Որտե՞ղ հանգստանալ Ամանորին․ Ծաղկաձորից էժան է Վրաստանում եւ Եգիպտոսում հանգիստը

Որտե՞ղ հանգստանալ Ամանորին․ Ծաղկաձորից էժան է Վրաստանում եւ Եգիպտոսում հանգիստը
Մեկ ամսից Ամանոր է, եւ եթե մեր համաքաղաքացիների մի մասը խանութներում չիր, չարազի գներն է համեմատում, որոշում՝ երբ, ինչպես գնումներ կատարել, ապա մի ստվար հատված էլ ուսումնասիրում է տուրփաթեթները կամ գուցե արդեն ամրագրել է հանգստի իր ուղեգիրը։ Մեր հարցախույզը տուրիստական գործակալությունների շրջանում ցույց է տալիս, որ այս տարի, նախորդ տարիների նման, ամենապահանջված ուղղությունը դարձյալ Վրաստանն է։ Հանգիստը արտերկրում «Գրին Վեյ» տուրիստական կազմակերպությունից մեզ տեղեկացրին, որ Հայաստանից դուրս հանգստանալ ցանկացողները հիմնականում մեկնում են Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, որոշ եվրոպական երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա։ Ամանորին դեպի Եգիպտոս փաթեթը մեկ անձի համար կարժենա 900-ից 1100 դոլլար։



Իսկ եվրոպական երկրներ փաթեթները սկսվում են 900 եվրոյից։Սակայն ամենատարածված ուղղությունը մնում է Վրաստանը, որտեղ հանգստանալը ավելի մատչելի է լինում՝ սկսում է 260 դոլլարից։



«Անես Տուր» տուրիստական ընկերությունից եւս հայտնեցին, որ նախընտրելի ուղղությունները Եգիպտոսն ու Վրաստանն են։ Եգիպտոսում, եթե հյուրանոցը չորսաստղանի է, ապա 2 անձի համար փաթեթը կարժենա մոտ 4 հազար դոլլար, իսկ Վրաստանում, ըստ մատուցվող ծառայությունների որակի, տարբեր գներ են։ «Հայք Տուր» տուրիստական կազմակերպությունից մեզ տեղեկացրին, որ իրենց դիմած քաղաքացիները մեծ ցանկություն ունեն հանգստանալ Հայաստանում, սակայն հյուրանոցներում աստղաբաշխական գներ են, իսկ մարդիկ չունեն այդ հնարավորությունները։ Դրա համար քաղաքացիները ավելի հարմար տարբերակներ են փնտրում, ուղևորվում են արևելք՝ Եգիպտոս՝ Շարմ էլ Շեյխ, իսկ ամենապահանջվածը, բնականաբար, Վրաստանն է, քանի որ այնտեղ ավելի էժան է։ «Հայք Տուր» -ի աշխատակցի պնդմամբ՝ իրենք ավելի շատ նախընտրում են գովազդել հայաստանյան հանգստավայրերը, որոնք, սակայն, թանկ են։ Վրաստանում Ամանորին հնգօրյա փաթեթը սկսվում է 80 հազար դրամից, որը ներառում է նախաճաշ, ամանորյա տոնակատարությունները և այլն։



«Պրեստիժ Տուր» կազմակերպությունից նույնպես հաստատեցին, որ մեր հայրենակիցները հիմնականում նախընտրում են այն ուղղությունները, որոնք ավելի էժան են։ Վրաստանում 3 օրյա հանգիստը, ըստ « Պրեստիժ Տուր»-ի, կազմում է միջինը 100 հազար դրամ, իսկ դեպի Եգիպտոս փաթեթները 7 օրից պակաս չեն լինում և արժեն 7-8 հարյուր դոլլար։ Փաթեթները ներառում են հյուրանոց, սնունդ, և թռիչք։ Հանգիստը Հայաստանում «Գրին Վեյ» տուրօպերատորի տեղեկացմամբ՝ Հայաստանում Ամանորյա հանգստավայրերից առաջատարը Ծաղկաձորն է, հետո Աղվերանը, Ջերմուկը։ Գները կախված են հյուրանոցների որակից ելնելով։ 2 անձի համար դեպի Ծաղկաձոր ամենամատչելի առաջարկը սկսվում է 194 հազար դրամից։ «Անես Տուր»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում ամենապահանջված ուղղություններն են Ծաղկաձորն ու Դիլիջանը։ Դիլիջանում հանգիստը սկսվում է 85 հազար դրամից և հասնում մինչև 800-900 հազար դրամ։ Փաթեթները գործում են դեկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը , ներառում են հյուրանոց և նախաճաշ։ Ծաղկաձորում միջին գներ են՝ սկսած 160 հազար դրամից՝ ներառյալ հյուրանոցն ու երեքանգամյա սնունդ։ «Հայք Տուր» տուրօպերատորի պնդմամբ՝ Հայաստանում ամենաէժան տարբերակը Դիլիջանի «Դղյակ» հյուրանոցն է, որտեղ հանգիստը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը կազմում է 95 հազար դրամ՝ ներառյալ ամանորյա տոնական ընթրիքը, երեխաների համար միջոցառումները։



Իսկ Ծաղկաձորի մասին «Հայք Տուր» տուրիստական կազմակերպության աշխատակիցը առաջարկեց ընդհանրապես չխոսել, քանի որ, իր պնդմամբ, այնտեղ աստղաբաշխական թվեր են։ «Կեչառիս» հյուրանոցում դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը կազմում է 600 հազար դրամ, իսկ « Ալբինա» հյուրանոցում՝ 1 մլն 200 հազար դրամ՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը։ Նման գների գլխավոր պատճառը, ըստ աշխատակցի, ամանորյա հանդիսություններն ու միջոցառումներն են, բացի դրանից, հյուրանոցներում կան սպակենտրոններ և սպորտսրահներ։ «Պրեստիժ Տուր»- պնդմամբ՝ 100 հազար դրամով կարելի է 3 օր հանգստանալ Ծաղկաձորում՝ երեքաստղանի հյուրանոցում, երեքանգամյա սնունդով։ Դիլիջանում նույնպես կան նման տեղեր, որտեղ կարող են 100 հազար դրամով հանգստանալ։ «Պրեստիժ Տուր» տուրիստական կազմակերպության աշխատակցի կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են Վրաստանը ոչ թե մատչելիության համար, այլ զուտ փոփոխությունների համար։



**Կորյուն Սիմոնյան**