Ռուսաստանի երկրորդ նոր մայրաքաղաքը եւ Կովկասը

Ռուսաստանի երկրորդ նոր մայրաքաղաքը եւ Կովկասը
Սեւծովյան Սոչին ռուսական մամուլում արդեն իսկ սկսել են անվանել Պուտինի քաղաք: Հազիվ թե դա պատահական ձեւակերպում լինի` որեւէ լրագրողի կամ վերլուծաբանի ստեղծագործական մտքի արգասիք: Փաստերն ու թվերն էլ վկայում են այն մասին, որ երկրի առաջին դեմքի մասնակցությամբ հանդիպումների, միջազգային ֆորումների, ներիշխանական քննարկումների, անգամ աշխատանքային խորհրդակցությունների թվով Սոչին մի քանի անգամ գերազանցում է Սանկտ Պետերբուրգին: Կարծիքներ կան, որ Պուտինը պարզապես սիրում է Կրասնոդարի երկրամասի այդ հանգստավայր-քաղաքը, որի մոտ` «Бочаров Ручей» կոչվող տեղանքում է նրա կեցավայրը:



Բայց, արդյոք, զուտ Պուտինի անձնական ցանկություններո՞վ է Սոչին դարձել Ռուսաստանի նոր երկրորդ մայրաքաղաքը: Սոչին սիրում էին նաեւ Խորհրդային Միության ղեկավարները, բայց այն ժամանակ Սոչին այդպես էլ մնաց քաղաքական առումով ոչնչով աչքի չընկնող ծովափնյա հանգստավայր` խորհրդային բոլոր չափանիշների ու ստանդարտների գերակայությամբ: Սոչին այսօր դժվար է հետխորհրդային քաղաք անվանելը: Այնտեղ կատարված ներդրումների ծավալները եւ կազմակերպվող ամենաբարձր մակարդակի հանդիպումների ու միջազգային ֆորումների հաճախականությունը բոլորովին այլ բանի մասին են խոսում:



Ռուսաստանն առաջարկել է Սիրիայի ժողովուրդների կոնգրեսն անցկացնել Սոչիում: Հաջողության դեպքում դա կարող է դառնալ Պուտինի նախագահության երրորդ շրջանի կարեւորագույն իրադարձություններից մեկը: Սիրիայի քաղաքացիական պատերազմում, ոչ առանց Ռուսաստանի աջակցության, հաղթում է նրա դաշնակիցը, եւ այդ հաղթանակին պետք է հետեւի խնդրի վերջնական կարգավորումը: Բայց ինչո՞ւ չառաջարկել, որ 5 տարուց ավելի ողջ աշխարհը լարվածության մեջ պահած սիրիական խնդրի հանգուցալուծումը կայանա Մոսկվայում` ՌԴ մայրաքաղաքում: Առաջարկելով Սոչին` Պուտինը, արդյոք, չի՞ ցանկանում ընդգծել, որ Սոչին Ռուսաստանի` որպես գերտերության, արտաքին քաղաքականության մեկ ուղղությունն է` հարավայինը:



Gazeta.ru-ի վերլուծաբանը գրում է. «ՌԴ նախագահի եւ վարչապետի հայրենի քաղաք Սանկտ Պետերբուրգը, մայրաքաղաքը Մոսկվա տեղափոխելուց ի վեր, ավելի ու ավելի դժվար է այսօր անվերապահորեն երկրորդ մայրաքաղաք անվանելը: Մայրաքաղաքի կարգավիճակը ենթադրում է այնտեղ բարձրագույն իշխանության կրողի կանոնավոր ներկայություն, աշխատանքային խորհրդակցությունների, կարեւոր պետական եւ միջազգային միջոցառումների անցկացում: Բավական է նշել, որ միայն ընթացիկ տարվա անցած 10 ամիսների ընթացքում Կրեմլի մամլո ծառայությունը Սոչիում Պուտինի մասնակցությամբ միջոցառումների եւ հանդիպումների մասին 38 հայտարարություն է տվել»:



Հետաքրքիր է, որ 2011 թվականին վարչապետի պաշտոնում Պուտինը Սոչի է այցելել ընդամենը մեկ անգամ: Մինչդեռ 2012 թվականին նախագահի պաշտոնում Մեդվեդեւը Սոչիում 32 միջոցառման է մասնակցել: Դժվար է ասել, որ Սոչիի հանդեպ սերը Պուտինին Մեդվեդեւն է փոխանցել: Ավելի հավանական է, որ դեռ 2011 թվականից սկսած` առաջնահերթություններ են փոխվել Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ, ինչն էլ արտահայտվել է Սոչին «իշխանանիստ» քաղաք դարձնելով: Սա մյուս կողմից էլ նշանակում է, որ Մոսկվայում ավելի վաղ են հաշվարկել «արաբական գարունների», ապաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած ու դեռ շարունակվող գործընթացները, ինչու չէ՝ նաեւ Սեւ ծովում ի հայտ եկած նոր խնդիրներն ու Ուկրաինայի «խոտոր» ընթացքը:



Նոյեմբերի 13-ին պատրաստվում է Սոչի այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Դա կլինի նրա երկրորդ այցը Սոչի: Եթե մի հայացք նետենք այդ հանդիպումների օրակարգերին, ապա դժվար չի լինի տեսնել, որ Սոչիում երկու նախագահները քննարկել կամ պատրաստվում են քննարկել Ռուսաստանի համար հիմնականում հարավային ուղղության հետ կապված հարցեր: Էրդողանն արդեն իսկ հայտարարել է, որ Սոչիում քննարկելու է Ղարաբաղի խնդիրը (սա դեռ կտեսնենք): Նրանց նախորդ հանդիպման ժամանակ քննարկվել էր Ղրիմի թաթարների հարցը: Եթե չենք սխալվում, վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին էլ Պուտինն ընդունել է Սոչիում:



Նոյեմբերի 13-ին Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման շուրջ հետաքրքրությունն այսօր գեներացվում է Ադրբեջանի կողմից: Բաքուն շարունակում է թմբկահարել Թեհրանում Ռոուհանի-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ Պուտինի` իբր, Լեռնային Ղարաբաղի 5 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու 3 նախապայմանները (Ադրբեջանի անդամակցություն ԵԱՏՄ-ին, անդամակցություն ՀԱՊԿ-ին եւ ռուսական զորքի տեղակայում շփման գծում): Այդկերպ Ալիեւը, հավանաբար, փորձում է Պուտին-Էրդողան հանդիպումը ներկայացնել որպես Թեհրանի հանդիպման շարունակություն, սակայն հազիվ թե Արեւմուտքում նույնքան վստահ են, որ Սոչիում Պուտինն ու Էրդողանը քննարկելու են Ղարաբաղի հարցը: Պուտինն այն մակարդակի քաղաքական առաջնորդը չէ, որ Ղարաբաղի հարցը քննարկման առարկա դարձնի այդ հակամարտության հետ որեւէ առնչություն չունեցող, բայց դրանից շահ ակնկալող երկրի ղեկավարի հետ: Երբ Էրդողանը հայտարարում է, որ Սոչի է գնում Ղարաբաղի հարցը քննարկելու համար, դա դեռեւս չի նշանակում, որ Ղարաբաղի հարցն է դառնալու բանակցության առանցքը: Գուցե խոսքի մեջ նույնիսկ հիշատակեն Ղարաբաղը, բայց հստակ է, որ Էրդողանը Սոչի է մեկնում Թուրքիային հուզող ավելի կարեւոր հարցերով, այդ թվում եւ՝ Սիրիայի խնդրի վերջնական կարգավորման:



Ներիշխանական թոհուբոհի մեջ իր օրն անցկացնող Հայաստանը, ցանկության դեպքում, կարող էր հիասթափեցնել Բաքվին`ոչ թե հերքելով նրա մտացածին նախապայմանները, այլ մի գեղեցիկ հայտարարություն անելով Էրդողանի Սոչի գնալու «բուն շարժառիթի» մասին: Կարելի էր հայտարարել, օրինակ, որ մեր դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ Պուտինն ու Էրդողանը Սոչիում քննարկելու են թուրքական լոլիկն անարգել ռուսական շուկա մտցնելու հարցը: Այս հայտարարությունը, անշուշտ, կսթափեցներ նաեւ Սոչիում արմատներ նետող Պուտինին` հերթական անգամ ամրագրելով ԼՂ հարցի կարգավորման միակ հարթակի` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող եռյակի իրավասությունը:



**Էդիկ Անդրեասյան**