Ընդդիմության էքզիստենցիալ «չգոյությունը»

Ընդդիմության էքզիստենցիալ «չգոյությունը»

Ազգային ժողովում մեկ շաբաթ շարունակ ձգվող բյուջետային քննարկումներն անցնում են քննարկումների բացակայության պայմաններում։ Երկրում ֆինանսական դեֆիցիտից ավելի ուժգին զգացվում է ընդդիմության դեֆիցիտ։ Ընդդիմության բացակայությունն ու էքզիստենցիալ «չգոյությունն» այնքան խորն էին զգացվում այս քննարկումներում, որ անգամ հանրապետականներն էին դրա շուրջ հումորներ անում ու չարախնդում։ Նախօրեին էլ մարզպետներն ուղղակի զվարճանում էին այն փաստից, որ իրենց հարց տվող չկա։ Որպեսզի նիստերը լրիվ տաղտկալի չանցնեն, ՀՀԿ-ականներն իրենք էին ընդդիմադիր բռնկումներ ունենում՝ հարցեր տալիս։ Նախկինում, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն մասնակցում էր նիստերին, հատկապես պրոբլեմատիկ գերատեսչությունների հաշվետվություններին։



Այս շաբաթ նա գրեթե չերեւաց, միայն երեկ օրվա վերջում եկավ ՊՆ-ի փակ նիստին։ Սովորաբար նա եւ մյուս ընդդիմադիրները սիրում են տեսախցիկների առաջ դրսեւորել իրենց ընդդիմադիր ունակությունները, ցույց տալ, թե որքան մտահոգ են իրենց ընտրողների խնդիրներով։ Ասենք, պատին դեմ տալ փոխքաղաքապետին կամ ԱԳ փոխնախարարին, թե որտեղ է Տարոն Մարգարյանը կամ Էդվարդ Նալբանդյանը։ Այս տարի Փաշինյանին ոչ միայն այդ հարցերը չէին հետաքրքրում, այլեւ բյուջեի քննարկումները՝ առհասարակ։ Ընդդիմությունից համեմատաբար ներկա էին կամ ակտիվ էին «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները, որոնց հարցերի՝ հիմնականում ձայնի բարձր ամպլիտուդն էր հուշում, որ հարց տվողն ընդդիմությունից է։ Թեպետ՝ այս տեմպերով որ գնա, ընդդիմության մոնոպոլիան գուցե իսկապես անցնի «ծառուկյանականներին» կամ ՀՀԿ-ի ներսի «ընդդիմադիրներին»։ Օրինակ՝ երեկ, երբ «Ելք»-ից միակ ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հեռախոսի մեջ էր խորացել, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին սուր հարցեր էր տալիս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Նրանից առաջ էլ՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։



Միայն փոխոստիկանապետի զեկույցի ժամանակ էր, որ Էդմոն Մարուքյանը որոշեց հարց հնչեցնել․ «Որ մարդկանց քիչ եք ծեծում, ուրեմն լա՞վ եք աշխատում»։ Սա ասաց, երբ Վովա Գասպարյանի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որպես ոստիկանության աշխատանքի դրական արդյունք, մատնանշեց, որ ոստիկանությունում վերջին տարիներին նվազել են քաղաքացիների խոշտանգումները։ «Ելք»-ի բացակաները ժամանեցին միայն օրվա վերջում, երբ ժամը 4-ին մեկնարկեց պաշտպանության նախարարության բյուջեի փակ նիստը։ Ներկա էին Արտակ Զեյնալյանն ու Նիկոլ Փաշինյանը։



Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, նա նիստից առաջ լրագրողներին խոստացել էր նիստից հետո պատասխանել հարցերին։ Մեկուկես ժամ անց նա «սուրհանդակ» ուղարկեց, որը տեղեկացրեց՝ նախարարը շտապում է, չի խոսելու, հետո դուրս եկան ԱԺ պատգամավորներ, այդ թվում՝ ընդդիմադիր, որոնք նույնպես փոխանցեցին՝ նախարարը չի խոսելու, իզուր չսպասենք։ Մի քանի րոպե հետո դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը եւ փոխանցեց՝ ինքը նույնպես լսել է, որ նախարարը հայտարարել է՝ չի խոսելու։ Մի ամբողջ քննարկում, փաստորեն, ընթացել է լրագրողների մոտ չխոսելու պայմանավորվածությունների թեմայի շուրջ։ Երկուսուկես ժամ անց Վիգեն Սարգսյանը դուրս եկավ, տեսավ, որ ճար չկա, պիտի խոսի եւ որոշեց «խաղալ» լրագրողների հետ՝ ասաց, որ ընդամենը մեկ հարցի է պատասխանելու։ Այդ մեկ հարցը, որն ավելի շատ հռետորական էր, քան պատասխան ենթադրող, հնչեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի կողմից, եւ հնչեց աշխարհում ամենակարճ պատասխանը՝ այո։ Այսքանով ավարտվեց բյուջետային շաբաթը, եւ հանրությունն էլ չիմացավ, թե մեր երկրի ամենածախսատար ոլորտում՝ պաշտպանության համակարգում, ինչ ֆինանսական ներդրումներ են լինելու։



Լրագրողներն ու ԱԺ նիստերին հետեւողներն սկսել են ավելի հաճախ հիշել այն «երանելի» ժամանակները, երբ խորհրդարանն ընդդիմություն ուներ, թեկուզ՝ ԲՀԿ-ի հետ հեղաշրջում անող կամ Սերժ Սարգսյանի հետ խաղաղության պլան գծող ՀԱԿ-ի տեսքով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ