Եթե այսպես շարունակվի, ապա շատ մոտ ապագայում կարող ենք չունենալ ոչ միայն անկախ պետականություն, այլ ընդհանրապես՝ Հայաստան

Եթե այսպես շարունակվի, ապա շատ մոտ ապագայում կարող ենք չունենալ ոչ միայն անկախ պետականություն, այլ ընդհանրապես՝ Հայաստան

Հարցազրույց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ





-Պարոն Խուրշուդյան, որպես «Ժառանգության» անդա՞մ եք ստորագրել «Հանուն Հայաստանի Պետության» նախաձեռնող խմբին երեկ տարածած հռչակագրի տեքստը։





-Ես ստորագրել եմ Հռչակագիրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ համաձայն լինելով դրանում տեղ գտած բոլոր դրույթներին, ձեւակերպումներին: Մշտապես եղել եմ ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության լայն համախմբման կողմնակիցը: Այսօր, երբ իշխանությանը, նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, հաջողվել է ձեւավորել լիովին վերահսկելի խորհրդարան, ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության համախմբումը առավել քան արդիական օրակարգ է: Պետք է հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնք ծառացել են մեր պետության եւ երկրի առջեւ, եւ որոնք հիմնականում տեղ են գտել նաեւ «Հանուն Հայաստան պետության» նախաձեռնող խմբի հռչակագրում: Վերջապես, արդեն տեսանելի է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրժել իր հերթական խոստումը եւ առաջադրվել վարչապետի պաշտոնում. ո՞վ պետք է պայքարի այդ կործանարար հեռանկարի դեմ:





- 4-րդ տարին է, ինչ ազատազրկված են Շանթ Հարությունյանն ու իր համախոհները։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել այս ընթացքում՝ ազատազրկման ժամկետը լրանալուն պես, ոմանք շարունակում են մնալ անազատության մեջ։ «Հանուն Հայաստան պետության» նախաձեռնող խումբը ի՞նչ քայլեր է պատրաստվում անել քաղաքական հայացքներով ազատազրկված անձանց ազատ արձակելու համար։





- Ես չեմ կարող պատասխանել նախաձեռնող խմբի անունից, քանի որ խմբի անդամ չեմ: Միջազգային հասարակական կազմակերպությունների ղեկավար կազմերում իմ՝ ավելի վաղ ստանձնած պարտավորությունների հետեւանքով շատ ծանրաբեռնված եմ, նաեւ շատ եմ բացակայում երկրից, այդ իսկ պատճառով այս փուլում ֆիզիկապես հնարավորություն չունեցա միանալ խմբին եւ մասնակցել դրա աշխատանքներին: Բայց հենց որ զգամ, որ իմ այդ խմբին անմիջականորեն միանալը ավելի արդյունավետ կլինի Հայաստանի շահերը սպասարկելու տեսանկյունից, քան այն ինչը որ ես անում եմ հիմա միջազգային ծրագրերի շրջանակներում՝ ամեն բան կթողնեմ եւ կմիանամ խմբի աշխատանքներին: Այժմ ես որտեղ հնարավոր է՝ բարձրաձայնում եմ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա խմբի, այդ խնդիրը ներառում եմ տարբեր բանաձեւերում եւ հայտարարություններում, որոնք հասնում են Եվրահանձնաժողովի համապատասխան օղակներին եւ միջազգային կառույցներին: Քանի դեռ Հայաստանի ներսում իշխանությունների հանդեպ արդյունավետ ճնշում կազմակերպելը չի ստացվում, մնում է դա անել միջազգային ատյանների միջոցով՝ հիմք ընդունելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները: Թեեւ շատ ցավալի է, որ սա է վիճակը. Փաստորեն, այս առումով մենք գրեթե ոչնչով չենք տարբերվում Ադրբեջանից:





-Հռչակագրի տեքստում գրված են «Իշխանությունները Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական կործանման շեմին», «Վիճակն օրհասական է» արտահայտությունները։ Անկախ Հայաստանում, տարբեր ժամանակներում, բոլոր ընդդիմադիր ուժերն օգտագործել են այդ կամ նմանատիպ այլ արտահայտություններ։ Արդյոք դրանք համահո՞ւնչ ուղերձներ են եւ կարող են համախմբող դեր խաղալ։





- Բա եթե իրավիճակը դա է՝ ի՞նչ արտահայտություններով բնութագրեն այն: Ասեն, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակա՞րգ են, կամ ավելի վատ՝ քարոզեն Սերժ Սարգսյանի գծած սահմանադրության օգտի՞ն, հայտարարեն, որ ընտրությունները լեգիտիմ էին, ձեւավորված իշխանությունը լեգիտիմ է ու գնան քվեարկեն իշխանության առաջարկած 1000 դրամների ու այլ օրինագծերի օգտի՞ն: Ես ինքս էլ մեկ անգամ չէ որ ասել եմ՝ եթե այսպես շարունակվի, ապա շատ մոտ ապագայում կարող ենք չունենալ ոչ միայն անկախ պետականություն, այլ ընդհանրապես՝ Հայաստան: Մենք Եվրոպայում չենք գտնվում, որ հնարավոր լինի ապահովվել սեփական անվտանգությունը անգամ մեկ միլիոն բնակչությամբ: Փաստացի, սա ծայրահեղական լուծումների սովոր եւ մարդուն որպես գերագույն արժեք չընդունող Մեծ Մերձավոր Արեւելքն է: Եւ մենք էլ ոչ թե ՆԱՏՕ-ի մաս ենք, այլ մի միավորման, որի բոլոր անդամները մեր դեմ են, որի հեգեմոն Ռուսաստանը մեր գլխավոր հակառակորդին հիմնական զինողն է: Երեկ նա Ալիեւին վաճառեց մեր անվտանգությունը, այսօր նա, իր հայաստանյան կամակատարների միջոցով Ադրբեջանում իշխող ռեժիմին փորձում է վաճառել Արցախի հանրապետության մաս կազմող տարածքները, վաղը, երբ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն էլ ավելի թուլացնեն Հայաստանը, այդ «դաշնակիցը» կուզենա Ադրբեջանին վաճառել այլ հայկական տարածքներ: Իսկ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի օրոք Հայաստանը տեսել է միայն թուլացում, միայն տնտեսական, քաղաքական եւ տարածքային կորուստներ: Հռչակագրում մատնանշված է նաեւ հայրենիքի կորստի՝ հայրենազրկման վտանգը: Ես լիովին համամիտ եմ այդ ձեւակերպումների համարժեքության հետ: Իսկ համախմբող դեր են խաղալու ոչ այնքան այդ ձեւակերպումները, որքան այն ահագնացող սոցիալական-տնտեսական վիճակը, որն առկա է Հայաստանում, նոր տարածքների կորստի վտանգը:





Թագուհի Հակոբյան