Մինչեւ ապրիլ չի փոխվի

Մինչեւ ապրիլ չի փոխվի
Մենք գրել էինք, որ Քաղաքաշինության պետական կոմիտեն հնարավոր է լուծարվի կամ ընդգրկվի որեւէ նախարարության կազմում։ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մեզ ասել էր, որ երեք տարբերակ է պատկերացնում այս հարցում․ «Տարբերակ մեկ՝ միավորվի տարածքայինի հետ ու դառնա տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նախարարություն։ Տարբերակ երկուս՝ տարածքային կառավարման նախարարության մեջ լինի Քաղաքաշինության պետական կոմիտեն, եւ երրորդ տարբերակն էլ այն է, որ դառնա նորից քաղաքաշինության նախարարություն։ Այդ պարագայում հնարավոր է եւ գործառույթների մեջ էլ փոփոխություններ լինեն»։



Մեր զրույցից արդեն տեւական ժամանակ է անցել, սակայն կոմիտեի փոփոխության մասով դեռ որեւէ տեղաշարժ կամ նորություն չկա։ Երեկ հետաքրքրվեցինք Նարեկ Սարգսյանից, թե ինչ եղավ կոմիտեի ճակատագիրը․ «Ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Ինձ թվում է՝ էդ խնդիրն արդեն ապրիլին կքննարկվի նոր կառավարության կառուցվածքի մեջ։ Այս պահին նման ոչ մի քննարկում գոյություն չունի։ Ուրիշ կառույցները՝ չգիտեմ, բայց մեր մասով քննարկում գոյություն չունի»։ Այսինքն՝ մինչեւ 2018-ի ապրիլ կշարունակեք նույն ձեւո՞վ գործել։ «Այո։ Ենթադրում եմ, որ մինչեւ ապրիլ բոլորն էլ կշարունակեն, իսկ ապրիլին նոր Սահմանադրության վերջնական ուժի մեջ մտնելուց հետո արդեն ինչ-որ փոփոխություն որ լինի, կլինի էդ փուլի համար»,- ասաց քաղշին կոմիտեի նախագահը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**