Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ավելի կոշտ արտահայտվել

Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ավելի կոշտ արտահայտվել
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ռուսական ալիքներում բարձրացված հիստերիան հասել է գագաթնակետին։ Մինչ համաձայնագրի ստորագրումը ռուսական «Զվեզդան» էր հակահայկական թողարկում պատրաստել՝ խոսելով ՀՀԿ-ի ֆաշիստական հակումների մասին, նախօրեին էլ «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» թողարկումն էր ամբողջությամբ նվիրված Հայաստանին: Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վելուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ, Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործում մեկը մյուսին հերթ չէին տալիս՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որակելով Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դավաճանական քայլ: Իսկ Հայաստանը համեմատում էին ամուսնացած անառակ կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ: Հիշեցնենք, որ «Զվեզդայի» հաղորդումից եւ ՀՀԿ խոսնակի արձագանքից հետո հայտարարվեց, թե հեռուստաընկերության տնօրինությունը Հայաստանից ներողություն է խնդրել, թեեւ այդ տեքստի բնօրինակն այդպես էլ չհրապարակվեց: Ռուսաստանի խանդի տեսարանները շարունակվեցին, հնարավոր է, որ մեր ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքը խանդի նոպաներից բացի այլ դրսեւորումներ էլ ստանա, ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը՝ թույլ չտալով նման վիրավորանք մեր պետության հասցեին։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր **Վանիկ Ասատրյանը**, լսելով Հայաստանին «անառակ կնոջ» հետ համեմատելու արտահայտությունը, սաստեց․ «Չի կարելի նման բան ասել, մի կրկնեք»։ Ապա շփոթահար ասաց․ «Եթե մեկը նման բան է ասել, ուրեմն պատասխան կտա, միգուցե Դուք ճիշտ չեք ասում, որ էդպես է ասել…»։ Վանիկ Ասատրյանի համար ընդունելի չէ Ռուսաստանի նկատմամբ բողոքի նոտա հայտնելու ճանապարհը․ «Դա քաղաքական հարց է, կառավարությունը կզբաղվի՝ կիմանանք»։ Պատգամավորը վստահ է, որ դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չէ։ «Չլսեցի՞ք՝ «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչն այստեղ էր անցած շաբաթ ու նախորդ եթերի համար ասաց, որ մենք այդպես չենք մտածում»։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ **Գեւորգ Պետրոսյանն** էլ կարծում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, քանի որ նման հայտարարությունը չի արվել «փողոցային խուժանի» մակարդակով, որը կարելի լիներ անտեսել։ Պետրոսյանը չի բացառում, որ ռուսները Հայաստանի դեմ քայլերում կարող են օգտագործել նաեւ իրենց երկրում ապրող հայերին:



ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն էլ ասում է, թե մինչ այդ հայտարարությունը հարգել է վիրավորական արտահայտության հեղինակ Նիկոլայ Ստարիկովին, բայց հիմա չի կարող հարգել․ «Ցավոք սրտի, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ավելի կոշտ բառերով արտահայտվել, բայց կարող եմ ասել, որ առնվազն անբարոյականություն է այնպիսի պետության հասցեին նման վիրավորանք հասցնելը, ինչպես Հայաստանն է»։ Կարապետյանը, վստահ լինելով, որ դա պետական դիրքորոշում չէ, այլ հեղինակն ընդամենը իր «հիմար» կարծիքն է հայտնել, այդուհանդերձ համոզված է, որ պետք է պատասխան պահանջել Ռուսաստանից․ «Ռուսաստանը, որպես իմպերիա, իհարկե, կարող է որոշ չափով խանդել մեզ, բայց Ստարիկովի ասածը չեմ էլ կարծում, որ պետական դիրքորոշում է։ Ամեն դեպքում՝ յուրաքանչյուր հայտարարություն, որն այսպես անբարոյական վերաբերմունք է դրսեւորում իր մեջ, պետք է մեր ԱԳՆ-ի կողմից անարձագանք չմնա»։



ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էլ հորդորում է հանգիստ վերաբերվել այդ հիստերիային, ասում է, որ Հայաստանն էլ կարող էր իր հեռուստաընկերություններով համարժեք արձագանք տալ, բայց դրա կարիքը չկա: Լավագույն պատասխանը, Աճեմյանի կարծիքով, Եվրամիության հետ կնքված համաձայնագրի իրականացումը պետք է լինի: «Անկեղծ ասած՝ ոչ թե վիրավորված եմ զգում, այլ կարծում եմ՝ իրենք են ինչ-որ տեղ վիրավորված երեւի թե, եթե այդպես են իրենց պահում: Համաձայնագիրն արդեն ստորագրված է, ամեն ինչ արված է, եւ մենք այդ ճանապարհով գնալու ենք: Իրենք պետք է հարմարվեն այդ մտքի հետ»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**