Թավրիզի առաջնորդարանն ապօրինի առք ու վաճառք է իրականացրել

Թավրիզի առաջնորդարանն ապօրինի առք ու վաճառք է իրականացրել
Անահիտ Մուշկամբարյանը Իրանում հայտնի գործարար Բաբա խանի թոռնուհին է։ Ներկայումս գործարարին պատկանող հողերը վարձակալվել են Թավրիզի Հայոց առաջնորդարանի կողմից։ Անահիտ Մուշկամբարյանի համոզմամբ առաջնորդարանն իրեն չպատկանող ունեցվածք է տնօրինում՝ ստանալով հսկայական եկամուտներ։ Ինչպես նաև՝ մեր զրուցակցի պնդմամբ առաջնորդարանը գույքի ապօրինի առք ու վաճառք է իրականացրել։



2000 թ․ Բաբա խանի 70-ամյակի կապակցությամբ Անահիտ Մուշկամբարյանը այցելում է Իրան, որտեղ էլ տեղեկանում է, որ Իրանի արդարադատության նախարարությունը հատուկ հայտարարությամբ փնտրում է Բաբա խանի ժառանգներին, քանի որ էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության համատեքստում էլեկտրաէներգիայի հենասյունները անցնում են խանի կալվածքի տարածքով։ Բայց դրա դիմաց Մուշկամբարյանների ընտանիքը որևէ փոխհատուցում չի ստանում, քանի որ տարածքն արդեն իսկ վարձակալված է։



Տարիներ շարունակ չկարողանալով որևէ արդյունքի հասնել՝ Անահիտ Մուշկամբարյանը դիմում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, նախագահ Հասան Ռոուհանիին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ 1-ին կաթողիկոսին և Թավրիզի Հայոց առաջնորդարանին, որպեսզի վերականգնվի արդարությունն ու իրենց ընտանիքը փոխհատուցում ստանա պապի ունեցվածքի և ներկայումս դրա շահագործման դիմաց։



Նա պատմում , որ Իրանում հայտնի գործարար թավրիզաբնակ Բաբա բեկ Մելիք Մուշկամբարյանի (1867-1930) մահվանից հետո նրա ընտանիքը Մուհամմադ Ռեզա Փահլավի շահի գահակալման տարիներին հալածանքների ենթարկվելու պատճառով 1946 թ․ Թավրիզից տեղափոխվել է Երևան։ Բաբա խանի կինը՝ Նարինգյուլ Մուշկամբարյանը, իր ժառանգներին մշտապես պատմել է Թավրիզ քաղաքում պապի կատարած խոշոր ներդրումների մասին։ Մասնավորապես՝ նրան են պատկանել Ատրպատական գավառում 29 գյուղեր, բացի այդ նա հիմնել է գյուղփոխբանկը, դպրոց, մանկապարտեզ, եկեղեցիներ, խանութներ և բազմաթիվ այլ հասարակական շենք-շինություններ։ Մահից առաջ (1969 թ․) Նարինգյուլ տատիկը թոռներին պատգամել է, որ․ « Էսպես չի մնա, ճանապարհները ի վերջո կբացվեն և դուք կգնաք ձեր պապիկի շիրիմին խունկ ծխելու, որը գտնվում է Ատրպատական նախահանգի Կարաթորփախ գյուղի եկեղեցու բակում»։



Ի վերջո հենց այդպես էլ լինում է։ Սկզբում Իսլամական հեղափոխության արդյունքում տապալվում է շահի իշխանությունը, այնուհետև փլուզվում է Խորհրդային Միությունը։ Բաբա խանի ժառանգները վերջապես Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու հնարավորություն են ստանում։ Անահիտ Մուշկամբարյանը արդեն հինգ անգամ եղել է Իրանում, դիմել է Հայ Առաքելական եկեղեցու Թավրիզի առաջնորդարանին, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատանը, նույնիսկ իրավաբանական օգնության համար փաստաբաններ է վարձել, բայց հարցը մնացել է առկախված։ Նրա խոսքով թավրիզցի իրավաբան Սաբեր Ջաֆարի Թաբանին և Մեջլիսի իրավաբան Խալիլ Բահրամեանին իրենից հսկայական գումար են վերցրել ու խաբել, քանի որ հարցին որևէ լուծում չեն տվել։ Բացի այդ անարձագանք են մնացել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը ուղղված դիմումները։ Թավրիզի առաջնորդարանում կնոջ դիմումներին ի պատասխան ասել են․ «Դուք Երևանի տաքուկ անկյուններում նստած եք, իսկ հիմա եկել ու մեր ունեցվածքին եք ուզում տեր դառնալ»։



Նշենք, որ Թավրիզի առաջնորդարանը գտնվում է Անթիլիասի կաթողիկոսության ենթակայության տակ, այսինքն՝ ունեցվածքի ապօրինի առք ու վաճառքի համար պատասխանատու է նաև Արամ 1-ին կաթողիկոսը։



Այժմ Անահիտ Մուշկամբարյանը հույս է հայտնում, որ միայն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի միջամտությամբ արդարադատությունը կարող է վերականգնվել և իրենց ընտանիքն ի վերջո կստանա օրենքով իրենց համար նախատեսված փոխհատուցումը։ Ընտանիքը պատրաստվում է դատի տալ Թավրիզի առաջնորդարանին իրեն չպատականող գույքը ապօրինաբար տնօրինելու և առք ու վաճառք իրականացնելու համար։