«Ելքը» հիմա էլ ասում է, որ չի ֆիքսել, թե անպայման մեկ կուսակցություն պետք է դառնա

«Ելքը» հիմա էլ ասում է, որ չի ֆիքսել, թե անպայման մեկ կուսակցություն պետք է դառնա
«Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից բաղկացած «Ելք» դաշինքում նորից «արշալույսները խաղաղ չեն»։ Պատճառը Սերժ Սարգսյանն է, ավելի ճիշտ՝ նրա վերջին քայլը, երբ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրեց ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ Այդ առիթով «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների գնահատականները, պարզվում է, բավականին տարբերվում են իրարից, մասնավորապես՝ «Հանրապետության» ղեկավարի հրապարակային գնահատականը դաշինքում թեժ քննարկումների առիթ է դարձել։



Բանն այն է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրին միանալու քայլն ընդդիմադիր **Արամ Սարգսյանը** համարում է սխրանք, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ։ «Մեր Հայաստանի արտաքին քաղաքականության գործունեության առումով Եվրոպայում չէին նայում, թե հայերն ինչպես կքվեարկեն տարբեր հարթակներում, կարծում էին՝ Լավրովն ինչպես քվեարկում է, էնպես էլ Հայաստանն է քվեարկելու»,- լրագրողների հետ զրույցում օրերս հայտարարել է Արամ Զավենիչը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ նա, ով պնդում է, թե իշխանությունները «եւ-եւ»-ի քաղաքականություն են իրականացրել, պարզապես ստում է՝ այդ քաղաքականությունը կլիներ, եթե Հայաստանը դեռեւս 2013 թվականին ստորագրեր ասոցացման համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չի կարելի դա ներկայացնել իբրեւ մեծ ձեռքբերում։ Հայաստանն առանց այդ համաձայնագրի էլ կարող է իրականացնել կոռուպցիայի, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում բարեփոխումներ, եթե կա ցանկություն։



Սերժ Սարգսյանի «հերոսության» մասին Արամ Սարգսյանի արձանագրումից հետո «Ելք»-ում լուրջ քննարկումներ են ընթացել, եւ մյուս կուսակցությունները փաստել են, որ փոխանակ դաշինքի մաս կազմող կուսակցությունները հիմա ավելի մոտեցնեն իրենց դիրքորոշումները, հակառակը՝ կարծես գաղափարական առումով ավելի են հեռացել միմյանցից, քան ընտրությունների շրջանում էին։ Հիշեցնենք, որ «Ելք»-ը խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեց դաշինքով, բայց իր ծրագրային դրույթում ամրագրեց հետագայում մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը։



Ի դեպ, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամռանը նրանք փակել են Տերյան փողոցում գտնվող «Ելք» դաշինքի նախընտրական գրասենյակը եւ առանձին գրասենյակներ վարձել։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», օրինակ, գրասենյակի տարածք է վարձել Խորենացի-Մաշտոցի փողոցների միացման հատվածում՝ Պետեկամուտների կոմիտեի շենքի հետնամասում։ Իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ձեռնամուխ է եղել քաղաքական դպրոց հիմնելու գործին, որտեղ մյուս երկու գործընկերները ներգրավված չեն։ Այս փաստերը եւս խոսում են այն մասին, որ երեք կուսակցությունները միավորվելու ծրագիր դեռեւս չունեն։



«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Ելք» խորհրդարանական խմբակցության քարտուղար **Գեւորգ Գորգիսյանը**, սակայն, վստահեցնում է, որ մեկ կուսակցություն դառնալու հարցը դուրս չի եկել «Ելք»-ի օրակարգից։ Արամ Սարգսյանի գնահատականների մասին մեր հարցին պատասխանելով՝ Գորգիսյանը մեկ անգամ եւս ներկայացրեց «ԼՀ»-ի կարծիքը համաձայնագրի վերաբերյալ։ «Սա արհեստականորեն հերոսացնում է այն, ինչ արվել է, եւ՝ այո, սա «եւ-եւ» չի կարելի ներկայացնել, որովհետեւ մենք անհամեմատելի մեծություններ ենք իրար կողքի դնում։ Մյուս կողմից՝ պարոն Սարգսյանի ձեւակերպումը, այո, սա քայլ առաջ է Հայաստանի համար, որովհետեւ գործող իշխանությունը Հայաստանը հասցրել է այնպիսի վիճակի, որը ստորադասվում է Ռուսաստանին, կարծես նման պարագայում կարելի է ողջունել։ Բայց սա նրանց վարած քաղաքականության հետեւանքն է, մենք՝ քաղաքացիներս, պետք է հիշենք, որ հենց այս իշխանություններն են տարեցտարի մեծացրել Ռուսաստանի՝ մեր երկրի վրա ազդեցությունը, օր օրի զիջել են նաեւ մեր ինքնիշխանությունը»,- ասաց Գորգիսյանը՝ ընդգծելով, որ ինքը համաձայն չէ Արամ Սարգսյանի գնահատականներին։ «Ելք» խմբակցության քարտուղարը վստահեցրեց, որ դաշինքում քննարկումներ եղել են միայն փաստաթղթի վերաբերյալ՝ պետք չէ ամեն տեղ տարաձայնություններ փնտրել, ինչը, Գորգիսյանի խոսքով՝ ֆոբիայի է նմանվում․ «Ով ինչ գնահատական կտա, դա իր անձնական մոտեցումն է։ Գիտեք, ընտանիքում էլ կարող են տարաձայնություններ լինել, իսկ դա սկզբունքային հարցեր չեն, սկզբունքային բոլոր հարցերի վերաբերյալ դաշինքի փաստաթղթում նշված է»։



Բայց չէ՞ որ դաշինքը նախեւառաջ գաղափարական ընդհանրություններ ունեցող ուժերի միավորում է․ «Մեզ մոտ բռնապետություն չէ, ամեն մարդ ունի իր մոտեցումները, տեսլականը, աշխարհընկալումը, ըստ այդմ՝ ամեն մեկն իր էմոցիոնալ ֆոնով անցկացնելով իրողությունները՝ կարող է կարծիք հայտնել։ Իսկ իրողությունը մենք ինչպես ենք տեսնում, այո, կա քայլ, թեկուզ Ռուսաստանի թույլտվությամբ, գերիշխանությունը Ռուսաստանից թոթափելու եւ երկխոսություն սկսելու հարցում, բայց սա «եւ-եւ» ներկայացնելը չափից շատ չափազանցրած է»։ Մեկ կուսակցություն դառնալու վերաբերյալ դեռեւս կողմերի միջեւ բանակցություններ չեն սկսվել, թե երբ կսկսվեն, Գորգիսյանը չի կարող պատասխանել․ «Մենք չենք շտապում, մեր դաշինքն ինչպե՞ս ստեղծվեց՝ գաղափարական հենքի վրա, միասնական դիրքորոշումների հիմքի վրա, ու որպեսզի մեկ կուսակցություն ստեղծվի, դա չպետք է լինի արհեստականորեն, մեկ կուսակցություն փակելու տրամաբանությամբ։ Դա պետք է բնականոն գործընթացի արդյունք լինի։ Մենք միասին շատ լավ աշխատում ենք, կարողանում ենք երկխոսել, ինչպես նաեւ պատասխանատվություն կրել միմյանց քայլերի համար։ Մենք հիմա ուժեղ թիմ ենք, մեկ կուսակցություն դառնալը կամ չդառնալը պետք է բխի դաշինքի շահերից, դա կլինի երբեւէ քննարկման առարկա, երբ որ դրա կարիքը զգանք»։

Հնարավո՞ր է մեկ կուսակցություն չդառնաք։ «Մենք չենք ֆիքսել, որ պետք է անպայման դառնանք, մենք ֆիքսել ենք, որ կքննարկենք»։



_ՀԳ․ Ի դեպ, ե՛ւ դաշինքում, ե՛ւ դաշինքից դուրս կան տեսակետներ, որ «Ելքի» գաղափարական միասնականությանը խանգարում են երկու անձ՝ Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը, ով օրերս ԱԺ-ում հայտարարել էր․ «Մենք ընդդիմություն չենք, մենք ժողովրդի կողքին ենք»։_



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**