Դաշնակ Գեղամը

Դաշնակ Գեղամը

Թե ով է Ստալինը, ով՝ Բերիան, ովքեր են բոլշեւիկները, եւ ինչ է 37 թիվը, առաջին անգամ լսել եմ Հեղուշ տատիցս, հազիվ 5-6 տարեկանում: Այդ տարիքում շուտ տպավորվող եւ վառ երեւակայություն ունեցող երեխաներին թերեւս չարժե Ստալինի եւ 37 թվի մասին պատմություններով ծանրաբեռնել, քանի որ դա ոխակալություն է սերմանում նրանց հանդեպ, որոնցից վրեժ լուծելու առիթ ու հնարավորություն այլեւս չես ունենա երբեւէ: Պատմության՝ վերացական հասկացության եւ դրա մի շրջափուլը դարձած տխրահռչակ անհատից ինչպե՞ս վրեժ լուծես, մանավանդ, որ նրա հետ առաջին ծանոթությանը զուգահեռ սերմանվել է, որ վրեժը, ոխակալությունը քրիստոնեական կատեգորիաներ չեն: 



Հեղուշ տատս իր հոր՝ Գեղամ Ավագյանի՝ Մուլքենց (Մելիքների ազգի) Գեղամի երրորդ ամուսնությունից ծնված առաջին դուստրն էր: Գեղամի նախորդ երկու ամուսնությունները չէին երջանկացրել կամ ժամանակավորապես էին երջանկացրել նրան, քանի որ երկու կանանց էլ կարճ ժամանակ անց կորցրել էր: Ֆիզիկապես: 40 տարեկանում ամուսնացել էր 18-ամյա Գայանեի կամ, ինչպես նրան փաղաքշաբար ասում էին՝ Կարանի հետ՝ մանկավարժների ընտանիքի ժառանգ: Գեղամը հինգ դուստր ուներ եւ մեկ որդի՝ առաջին ամուսնությունից ծնված՝ Անուշավան Ավագյանը: Փայփայում էր որդուն: Միակն էր: Մինուճարը: Անուշավանը մասնագիտությամբ մանկավարժ էր, որին, սակայն, վիճակված չէր կատարելու միակ արու զավակի առաքելությունը՝ օջախը շեն պահելը: Այդ վայելչադեմ երիտասարդին խորթ մայրը՝ հոր երրորդ կինը՝ Կարանը, համարյա իր հասակակիցը, պիտի հայրենական կոչվող պատերազմ ճանապարհեր, սրտի թրթիռով սպասեր ամուսնու որդու վերադարձին, բայց թրթիռը պիտի հետո կսկիծ դառնար՝ ռազմաճակատից Անուշավանի փոխարեն «սեւ թուղթը» պիտի ետ դառնար:



Գեղամ Ավագյանը, տատիս պատմելով, երկու մետր հասակ ուներ, սեւ աչք-ունքով, ձիգ կեցվածքով, լուրջ ու մի քիչ մռայլ տղամարդ էր, կոկիկ հագնված, ծոցագրպանում՝ ժամացույց, գրպանում՝ լաքից կոշիկները փայլեցնելու հատուկ լաթ: Գյուղի փողոցներով քայլելիս եթե հանկարծ փոշու մի հատիկ հանդգնում էր փչացնել կոշիկների անթերի տեսքը, չէր զլանում, երկու մետրանոց հասակը կիսում էր՝ կռանում, կոշիկը սրբում: Տատս ասում էր՝ կոշիկներն այնքան փայլուն պիտի լինեին, որ ինքն իր արտացոլանքը դրանց մեջ տեսներ: Պեդանտ վարքուբարքով Գեղամ Ավագյանը, սակայն, այն ժամանակների համար «ճակատագրական թերություն» ուներ՝ դաշնակ(ցական) էր: Հետն էլ, ըստ խոսակցությունների, մաուզեր ուներ, թեեւ ընտանիքի անդամներն ու մտերիմները երբեք չեն տեսել: Ու ամենակարեւորը՝ կուլակ էր: Իսկ կուլակ, մաուզերիստ ու դաշնակ լինելը մահացու հետեւանք էր ունենում այն տարիներին, որն ընդունված է կոչել Ստալինի սանձազերծած համամիութենական գլխակերության շրջան: Գեղամ Ավագյանը կուլակ էր համարվում, քանի որ տանը մի քանի կարպետ, գորգ ուներ, ամբարում՝ մի քանի կարաս գինի ու ցորեն, տանը գործ-մործ անող անտուն մի երիտասարդ՝ դասակարգային շահագործման «զոհ», կինն էլ ամուսնուց ստացած ոսկեղենն էր կրում: Բա կուլակ չէր, ի՞նչ էր: Իսկ կուլակներին, ինչպես հայտնի է, կուլակաթափ անելու եւ դրան հաջորդող մյուս կտտանքներով անցկացնելու հրովարտակ էր իջեցված:



37 թվի այդ օրը Հեղուշ տատս լավ էր հիշում: Ինքը 23 թիվ էր: Միջնեկ քույրը՝ Արմանուշը, 30 թիվ էր, իսկ ամենափոքրը՝ Վարդուշը, Կարանի որովայնում էր, դեռ չէր ծնվել: Գեղամ պապիս, տատիս պատմելով, «ծախել» է գյուղի բոլշեւիկներից մեկը՝ հայտնի «մատերիալիստ», ով էլի մի քանի մեծահարուստների է մատնել, բայց նրանցից ոմանց հաջողվել է պլստալ մսաղացից: Ստալինի մանկլավիկները Գեղամ պապի ետեւից եկել են առավոտ կանուխ՝ տան ունեցած-չունեցածը բռնագրավել, բարձել են սայլին, իրեն հրամայել սայլի ետեւից քայլել, ու տարել են անհայտ ուղղությամբ: Կարանը, որ ամուսնու համար «բոխչա» էր կապել, որ ճանապարհին սովահար չլինի, հետո ամբողջ կյանքում «բոխչա»-ով էր ճանապարհ դնում իր տուն եկած հյուրերին, իրեն ձեռք մեկնած մարդկանց: Իսկի չէ՝ կոնֆետ ու չամիչ էր գրպանները լցնում: Ամուսնու հոգու փրկության ու իր խղճի հանգստության համար բաժինք էր տալիս, չէր հավատում, որ իր դե ֆակտո այրիացումը նաեւ դե յուրե է: Գեղամին եւ նրա կարգավիճակի տեր էլի մի քանիսին, ինչպես հետո պատմել է ականատեսներից մեկը, բոլշեւիկները քշում են Արաքսի ափ: Մի դրվագ կա, որը սարսափով եմ հիշում եւ սարսափով էլ պիտի հիմա հիշեմ ու վերարտադրեմ. Արաքսի ափին կուլակին հայհոյում, ծաղրում են, վրայից հանում են արտահագուստը, ստուգում ոտքից գլուխ, երեւի մաուզերն են փնտրում, ծնկներին խփելով՝ երկու մետրանոց բոյը կես անում, հետո հրամայում են բացել բերանը: Ոսկուց ատամներ է ունենում, դրանք ինչ-որ գործիքով քաշում են: Ոսկին գրավում է՝ անկախ գտնվելու վայրից: Դիմադրում է: Բայց ապարդյուն: «Արազի ջրերը» շուտով կուլ են տալիս նրան: 1915 թիվը չհիշեցրե՞ց: Ուզում եմ, որ Գեղամ պապիս կյանքի մասին այս դրվագը սուտ լինի, հորինված, քանի որ նման դաժան վերջաբան չեմ ցանկանա ունենա որեւէ անձ, ով էլ լինի՝ կուլակ, բոլշեւիկ, դաշնակ, մաուզերիստ կամ այդ բոլորը միաժամանակ: Հումանիզմի իմ մեջ եղած չափը թույլ չի տալիս ինձ նման դատաստան պատկերացնել որեւէ մեկի համար: Կարանն ամուսնուն Ստալինին մատաղ անելուց հետո ստիպված էր իր ուսերին կրել տան ամբողջ հոգսը: Տատիս պատմելով՝ ամիսը մեկ շուկա էր գնում՝ առեւտրի: Բա փո՞ղ: Մի անգամ ժակետով է շուկա գնացել, հետ եկել առանց ժակետի, բայց մթերքով լի տոպրակով: Հագի ժակետը վաճառել է, որ ավելի կարեւր բան առնի: Սնունդ: Պատերազմ էր, սով, չկալություն: Վարդուշը, որ հոր աքսորի ժամանակ դեռ անվրդով ննջում էր մոր արգանդում, հետո պիտի հասկանար, թե ինչ է դաշնակի աղջիկ լինելը: Խարան: Պիտի զգար դպրոցում, պոլիտեխնիկում սովորելիս, գիտական թեզ պաշտպանելիս, գյուտ անելիս, «կամանդիրովկա» մեկնելիս: Դաշնակի աղջիկ լինելը պատի, վիհի պես միշտ պիտի կանգներ նրա ճանապարհին, հեշտ բացվող դռները շրխկային երեսին ու ստիպեին ներողություն խնդրել հոր քաղաքական անցյալի համար: Տատս գիտական թեզ չէր պաշտպանել, գյուտի հեղինակ չէր դարձել, բայց նա էլ իր տեսակի մեջ թեզ էր պաշտպանել: 1952 թվին ամուսնացել էր բոլշեւիկի որդու հետ: Բոլշեւիկ Արմոն իր որդու համար Կարանից խնդրել էր Հեղուշի ձեռքն ու չէր մերժվել: Բայց ոչ այն պատճառով, որ բոլշեւիկի հետ խնամիանալն ազատագրում էր բռնադատվածի «կլեյմոյից», որ աղջիկը 29 տարեկան էր (այն ժամանակների արշինով՝ «տունը մնացած»), գլխին ամուսին չուներ, Արմոն էլ ֆերմայի վարիչ մարդ էր, որի մառաններում չամիչը, գինին ու ցորենը ծփում էին, սառնարանն էլ ճռռում էր կաթից ու այլ բարիքներից: Ոչ այն պատճառով, որ կուլակի բոլշեւիկ տեսակին չէր հավատում: Պատճառը շատ պարզ էր, որը հետո պիտի տատս ինձ հայտներ: Հարցնում եմ՝ տատի, ո՞նց ամուսնացար Զավեն պապիս հետ (ում, ի դեպ, տեսնելու բախտ չեմ ունեցել, քանի որ նա էլ շուտ է լքել էս անցավոր աշխարհը՝ Մեծ հայրենականի ժամանակ ձեռք բերած հիվանդության պատճառով): Սկզբում չէր արձագանքում, հետո ամոթխած տոնով, Խոյի բարբառով կարճ կապեց. «Սիրիր եմ, առիր եմ»: Դաշնակի աղջիկը սիրում է բոլշեւիկի հաղթանդամ, խաժ աչքերով տղային, եւ ոչ մի նախապաշարմունք, վատ հիշողություն ու կոմպլեքս չի կաշկանդում, որ այդ սերը մի հարկի տակ մեկտեղվի: Հեղուշը Գեղամի երրորդ ամուսնությունից ծնված միակ աղջիկն էր, ում հաջողվեց ընտանիք կազմել ու երկու արու զավակ ունենալ: Արմանուշն այդպես էլ չամուսնացավ, վաղ տարիքում անբուժելի հիվանդություն էր ձեռք բերել, իսկ հիվանդ աղջկան, ինչպես գիտենք, մարդի չեն տալիս: Վարդուշի «ամուսինն» էլ գիտությունը դարձավ: Իսկ Գեղամի երբեմնի շեն տունը, ցավոք, մի քանի տարի առաջ հրդեհվեց: Մոխրացան այն մի քանի լուսանկարները, որոնք նրա կուլակ, բայց երջանիկ օրերի թղթե վկայությունն էին: Իր երեխաներով շրջապատված, որոնց անուններն ընտրելիս այնպես էր անում, որ մեջն «անուշ» բառը լինի: Գեղամի տնից, որպես հուշ, ընկույզի փայտից մի սնդուկ է փրկվել: Լի ուրիշ պատմություններով: Իսկ առեղծվածային մաուզերն այդպես էլ չի գտնվում: Գուցե այն պատճառով, որ այն չի էլ եղել երբեւէ ու չի կրակել:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ