Օտարերկրյա համարանիշներով մեքենաները մինչև տարվա վերջ էլ խախտում կանեն , հետո կսկսեն տուգանվել

Օտարերկրյա համարանիշներով մեքենաները մինչև տարվա վերջ էլ խախտում կանեն , հետո կսկսեն տուգանվել
Օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների օրինախախտ էպոխան շուտով կավարտվի։ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ մինչև տարվա վերջ իրենք միջոցներ են ձեռնարկելու, որպեսզի Հայաստանում օրենք խախտած այն վարորդները, որոնց մեքենաներն ունեն այլ պետության հաշվառում, սահմանը հատելիս անպայման տուգանքը մուծեն, նոր անցնեն։



«Ես վերջերս այցելել էի հանրապետության սահմանակետեր: Այնտեղ ուսումնասիրություն ենք իրականացրել և մենք մինչև տարվա վերջ բոլոր քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ արտասահմանյան հաշվառման համարանիշով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն: Իրավախախտ վարորդները սահմանակետերում կիրազեկվեն իրենց կատարած խախտման մասին, նրանք կստորագրեն, որ ծանուցվել են և ելքի կամ մուտքի պահին կվճարեն տուգանքը»,-ասաց Կարապետյանը:



Հիշեցնենք, որ բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ ռուսական ու վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներն անարգել խախտումներ են անում ու դրանց համար չեն տուգանվում, քանի որ տեսանկարահանող սարքերը չեն կարողանում ֆիքսել կամ էլ, նրանց ֆիքսածը ՃՈ-ն չի կարողանում իդենտիֆիկացնել և համապատասխան տուգանքի ակտն ուղարկել տիրոջ հասցեով։ Հիմա, փաստորեն, ՃՈ-ում տեխնիկական ու ծրագրային միջոցներ են ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի իդենտիֆիկացնել խախտում կատարած ավտոմեքենան ու դրա տիրոջն ու սահմանային անցակետում պարտադրել օրինախախտ վարորդին մուծել իր տուգանքները։



Բայց մի խնդիր էլ կա․ հնարավոր է՝ օտարերկրյա համարանիշներով մեքենա վարող քաղաքացին գալիս է Հայաստան ու այլևս չի լքում երկիրը, ստացվում է՝ նա կտուգանվի, բայց, քանի որ երկիրը չի լքելու, այդպես էլ տուգանքները չի մուծի։ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ընդունեց, որ կա նման ռիսկ․ «Սակայն ձեռնարկված վարչարարական և տեխնիկական միջոցներով հնարավորինս հասցվում է նվազագույնի, որպեսզի ցանկացած իրավախախտող պատասխանատվության ենթարկվի և վճարի տուգանքը։ Իսկ եթե ելքի պահին չի վճարվում տուգանքը, ապա, վարչական ակտի հասցեատիրոջը Հայաստան մուտքի վիզա չի տրվում»։



Նա նաև նշեց, որ նախկինում խախտում կատարածներին սա չի վերաբերում, այն կգործի այն ժամանակվանից, երբ իրենք կիրազեկեն քաղաքացիներին, որ այսուհետ տուգանքները մուծելու են սահմանին։ Նկատենք, որ հիմա ոչ միայն օտարերկրյա, այլ հենց ՀՀ քաղաքացներն են նախընտրում հիմնականում ռուսական պետամարանիշներով մեքենաներ վարել, քանի որ դրանք չեն տուգանվում։ Նրանց մեջ քիչ չեն նախկին ու ներկա պատգամավորներն ու տարբեր տրամաչափի չինովնիկները, ինչպես նաև քրեական հեղինակությունները։



Իսկ մինչ ՃՈ-ն կյանքի կկոչի իր այս նախաձեռնությունը, օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների վարորդները կարող են, սովորության համաձայն, անարգել խախտում կատարել, «նկարվել» ու արագություն գերազանցել։ Նրանց կատարած խախտումները կարող է ֆիքսել ու տուգանել միայն ՃՈ տեսուչը, այն էլ, եթե տեսնի ու ցանկանա։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**