Շահադիտական իմաստով քննադատություններին մենք չենք արձագանքում

Շահադիտական իմաստով քննադատություններին մենք չենք արձագանքում
«Մենք որեւէ քաղաքական ուժի ներքին գործերին չենք խառնվում, դա իրենց դիրքորոշումն է, ընդդիմադիր կեցվածք է, եւ, ընդհանուր առմամբ, թե ինչու են ակտիվ, բա երկրի ամենագլխավոր օրենքն է քննարկվում՝ բյուջեն, եւ բյուջեի ժամանակ ընդդիմադիրները պետք է իրենց կեցվածքը դրսեւորեն։ Այլ խնդիր է՝ որքանով է օբյեկտիվ»։ Այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ նրան հարց ուղղեցինք «Ծառուկյան դաշինքի» կողմից վարչապետի եւ կառավարության դեմ ուղղված քննադատությունների մասին։ Նա համաձայն չէ, թե իրենք չեն պաշտպանել իրենց կառավարությանն այդ հարձակումներից՝ 8 ելույթ ընդդիմությունից է եղել բյուջեի քննարկման ժամանակ, 8-ը՝ ՀՀԿ-ից։



-**Դուք բյուջե՞ն եք պաշտպանել, թե՞ կառավարությանն ու վարչապետին**։



-Բնականաբար, բյուջե ներկայացրել է կառավարությունը, իսկ կառավարությունը միայնակ չէ, դա թիմային բյուջե է, որը մենք ներկայացրել ենք թիմով, եթե մենք պաշտպանողական չլինեինք մեր կառավարությանը, մենք կասեինք, որ իշխանությունը կապ չունի, դա միայն կառավարությունն է։



-**Պարզապես հարձակումներն անձամբ վարչապետի դեմ էին ուղղված, իսկ դուք վարչապետին չպաշտպանեցիք**։



-Մենք վարչապետին պաշտպանել ենք, որովհետեւ այն, ինչ ասվում է նրա մասին, վարչապետը դեռ 15-20 տարի առաջ զբաղվել է բիզնեսով եւ բավականին հաջողված բիզնեսմեն է եղել, բավականին պահանջված մենեջեր, եւ ինձ թվում է, որ ինչ քննադատություններ որ լինում են այդ անձի նկատմամբ, դրանք հիմքեր չունեն։



-**Իսկ Ձեզ պա՞րզ է, թե ԲՀԿ-ն ինչին է ընդդիմադիր**։



-Էդ իրենց պետք է հարցնեք։ Իրենք հռչակել են իրենց որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, պետք է պահեն իրենց ընդդիմադիր կեցվածքը, բայց մենք հայտարարել ենք, որ մենք օբյեկտիվ քննադատությունների հետ հաշվի ենք նստում, մենք ցանկացած իրատեսական քննադատություն պատրաստ ենք քննարկելու, բայց պոպուլիզմի հետ կապված, շահադիտական իմաստով կապված քննադատություններ եթե լինում են, մենք դրան չենք արձագանքում։



-**Վերջին քննադատությունները վարչապետին, կառավարությանը, օբյեկտի՞վ էին**։



-Ես արդեն նշել եմ, որ դրանք սուբյեկտիվ էին, որովհետեւ ես դրանց մեջ հիմքեր չեմ տեսնում, հետագա աշխատանքների արդյունքում Դուք կտեսնեք, որ դրանք սուբյեկտիվ էին։



-**Մամուլում արդեն շրջանառվում է, որ 2018-ի ապրիլից հետո հնարավոր է կոալիցիա կազմեք նաեւ ԲՀԿ-ի հետ**։



-Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց մենք նմանատիպ քննարկումներ չենք ունեցել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**