Միշտ հարսնացուն հյուսիսից է եղել, փեսացուն է հարավից եղել

Միշտ հարսնացուն հյուսիսից է եղել, փեսացուն է հարավից եղել
Երեկ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը Կարինե Աճեմյանին մեղադրում էր ժողովրդի վիճակից «խաբար չլինելու» մեջ։ «Դու գիտե՞ս ինչ վիճակում է ժողովուրդը, մի երկու լորդի հետ ես խոսել, գիտես, թե սաղ էդպես են»,- վրդովվել է Ցոլակյանը։ Նիստից հետո մի քանի հարց տվեցինք **Ֆելիքս** **Ցոլակյանին**։



**-Պարոն Ցոլակյան, ի՞նչ վիճակում է ժողովուրդը, որի մասին Ձեր կուսակից ընկերը տեղյակ չէ**։



-Լավ վիճակում է, ջղայնացած եմ եղել, մի բան ասել եմ։



**-Բայց Դուք խոստովանեցիք, որ ժողովուրդը լավ վիճակում չէ**։



-Լավ, անցնենք, դե ջղայնացած եմ եղել…



**-Այսուհետ լուսավորելո՞ւ եք Ձեր կուսակիցներին, թե ժողովուրդն ինչ վիճակում է**…



-Էէէէ, ժողովրդի վիճակի մասին՝ չէ։ Ուղղակի պիտի մարդկանց հետ շատ շփվել, որ հասկանաս իրական պատկերը։



**-Տիկին Աճեմյանն ահագին նամակագրության մեջ է եղել**։



-Չէ, չեղավ, այդպես չի կարելի, ու դա վերջնական պատկերը չէ, խորությամբ իմանալու համար պետք է տարբեր շերտերի հետ շփվել։ Ես շատ մարդկանց հետ եմ շփվում ու վերջում ինձ համար կարծիք կազմում, մեկ-երկուսի հետ խոսելով չէ, է։ Համ էլ Ձեզ չի՞ հուզում, թե Ռուսաստանում ինչի՞ են էդ մարդ-կնգա հարցը բարձրացնում, այ, էդ է հիմա կարեւոր։



**-Նկատի ունեք ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման առիթով բարձրացած հակահայ հիստերիա՞ն**։



-Այո։



**-Դա Ձեզ, իշխանություններին մեծ հաշվով պետք է հուզի-հետաքրքրի**։



-Դե, ես էլ ասում եմ՝ միշտ հարսնացուն հյուսիսից է եղել, փեսացուն է հարավից եղել։ Գնացեք՝ ըտենց էլ գրեք։



**-Իսկ հնարավո՞ր է այդ հիստերիան հայտարարությունների մակարդակով չսահմանափակվի, 1 միլիոնից ավելի հայ կա Ռուսաստանում, նրանց նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկեն**։



-Չէ, չեմ կարծում։ Լոկալ բաներ հնարավոր են, որ ինչ-որ մի հիմար հիմարություն անի, ինչպես որ էսօր են հիմար մարդիկ հիմարություն դուրս տալիս։ Էդպիսի մարդկանց ծալը պակաս ասեմ, ինչ ասեմ, ինչ էլ ասեմ՝ կսազի։ Ես շատ լուրջ էլ չեմ վերաբերվի այդ մարդկանց, լուրջ մարդիկ նման բան չեն անի։



**-Ուզում եք ասել, որ դա պաշտոնական Ռուսաստանի կարծի՞քը չէ, որն արտացոլվում է հաղորդավարների միջոցով**։



-Չէ, հաստատ՝ չէ։



**-Ռուսաստանի պես կայսրությունը, որտեղ հեռուստատեսություններն էլ իշխանության այս կամ այն անհատի ռեսուրսների ներքո են աշխատում**։



-Ընդամենը հավաքվել են մարդիկ ու իրանց կարծիքները ներկայացրել, ես էլ տգեղ կարծիքներ հայտնողներին հիշեցնում եմ՝ հարսնացուն հյուսիսից է եղել, փեսացուն՝ մեր մոտից։ Ինչ է, մեզ մոտ չե՞ն խոսում էդ մասին։



**-Իսկ գուցե մեր փեսացուն շատ խեղճ է, ենթարկվում է կնոջ ճնշումներին, դրա համար էլ կնոջ տեղ են դրել, այն էլ՝ անբարո**։



-Երբեք մերոնք թշվառ չեն, թող իրանք իրանց տղամարդու տեղ չդնեն։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**