ԱԺ-ում քննարկելու են ժողովրդագրական խնդիրները

ԱԺ-ում քննարկելու են ժողովրդագրական խնդիրները
ՀՀ ժողովրդագրական մտահոգիչ ցուցանիշները ոչ միայն նախագահի, կառավարության օրակարգում են, այլեւ շուտով կլինեն նաեւ ԱԺ օրակարգում: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դեռ ամռանը խոստացել էր ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձեւավորել՝ խորհրդարանական մակարդակով քննարկելու ՀՀ դեմոգրաֆիական խնդիրները:



ԱԺ հագեցած աշնանային նստաշրջանի ընթացքում, երբ մեկը մյուսից սկանդալային օրինագծեր քննարկվեցին, Ֆարմանյանին չհաջողվեց խոստումը գլուխ բերել: Փոքր-ինչ ուշացումով իշխանական ուժի ներկայացուցիչ պատգամավորը հայտարարել է այդ ոչ ֆորմալ խմբի ստեղծման մասին եւ կոչով դիմել խնդրով մտահոգ խորհրդարանական իր գործընկերներին՝ անկախ իրենց կուսակցական եւ ֆրակցիոն պատկանելությունից, մաս կազմել այդ աշխատանքային խմբին:



Բոլոր այն փորձագետները, որոնք զբաղվում են հիշյալ խնդրով՝ ժողովրդագիրներ, ազգագրագետներ եւ այլք, ցանկության դեպքում նույնպես կարող են մաս կազմել ստեղծվող հիշյալ խմբին: Այն պետք է վեր հանի եւ ախտորոշի առկա դեմոգրաֆիական իրավիճակն ու ուղիներ մատնանշի, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են ապահովել ՀՀ ժողովրդագրական միտումների բարելավումը:



Աշխատանքային խումբն ունենալու է իր էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]: Նրանք, ովքեր ցանկություն ունեն ներգրավվելու այդ խմբի աշխատանքներում, կարող են մինչեւ հունվարի 20-ը իրենց ցանկության մասին հայտնել այդ աշխատանքային խմբի քարտուղարությանը: Սերժ Սարգսյանը, ինչպես գիտենք, մինչեւ 2040 թվականը մտադիր է ՀՀ-ն դարձնել 4 միլիոնանոց երկիր՝ որպես խթան դիտարկելով ներգաղթի կազմակերպումը:



Մինչդեռ հարեւան Ադրբեջանում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, բնակչության թվաքանակը մոտենում է 10 միլիոնի սահմանագծին: Անցած 11 ամիսների ընթացքում ՀՀ-ի հետ կոնֆլիկտ ունեցող այդ երկրի բնակչությունն աճել է 0,7 տոկոսով եւ կազմել 9 միլիոն 875 հազար 273 մարդ: ԱՎԾ տվյալները գուժում են ՀՀ բնակչության թվաքանակի հետեւողական նվազման, ծնելիության անկման մասին: ՀՀ մշտական բնակչության թիվը, մասնավորապես այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, կազմել է 2 միլիոն 979 հազար 600 մարդ: Հունվարի 1-ի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 6 հազար 500-ով: Խնդիրը, իրոք, անհանգստացնող է: