Պարենամթերքի գները թռչում են ժամ առ ժամ

Պարենամթերքի գները թռչում են ժամ առ ժամ
Ասել, թե առաջին անհրաժեշտության պարենամթերքի գները շարունակաբար բարձրանում են, նշանակում է շարքային սպառողին ոչինչ չասել: Այսուհանդերձ, սա մի խնդիր է, որն օրակարգում միշտ ամենավերին հարթակում է:



Ահավասիկ, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ 9,7%-ով թանկացել են մսամթերքը, 14,7%-ով՝ յուղերն ու ճարպերը, 27%-ով՝ ձկնեղենը, 5,4%-ով՝ շաքարը, 4,1%-ով՝ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն: Էլ բան մնա՞ց: Այո, 10,4%-ի գնաճ էլ եղել է բանջարեղենի ապրանքախմբում: Իրականում այս խնդիրը նախատոնական եռուզեռի հետ այնքան էլ առնչություն չունի:  Սա արդեն տեւականորեն սկիզբ առած եւ հստակ նպատակաուղղված գործընթաց է, որը զանազան հնարքներով խրախուսում է կառավարությունը, քանի որ գնաճը նաեւ նպաստում է տնտեսական աճի ցուցանիշին: Իհարկե, այդ էֆեկտը կեղծ է լինելու, այսինքն՝ ֆիկցիա, բայց կարեւորը էֆեկտն է:



Դրամավարկային քաղաքականության թուլացումն ինքնին գնաճի խթան է, բայց ոչ այնպիսի, ինչպիսին կարող է լինել, ասենք, գործարար Սամվել Ալեքսանյանի ձեռքերը բաց թողնելը: Ու եթե առաջինի դեպքում շուկան սկսում է պարզապես շնչել՝ ստանալով անհրաժեշտ թթվածին, ապա երկրորդի դեպքում Սամվել Ալեքսանյանը շնչում է բոլորի թթվածինը՝ իր հսկա խանութների ցանցում շնչահեղձ անելով քաղաքացիներին: Ասվածն ուղղակիորեն չհասկանանք, սակայն առաջին անհրաժեշտության պարենամթերքի հիմնական շուկան մենաշնորհված է վերջինիս՝ խաղի կանոնները թելադրողի բացարձակ եւ անվերապահ իրավունքով: Ուզում է՝ կարագի գինը մինչեւ երկինք է հասցնում, այն կարագի, որ ձեռք է բերել շատ ավելի վաղ եւ շատ ավելի էժան գնով, քան տվյալ պահին միջազգային շուկայում գործող գներն են: Նույնը՝ ալյուրի, շաքարավազի եւ մյուս դեպքերում: Բնականաբար, բյուջե մուտքագրվող հարկերը դրանից ավելանում են: Իսկ քաղցած ընտանիքնե՞րը, իսկ երկիրը լքողնե՞րը:  Ո՞ւմ համար է տնտեսությունն աճում, եթե ոչ այս երկրի քաղաքացու: Մինչդեռ գնաճը թակում է պաշտոնապես 30% աղքատություն արձանագրած պետության քաղաքացիների դուռը:



Իսկ ինչ է տեղի ունենում այս պահին: Նոյեմբեր ամսվա վիճակագրական տվյալները սպառողական ապրանքների գների վերաբերյալ․ բացի այն, որ մեկ ամսվա կտրվածքով սպառողական շուկայում արձանագրվել է 2% գնաճ, կոնկրետ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների մասով էլ գնաճը կազմել է 4,2%: Եվ քանի որ տվյալ ժամանակահատվածում չեն ավելացել ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, ո՛չ նվազագույն եւ միջին անվանական աշխատավարձերը, ուրեմն մեր հասարակության անդամները հենց այդքան տոկոսով էլ աղքատացել են: Իհարկե, այն կանխատեսելի միջակայքում է, բարձր չէ, բայց մեր հասարակությունն է աղքատ, եւ նրան ավելի ու ավելի ունեզրկելով՝ այս իշխանությունը մի օր ավերակների վրա է թագավորելու:



**Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ**