Կարելի էր գտնել լուծում, որն իրենից սալաթ չի ներկայացնում․ մրցույթից դուրս մնացած դիզայներ

Կարելի էր գտնել լուծում, որն իրենից սալաթ չի ներկայացնում․ մրցույթից դուրս մնացած դիզայներ
Հուլիսի 13-ին ԿԲ-ն բաց մրցույթ հայտարարեց 3-րդ սերնդի թղթադրամների ընտրության նպատակով։ Երեկ արդեն հրապարակվեց ԿԲ խորհրդի կողմից հաստատված 2018-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների հաղթող էսքիզները, իսկ շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:



Հրապարակումից անմիջապես հետո ֆեյսբուքահայությունը սրտնեղեց․ «Ամենաշրջանառվող 1000 դրամանոցը ֆիքսել դարդի ու սգի վրա՝ առավել դարդոտ միտք ա», «Նոր թղթադրամները ոնց որ Երևանի տոնական զարդարանքով զբաղվող դիզայներն արած լինի», «Նոր դրամները նենց գեշ ա, որ մտածում ես դրանց համար պիտի աշխատես, աշխատելդ չի գալիս»։



Մեկնաբանություններից, զվարճալի լուսանկարներից բացի մրցույթին մասնակցող դիզայներներից ոմանք հրապարակեցին թղթադրամների իրենց տարբերակները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին անցել մրցութային առաջին փուլը։ Նրանցից **Վահան Բալասանյանի** աշխատանքը երեկ ամենից շատ քննարկվեց՝ բավական դրական արձագանք գտնելով սոցցանցերում։ Մենք զրուցեցինք Վահանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ պատճառաբանությամբ են իր աշխատանքը մերժել և արդյոք հաղթած էսքիզները մասնագիտական առումով իրեն բավարարո՞ւմ են։ «Կենտրոնական բանկից տեղյակ պահեցին, որ մրցույթից դուրս եմ մնացել։ Հիմա պատճառները չգիտեմ, գուցե ինչ-որ թուղթ սխալ եմ ներկայացրել, չգիտեմ։ Բայց, ամեն դեպքում, ինձ թվում է՝ եթե էդպես լիներ, ինչ-որ թղթաբանական վրիպում լիներ, երևի կասեին։ Ես չեմ կարող որևէ բան մեկնաբանել, քանի որ տեղյակ չեմ, ինձ չեն ասել»,-նշեց գրաֆիկ դիզայները։



Մեր հարցին, թե հաղթող էսքիզների վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունի որպես մասնագետ, պատասխանեց, որ դիզայնը շատ սուբյեկտիվ ընկալման վրա է հիմնված․ «Էն մարդկանց, որոնց դա դուր ա եկել, դժվար է համոզել, որ սխալ ա, քանի որ իր դուրը եկել ա։ Սկսած կոմպոզիցիայից, վերջացրած տրամաբանությամբ, ասենք՝ մի թղթադրամի վրա մի մարդու նկարը կրկնելը, եթե չեմ սխալվում, Սևակի թղթադրամի վրա 4 անգամ կրկնվում ա նկարը։ Ինչ նպատակ ունի 4 անգամ մարդու դեմքը կրկնել։ Ոչ մի տրամաբանական բան չկա։ Գումարած, որ ինքը ոչ թե կոմպոզիցիոն կառուցվածք ունի, այլ՝ կոլաժային, որը ամենաթույլ լուծումն ա էս դեպքում։ Երբ խոսքը բարդ օբյեկտի մասին ա, ոնց որ փողն ա, ամեն դեպքում կարելի էր գտնել լուծում, որը իրենից սալաթ չի ներկայացնում։ Հիմա էդ թղթադրամներին որ նայում ես, ոնց որ թվարկել են օբյեկտները, որոնք ասել են, որ պետք ա լինեն թղթադրամի վրա, իրենք ուղղակի հավաքել են։ Նայում ես, ոչ գլխավոր ֆիգուրա ես տեսնում, կարմիրով կանաչի վրա»։



Դիզայներ **Աիդա Ղազարյանն** էլ ակտիվորեն հետևում է ֆեյսբուքյան մեկնաբանություններին։ Նա կարծում է, որ թղթադրամների «վերաթարմացումը» բավական լավ նախաձեռնություն է, սակայն դիզայները այս հարցի հետ կապված որոշ մտահոգություններ ունի․«Թիրախային խումբ հասկացություն կա։ Եթե նման բան են ուզում անել ու դրա միջոցով ցանկություն կա տուրիստներին և ինչու չէ տեղի բնակչությանը ավելի շատ իրազեկել և ծանոթացնել հայ մեծերի հետ, ըստ իս՝ պետք է ավելի թեթև լուծում տալ՝ օգտագործելով նույն գաղափարը, որպեսզի չծանրաբեռնվի դիզայնը»։



Ի տարբերություն վերոնշյալ կարծիքների՝ դիզայներ **Սևակ Հարությունյանը** գտնում է, որ հաղթող էսքիզները բավական տրամաբանական են ու ճաշակով․ «Մեր ազգը սովորություն ունի ամեն ինչ քննադատելու։ Բավական հաջողված թղթադրամներ են՝ թե գունային առումով, թե պատկերների։ Ճիշտ է, որոշակի շտկումներ պետք են ու վերջնական տեսքի բերելու ժամանակ կշտկվեն։ Աշխարհի տարբեր երկրների գումարները նայեք, տեսեք՝ ինչ վուլգար են, տարբեր կենդանիներով, դիմապատկերներով։ Սրանք մեր գրողներն են, մեր արվեստագետները, մեր մեծերը։ Ինձ դուր են եկել աշխատանքները»։



Լուսանկարները՝ Վահան Բալասանյանի։