Կոռուպցիա եւ ոչ պրոֆեսիոնալիզմ

Կոռուպցիա եւ ոչ պրոֆեսիոնալիզմ

Ցանկացած երեւույթ այնքան կարեւոր չէ, որքան դրա ընկալումը հանրության կողմից։ Ասենք, դատական անարդար մեկ վճիռն ինքնին ոչինչ է, ի վերջո՝ դատավորներն էլ մարդ են եւ սխալվելու իրավունք ունեն, սակայն անգամ մեկ վճռի արդյունքում ձեւավորվող հանրային կարծիքն այն մասին, որ մեզանում «դատարան չկա», անչափ կարեւոր է։ Ընդհանրապես՝ իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը շատ ավելի կարեւոր է, քան ցանկացած ձեռնարկված քայլ։ Երբ ժամանակ առաջ որոշեցին ճանապարհային ոստիկանների կրծքին տեսախցիկներ ամրացնել, մեզ թվում էր, թե խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է՝ որ տեսուչները փող չառնեն կարգազանց վարորդներից։ Անցավ ժամանակ, եւ, ինչպես բոլոր լավ գաղափարները, այս մեկն էլ հիմնովին այլասերվեց՝ կաշառք վերցնող տեսուչները, երբ պետք չէ, անջատում են այդ «կամերաները», ջնջում տեսանյութերը, իսկ երբ պետք է քաղաքացուն «խայտառակել», տեսանկարահանում են ու առանց քաղաքացու թույլտվության տարածում համացանցով։ Արդյո՞ք սա ոստիկանության նկատմամբ անվստահություն չի առաջացնում։ Չէ՞ որ որեւէ «հաբռգած» պաշտոնյայի զավակի հետ կապված տեսանյութ մինչ օրս չեն հրապարակել, իսկ վարորդական իրավունք չունեցող, մարդու մահվան պատճառ դարձած օրինախախտ անչափահասին մեզանում անգամ նախագահականում ոսկե մեդալ են տալիս։ Հաջորդ դիպվածը․ արտակարգ իրավիճակ է՝ տղամարդն իր ընկերուհուն պատանդ է վերցրել, ոստիկանությունը, բնականաբար, դեպքի վայրում է, ամեն ինչ անում են ինքնատիրապետումը կորցրած մարդուն վնասազերծելու համար, որը ոչ թե 50 միլիոն է պահանջում, այլ 5 քաղաքացի ու փաստաբան։ Վնասազերծումն ավարտվում է մարդու մահով։ Արդյոք հնարավոր չէ՞ր օպերացիան իրականացնել առանց զոհերի։ Իրավունք ունե՞նք կասկածել ոստիկանների պրոֆեսիոնալիզմին։ Կարծում եմ՝ այո։