Ժամանակ եւ ջանքեր

Ժամանակ եւ ջանքեր
Տարիներ տեւած տվայտանքներից ու վայրիվերումներից հետո Հայաստանը վերջապես ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Անշուշտ, բոլորը գիտակցում են, որ ո՛չ 2013-ի սեպտեմբերի 3-ի անսպասելի որոշումը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին, ո՛չ 2017-ի նոյեմբերի 24-ի ստորագրումը մեր կյանքում չէին կարող եւ չեն էլ կարող կայծակնային փոփոխություններ ապահովել։ Սա ավելի շուտ քաղաքակրթական կողմնորոշման դրսեւորում է, արժեքային համակարգի ընտրություն։



Մեր ազատության եւ ինքնիշխանության ապահովմանն ու ամրագրմանն ուղղված քայլ։ Եվ պատահական չէր, որ մեր հասարակության մի լայն շերտ անհամբերությամբ սպասում էր այս օրվան, վախենում, որ փաստաթուղթն այս անգամ էլ չի ստորագրվելու, եւ ուրախանում, որ, չնայած բազում խոչընդոտներին ու Ռուսաստանի ակնհայտ դժգոհությանը, այն ստորագրվեց։ Արձանագրենք, որ համաձայնագիրը նախեւառաջ ուղղված է ՀՀ տնտեսական դաշտը Եվրամիության օրենսդրության պահանջներին եւ չափանիշներին մոտեցնելուն` թե՛ հարկային եւ մաքսային, թե՛ վիճակագրական, ֆինանսական եւ մյուս հարթություններում եւ թե՛ տնտեսության ու ենթակառուցվածքների առանձին ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, թվային հաղորդակցությունը, մտավոր սեփականությունը, գյուղատնտեսությունը, մարդու իրավունքները եւ այլն:



Սակայն ինքը՝ Եվրոպան էլ է գիտակցում, որ Հայաստանում սրընթաց փոփոխություններ արձանագրել չի հաջողվի, ինչպես չհաջողվեց ամրագրել տարիներ առաջ Ասոցացման համաձայնագրեր կնքած հետխորհրդային մյուս երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում։ Դա է պատճառը, որ այժմ Եվրոպան տարբերակված մոտեցում է դրսեւորում իր դռները բախող պետությունների նկատմամբ եւ համբերատար է արդյունքների ակնկալիքների առումով։



**Արմինե Օհանյան**