Շատինցիները կրկին ոտքի կկանգնեն

Շատինցիները կրկին ոտքի կկանգնեն
Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին գյուղում հետընտրական խմորումները սկսվեցին, զարգացան եւ մինչեւ օրս չեն ավարտվում։ Շատինցիների թեկնածու Տիգրան Խուդոյանը չէր հաղթել ընտրություններում, նրա փոխարեն համայնքապետ էր ընտրվել Քարագլուխ գյուղի բնակիչ Արթուր Ստեփանյանը, որի հետ գյուղացիները «աչքով աչք չունեն»։ Նրանք սկզբում պահանջեցին, որ Արթուր Ստեփանյանը չզբաղեցնի համայնքապետի պաշտոնը, հետո աղաղակեցին, թե Ստեփանյանի նստավայրը իրենց գյուղում չպետք է լինի, հետո պահանջները նվազեցին: Հիմա էլ նրանց միակ պահանջն այն է, որ իրենց համայնքապետի տեղակալը լինի իրենց գյուղացի Կարապետյան Մանվելը։



Գյուղացիները լսել են, որ Արթուր Ստեփանյանը իր տեղակալ է ուզում նշանակել Շատինի նախկին գյուղապետերից Մանուկ Սմբատյանին, ինչին դեմ են շատինցիները։



Շատինի համայնքապետարանի նախկին աշխատկից Նաիրի Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Արթուր Ստեփանյանի հետ հանդիպում են ունեցել, վերջինս ակնարկել է, որ Մանվել Կարապետյանը տեղակալ չի նշանակվելու․ «Ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի։ Պայմանավորվածությունը այնպես էր, որ Մանվել Կարապետյանը պետք է աշխատեր, սակայն 2 օր առաջ խոսակցությունից դուրս եկավ, որ ուզում ա խաբի։ Ասում ա՝ ճշտելու բան ունենք։ Եթե չեղավ՝ ժողովուրդը կընդդիմանա, եթե տեղակալը դրեց Մանվել Կարապետյանին նստելու ա ստեղ, եթե չէ՝ չէ։ Հավաքներ նախատեսվում են, կոնկրետ օր չգիտեմ։ Եթե Մանվել Կարապետյանը չի նշանակվի՝ ցույցերը կսկսվի»։