«Նեղանալ չկա»

«Նեղանալ չկա»
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությունն ապշանք, զայրույթ ու աղմուկ է բարձրացրել․ «Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»։ «Հանճարեղ» է ասված, ուզենաս էլ՝ չես կարող «դառն ճշմարտություններին հակված սուր մտքերդ» այսօրինակ կերպով հանրագումարի բերել: Հիրավի, ՀՀԿ-ականների իրականությունը ասես գրոտեսկային գրականությունից է ծնվում՝ ռաբլեական, սերվանտեսյան գրչի տակից: Հակոբ Հակոբյանը մի փոքր Սանչո Պանսային է հիշեցնում, բայց Սանչոյի տհասությունն ու ապուշությունը կեղծիքի ու անհավասարության մի ողջ քաղաքակրթություն են կործանում: Իսկ ահա «հակոբ հակոբյանների» տհասությունն ու ցանցառամտությունը չգիտակցված են, տափակ հտպիտախաղ, որն անգամ գեթ մեկ սթափ ունկնդրի արժանի չէ:



Վատ չի լինի, որ ՀՀԿ-ականները այս «քամբախտ» արտանետման համար Հակոբ Հակոբյանին պատգամավորական մանդատից զրկեն, ցուցանեն, որ իբր թե նման սխալները պարզապես աններելի են, այն էլ՝ ԱԺ պատգամավորի կողմից թույլ տրված, այն էլ՝ մի երկրում, ուր իննը հարյուր հազար աղքատ մարդ կա: Անշուշտ, Հակոբ Հակոբյանին պատգամավորական մանդատից զրկելը ՀՀԿ-ի կողմից աղքատների հանդեպ «սոլիդարության», մի յուրօրինակ «ձայնակցության» նշան կլինի, մոտավորապես այսպես․ «Եթե դուք աղքատ եք, դա բնավ չի նշանակում, որ ոմն պատգամավոր կարող է իրեն թույլ տալ դույզն-ինչ վիրավորել ձեր արժանապատվությունը»: Անշուշտ, Հակոբ Հակոբյանին անզգուշության համար թեթեւակի կշտամբելով կներեն, այնպես, ինչպես ներեցին, ասենք՝ ՍԱՍ-ի Արտակին, մյուսներին, այնպես, ինչպես ներում են իրենք իրենց, ինչպես միայն իրենք ներել գիտեն: Մինչդեռ աղքատ մարդիկ ումի՞ց նեղանան, ո՞ւմ խոսքից վիրավորված ազդվեն՝ իշխանության գլուխն անցած այն մարդկանցի՞ց, ովքեր ուղղակիորեն Հայաստանում աղքատության, սնանկության ու քայքայման գլխավոր պատասխանատուներն են: Այս անոմալ դեգրադացման ընդհանուր համատեքստում մի տեսակ օրինաչափ չե՞ն, արդյոք, «հակոբ հակոբյանների» գոյությունն ու նրանց արտանետած թափոնների բնույթը:



Միանշանակ պարզ է, որ այդպես է, որ այս մարդիկ պատգամավորական մանդատներին երբեք էլ արժանի չեն եղել, որ, առհասարակ, նրանք չպետք է հասնեին Ազգային ժողով, չպետք է դառնային «ժողովրդի ձայնը», զբաղվեին պետության առջեւ ծագած կարեւորագույն հիմնախնդիրներով: Բայց այս ամենն արդեն լրիվ այլ տեղ է գնում, գնում է, մոտենում այն այժմյան՝ «արդյո՞ք այս իշխանությունը լեգիտիմ է», թեկուզ մանկական, թեկուզ բանալ հարցին: Կարծում եմ՝ պատասխաններ փնտրելու կարիք էլ չկա:



**Արամ ՊԱՉՅԱՆ**