Ես խելոք, սուսուփուս տարա-մուծեցի այդ գումարը

Ես խելոք, սուսուփուս տարա-մուծեցի այդ գումարը
Պատրա՞ստ է արդյոք իշխանությունը կատարել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Փաստաթղթում նշվում է, որ համաձայնագրի նպատակներն են՝ ամրապնդել կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը, ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները, նպաստել ՀՀ-ում ժողովրդավարության եւ քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, կոռուպցիայի վերացմանը եւ այլն։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանի** հետ։



-**Պարոն Բաղդասարյան, որո՞նք են մեր իշխանությունների կողմից համաձայնագրի շրջանակներում ստանձնած առարկայական պարտավորությունները, եւ կա՞ որեւէ երաշխիք, որ այդ համաձայնագիրը չի մնա թղթի վրա**։



-Այդ պարտավորությունները մենք տարիներ շարունակ կատարել ենք, անկախ այն բանից՝ տեմպերը գոհացրել են, թե ոչ, իսկ ԵՄ-ն թե՛ ֆինանսապես, թե՛ իր խորհուրդներով ցանկանում է մեզ այդ հարցում օժանդակել։ 2013թ․ Ասոցացման համաձայնագիրն էլ մենք չենք մերժել, մերժել են ԵՄ անդամ մեր գործընկերները, նրանք «կամ-կամ»-ի տարբերակն էին առաջ քաշում։ Այնպես որ՝ այդ հրաժարումը մեր պատճառով չէր։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանը երբեք չի փոխում իր քաղաքական դիրքորոշումն ու «եւ-եւ»-ի տարբերակով պատրաստ է համագործակցել, չի բացառվում, որ մենք առաջիկայում աֆրիկյան, ասիական երկրների հետ համագործակցենք։



-**Այս համաձայնագիրն արմատապես չի՞ տարբերվում Ասոցացման համաձայնագրից, եւ արդյո՞ք սա «եւ-եւ»-ի տարբերակն է**։



-Այո, այստեղ կա ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական բաղադրիչ։



-**Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված ճակատում պատրաստվում են Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատազրկված բանտարկյալների ցանկ կազմել՝ Գեւորգ Սաֆարյան, Ժիրայր Սեֆիլյան, Վահան Շիրխանյան եւ այլք, եւ ներկայացնել ԵՄ-ին՝ ցույց տալով, որ ՀՀ իշխանությունները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները**։



-Ես  ուզում եմ, որ դուք տարբերեք քաղաքական եւ քրեական հանցագործությունները։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։



-**Օրինակ՝ տոնածառի գործով ազատազրկված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն ի՞նչ քրեական հանցանք է թույլ տվել**։



-Դա Ձեր կարծիքն է, բոլորի ցուցմունքները կան ու հիմնավորված են, որ նրանք քրեական հանցագործներ են։ ՊՊԾ գնդի գրավումը  հանցանք չէ, ի՞նչ է։



-**Պարոն Բաղդասարյան, իսկ, օրինակ, Սուրեն Խաչատրյանի որդին հանցանք չէ՞ր գործել, որ ազատության մեջ մնաց։ Ընտրովի արդարադատությունն ընդունելի՞ է ԵՄ-ի համար**։



-Իր հանցագործության համար նա իր պատիժը կրել է, եթե կատարել է հանցանքը։ Իշխանության ներկայացուցիչներից էլ բավականին մեծ թվով մարդիկ կան, որոնք պատիժ են կրել, չկա ամիս, որ չեն բանտարկվում իշխանության ներկայացուցիչներից՝ նույն ՔԿՀ-ներից, սոցիալական աշխատողներից, «Հայանտառից»։



-**Համաձայնագրով պարտավորություն կա կոռուպցիայի վերացման մասով, ի՞նչ նոր քայլեր է անելու իշխանությունն այս ուղղությամբ**։



-Այս բոլոր քայլերը հենց միտված են կոռուպցիայի դեմ, այդ ձերբակալությունները եւ այլն։ Պետական բոլոր օղակներում ուսումնասիրություններ են կատարվում, ընդ որում՝ անցած գործունեության մասով՝ եւս, եւ բոլոր չարաշահում իրականացնողները պատասխանատվության են ենթարկվում եւ ասում են, որ որեւէ մեկի ձեռքը չպետք է գնա պետական բյուջե, հակառակ դեպքում այդ ձեռքը պետք է կտրել։



-**Բոլորովին վերջերս Ձեր գործընկեր Հերմինե Նաղդալյանը 1.5 միլիոնի հեռախոսային զրույց էր ունեցել բյուջեի հաշվին, եւ ի՞նչ արեցիք այդ ձեռքը**։



-Այդ գումարները մուծվել են, յուրաքանչյուրի հետ կարող է նման դեպք լինել, ես իմ օրինակով կարող եմ ասել, Ֆրանսիայի այցի ժամանակ իմ անուշադրության պատճառով է եղել, այդ «3G» եք ասում, ինչ եք ասում, միացրած է եղել, ու 1 միլիոն 50 հազար հաշիվ էր եկել, դելեգացիայի բոլոր անդամներն էլ գիտեն, որ ես խելոք, սուսուփուս տարա մուծեցի այդ գումարը։ Նաղդալյանի դեպքում էլ լիմիտը մուծվել է ԱԺ-ի կողմից, մնացածը՝ Նաղդալյանի։



-**Պարոն Բաղդասարյան, սա մեկ դեպք էր, որը մամուլին հայտնի դարձավ, բայց նույն գործուղումների եւ այլ հարցերի ժամանակ ոչ սրտացավ մոտեցում է ցուցաբերվում բյուջեի նկատմամբ, այդ մասին ոչ հրապարակային խոսվում է**։



-Բյուջեի միջոցները սահմանափակ հատկացումներ են, ես Ձեզ վստահեցնում եմ։



-**Դուք ասացիք, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ, ստուգումներ եք սկսել, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել, որովհետեւ իշխանությունը կարծես թե միշտ պայքարում է դրա դեմ, բայց այն այդպես էլ չի վերանում**։



-Կոռուպցիան մարդկության հետ սկսվել է, մարդկության հետ էլ կվերանա, այդուհանդերձ, յուրաքանչյուր իշխանություն պայքարում է դրա դեմ, նայած՝ ով ինչպես է պայքարում։ Իմ կարծիքով՝ մեր այս տեմպերի շարունակության դեպքում այն նվազագույնի կհասնի։ Դուք կարո՞ղ եք մի դեպք օրինակ բերել, որ կաշառք են վերցնում ու պաշտոնի նշանակում, կա՞ նման դեպք, առավել եւս՝ վերջին 1.5 տարվա ընթացքում, հայտարարություն տվեք։ Մաքսայինի հետ կապված հերթերը վերացան եւ  այլն։ Այնպես որ՝ մենք մեր տեղում բոլոր քայլերն անում ենք այդ համաձայնագրի վավերացման առումով, հիմա համաձայնագիրը պետք է անցնի ԵՄ անդամ երկրներով, ԵՄ-ն էլ լոբբինգ է անում այդ երկրների մոտ, թե ինչու Հայաստանը պետք է դառնա այդ համաձայնագրի անդամ, մնում է վերջնական ստորագրումը, որը շատ երկար ժամկետ չի պահանջում։



-**Պարոն Բաղդասարյան, իսկ հնարավո՞ր է, որ այդ երկրների մեծ մասը, հաշվի առնելով մեր երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների եւ այլ ոլորտների խնդիրները, չվավերացնի փաստաթուղթը**։



-Դե, ես խնդրում եմ՝ Դուք նայեք, թե այդ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունում ինչ աստիճանի վրա է կոռուպցիան, այդ ձայները, որ վաճառում են Եվրամիության քվեարկությունների ժամանակ։ Նավթադոլարների, խավիարների մասին, դուք պատկերացնո՞ւմ եք, որ եթե եվրոպառլամենտում այդ խնդրի մեջ են ու մեզ մեղադրում են կոռուպցիայի մեջ։



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**