«Կոնվերս բանկի» կողոպուտից հետո կառավարիչը հոգեբանական խնդիրներ ունի

«Կոնվերս բանկի» կողոպուտից հետո կառավարիչը հոգեբանական խնդիրներ ունի
Հոկտեմբերի 9-ին «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղից կողոպտել էին 200 հազար ԱՄՆ դոլար։ Դրանից հետո բանկի կառավարիչը, ում նկատմամբ բռնություն էր կիրառվել կողոպուտի ժամանակ, ժամանակավոր դադարեցրել էր իր աշխատանքը բանկում՝ քննչական գործողությունների մասնակցելու համար։



«Կոնվերս բանկից» մեզ հայտնեցին, որ այժմ նախկին կառավարիչը նույն բանկում զբաղվում է այլ աշխատանքով․ «Նա հիմա աշխատում է բանկի մասնաճյուղերի կառավարման ստորաբաժանումում ու կանոնակարգում է մի քանի մասնաճյուղերի, այդ թվում՝ Սայաթ-Նովա մասնաճյուղի աշխատանքը։ Օրվա կեսը անց է կացնում մեր մասնաճյուղում, օրվա մյուս կեսը՝ ստորաբաժանումում։ Ինքը խնդրել է, որ դեռեւս հոգեբանորեն պատրաստ չի գնալ այդ մասնաճյուղում աշխատելու»։



«Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղի հափշտակության գործով ավազկային հարձակում կատարելու կասկածանքով Աշտարակի բնակիչ 29-ամյա Պյոտր Ցիգանկովին իրավապահ մարմինները շարունակում են որոնել։ Գործով կալանավորվել է 29-ամյա Դավիթ Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Գրիգորյանը, 34 ամյա Մարատ Գալստյանը եւ Աշոտ Մանուկյանը։



Մարատ Գալստյանի փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը դիրքորոշում է հայտնել, թե գործի հետ առնչություն չունի եւ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։



Այս պահի դրությամբ առերեսում Մարատ Գալստյանի եւ մյուս կալանավորվածների միջեւ տեղի չի ունեցել։ Գալստյանի բնակարանը խուզարկելուց իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են խաղալիք զենք․ «Մարատ Գալստյանի բնակարանից որեւէ անօրինական իր չեն հանդիպել։ Իսկ տեսսանյութում ներկայացվածը հրազեն չէր, այլ երեխայի պլաստմասե խաղալիքն է»։



Միհրան Պողոսյանի խոսքով՝ իր տեղեկություններով՝ գողոնը դեռ չի հայտնաբերվել։



Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի կառավարչի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ մասնաճյուղում պայթյուն իրականացնելու սպառնալիքով, վերջինիցս պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական հաշվարկներով, հափշտակվել է տարբեր արժույթի մոտ 95.750.000 դրամին համարժեք (շուրջ 200 հազար դոլար) կանխիկ գումար:





Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակությունը, որը կատարվել էառանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) հատկանիշներով:



**Աննա Պապիկյան**