Արծիվը վեցից մեկի գլխին պտի կայներ, հո բոլորի գլխին չէ՞ր կանգնելու

Արծիվը վեցից մեկի գլխին պտի կայներ, հո բոլորի գլխին չէ՞ր կանգնելու
«Չէ՜, չէ՜, չեմ ընտրվել, ես չէի ուզում, ինձ ասել էին՝ դիր, որոշ հարցեր կային, ես էլ դրեցի: Շահագրգռված էլ չէի ընտրվելու, պռոստը հարցեր կային»,- խոստովանում է Արագածոտնի մարզի եզդիական Ալագյազ համայնքի ղեկավարի համար պայքարած՝ նախկին Ռյա Թազա համայնքի ղեկավար **Ահմադ Բրոյանը**: Շուրջ 27 տարի համայնքը կառավարած Բրոյանը, փաստորեն, չկարողացավ հմայել «ՀՀ թագավորի»՝ Սերժ Սարգսյանի կողմից բաց թողնված «արծվին», որը նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների օրը, իր կարծիքով, պիտի նստեր առաջադրված թեկնածուներից մեկի գլխին ու նրան այսպիսով կարգեր համայնքի ղեկավար (այս հին ավանդույթի մասին պարոն Բրոյանը մեզ հետ մինչ ընտրությունները զրույցում էր պատմել): «Դե, թագավորն արծիվը բաց թողեց, նա էլ գնաց-կայնեց մեր Մախմուդով Ջասմի գլխին, ի՞նչ արած: Վեց հոգուց մեկի գլխին պիտի կանգներ, հո բոլորի գլխին էլ չէ՞ր կանգնելու»,- նկատեց Բրոյանը, ով ստացած ձայներով չորրորդ տեղն է զբաղեցնում: Նա ասաց, որ մինչեւ 2021 թիվն աշխատելու են բոլոր խոշորացված համայնքների ղեկավարները, բայց «առանց պեչատի»:



«Աշխատելու ենք լայն լիազորություններով, բայց առանց պեչատի, այսինքն՝ եթե ծրագիր ըլնի, հարց ըլնի գյուղի համար, պտի ներկայացնենք Ալագյազ համայնքի ավագանուն, մենք արդեն տեղական ավագանի չենք ունենալու: Այսինքն՝ ես պիտի ասեմ, որ Ռյա Թազայի համար հարկավոր ա դաշտամիջյան ճանապարհ, պիտի ներկայացնեմ պլանը, նախահաշիվը, մյուս-մյուսը: Աշխատավարձները մինչեւ տարվա վերջ պահպանվելու են: Իսկ նոր բյուջեով նախատեսված ա, որ աշխատավարձը պիտի լինի նոր գյուղապետի աշխատավարձի մինչեւ 80 տոկոսի չափով՝ ըստ ազգաբնակչության: Այսինքն՝ Ռյա Թազան ունի 700 բնակիչ, իմ աշխատավարձը լինելու ա 150-180 հազար դրամ: Մինչեւ 2021 թվի հոկտեմբեր աշխատելու ենք, որից հետո, եթե սաղ մնացինք՝ մնացինք, եթե չէ՝ Աստծու ցավը տանեմ ես»:



Նկատենք, որ մինչ ընտրությունները Բրոյանը նույն առոգանությամբ պատրաստ էր տանել Սերժ Սարգսյանի «ցավը», ակնկալելով նրա բաց թողած «արծվի» բարեհաճությունը: Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք նոր ընտրված համայնքի ղեկավարի հետ, կարո՞ղ եք լեզու գտնել, աշխատել: «Ընչի՞ չպիտի աշխատենք… ջահել տղա, եզդի, բոլորը ճանաչում են: Կառավարիչները, որ գյուղերում մնում են որպես աշխատող, ամեն ինչ պիտի անեն, որ պլանները կատարվեն, բյուջեն ապահովվի, եթե մեկին ձեռ չտվեց, պիտի ասի՝ ախպեր, ցտեսություն, իսկ եթե ձեռ տվեց՝ կաշխատի թազա գյուղապետի հետ, ինչ ա եղե՞լ որ»: Բրոյանը նշեց, որ ընտրությունները նորմալ են ընթացել, եւ բնական է, որ Մախմուդովի ընտրվելու հարցում մեծ է եղել այն հանգամանքը, որ որդին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր է՝ Ռուստամ Մախմուդյանը: Ասում են, թե ողջ մարզն աշխատել է նրա հոր օգտին: «Եզդիներն էս երեսուն տարվա ընթացքում հազիվ մի հատ պատգամավոր են ունեցել, բա չաշխատեի՞ն, էդ կար ու կար: Պայքարն ընենց ա, որ մեկը պտի հաղթի, երեւի Դուք պայքարի մեջ երբեք մտած չկաք: Եթե բոլորը հաղթեն, բա ո՞վ ա պայքարելու: Ես բոլորին բացատրում էի, որ ով անցավ, պիտի համակերպվենք, դրա կողքը հավաքվենք, կայնենք, ցանկանանք հաջողություն»,- ասաց Բրոյանը՝ հավելելով. «Մինչեւ 21 թիվը չորս տարի կա, ո՞վ գիտի՝ ով կմնա, ով կգնա, ինչ կլինի: Աստված բոլորիս հետ, էսքան բան»:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**