր հետո պաննոն ցույց կտամ, բայց քանի դեռ չեմ իրագործել, չեմ կարող ոչինչ ասել, հետո, գիտեք, պատվերն էլ պարտադրող բան է»,- ասում է Թոքմաջյանն ու հավելում, որ հուշապատը մեծ չափի է լինելու՝ բազալտի վրա, որը, իր ենթադրությամբ, պետք է Եռաբլուրում տեղ գտնի՝ իր մասշտաբներից ելնելով․ «Սա լինելու է գեղարվեստական մեկնաբանություն, ոչ մի դիմաքանդակ՝ մեկը մյուսին նման… մեջտեղում Վազգեն Սարգսյանը կլինի, կողքին՝ Մոնթեն, մյուս կողքին՝ Կրպեյանը, այնպիսի հերոսներ, որոնք ճանաչելի կլինեն նաեւ ժողովրդի կողմից։ Ես հիմա գրքեր եմ նայում, ուսումնասիրում։ Հերոսական բան պետք է լինի, եթե ես իրենց դեմքերը լուսանկարչական ընդօրինակումով անեմ, ապա չեմ անի, որովհետեւ դա չի լինելու պատվո տախտակ, այլ լինելու է հուշապատ՝ ամեն մեկը յուրովի իր խրոխտությամբ, համարձակությամբ, նվիրվածությամբ եւ հայրենասիրությամբ, այդ խորհուրդը, շարժումը, դինամիկան պետք է լինի մեջը, եթե դրան չհասա, կդադարեցնեմ՝ չեմ անի»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**