Անկախության տոնը անտեր են թողել

Անկախության տոնը անտեր են թողել

Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը, որպես ամենակարևոր համապետական տոն, ամեն տարի մեծ շուքով էր նշվում և միջոցառումների պարտադիր ցանկով՝ այցելություն Եռաբլուր, շքերթ Հանրապետության հրապարակում, նախագահը մեդալներ ու կոչումներ է շնորհում, նույնիսկ համաներում էր հայտարարում անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Մինչև 2016 թվականը միջոցառումները կազմակերպում էր նախագահականը, իսկ անցյալ տարվանից այդ պարտականությունը դրվել է գործադիրի վրա։ Անկախության 25-ամյակի կապակցությամբ նույնիսկ խորագիր էին մտածել՝ «Անկախություն-եռագույն հպարտություն»։ Այդ տարի միջոցառումներն աննախադեպ ճոխությամբ էին անցկացվում, 11:00-ին Հանրապետության հրապարակում զորահանդես եղավ, որը 2011 թվականից չէր կազմակերպվել, իսկ հանրությունը զինատեսակների դիտումից հետո քննարկում էր, թե արդյոք դրանք աշխատող էին, թե փչացած, իսկ հոռետեսներն ասում էին, որ ամենահզոր զենքը շքերթում, իհարկե, չեն ցուցադրի։ Մշակույթի նախարարությունն էլ 100 մլն-ից ավելի դրամ գումար էր հատկացրել Արմեն Սմբատյանի որդու՝ Սերգեյ Սմբատյանի նվագախմբին ընդամենը մեկ համերգ կազմակերպելու համար։ 1000-ից ավելի երաժիշտներ էին եկել այդ համերգին, երեխաներ, որոնք ողջ տարին այդ ելույթին էին նախապատրաստվում իրենց դասատուների հետ։ Դասատուները, բնականաբար, առանց աշխատավարձի էին աշխատում, բայց կարևորը փողը չէր, այլ տոնը, որը լավ ստացվեց։



Կարող ենք ասել, 25-ամյակը «կլոր» թվերից է, հո ամեն տարի նույն ճոխությունը չի՞ լինելու։ Բայց 24-ամյակն էլ էր ճոխ։ Հատկապես մարզերն ու Ղարաբաղը ուրախ նշեցին, ավանդական շքերթը հրապարակում եղավ, դպրոցականները ամիսներով պատրաստվում էին դրան, դասերը «պռավալ» էին տալիս, բայց վերջում մի լավ քայլեցին Հանրապետության Հրապարակում ու պարեցին։ Նախագահն էլ մեդալներ բաժանեց։ Հանրությունը այնքան էլ գոհ չէր։ Մեդալներ ստացան դատախազության աշխատողները՝ մի մարմնի, որից մեծ դժգոհություն կա։ 2014 թվականին էլ աստղ-աստղիկները պարգևատրվեցին։ Անդրեն, Ինգա-Անուշն ու Նազենի Հովհաննիսյանը վաստակավորի կոչում ստացան։ Հրապարակում տոնական մեծ համերգ կազմակերպվեց, կառավարությունը 55 մլն դրամ հատկացրեց։



Այս տարի Հանրապետության հրապարակը լուռ է։ Տոնական միջոցառումները ավելի քան համեստ են։ Անկախության համար պայքարած և արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին այցելությունը թերևս միակ պարտադիր կետն էր, որը պահեցին, բայց դա տոնական միջոցառում չի համարվում։ Քաղաքում նույնիսկ դրոշներ չկան։ Մի երկու դրոշ է ծածանվում «Սանիթեքի» չդատարկած աղբամանների բուրմունքին ներդաշնակ։ «Համապետական տոն է, դիմեք կառավարություն։ Մեր վարչական շրջանները տեղի ուժերով միջոցառումներ են կազմակերպում», - ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։ Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն էլ, մեր հարցին պատասխանելով, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Անկախության 26-ամյակի կապակցությամբ, տեղեկացրեց․ «Կոնկրետ միջոցառումներ մեր կողմից կազմակերպված չկան։ Շքերթ և զինտեխնիկա ամեն տարի չի լինում։ Անցյալ տարի 25-րդ տարեդարձն էր, բայց ամեն տարի չի լինում շքերթ։ Տոնի կապակցությամբ վարչապետը հուշամեդալներ կհանձնի տարբեր բնագավառների գործիչների։ Այլ միջոցառում նախատեսված չէ»։ Մեծ ծախսեր այս տարի կառավարությունից, իհարկե, սպասելը սխալ էր։ 85 մլն դրամ միայն ծախսեցին Հայաստան-Սփյուռք համաժողովի կազմակերպման համար, ըստ սփյուռքի նախարարության, և մի այդքան էլ Անկախության տոնի վրա դնելը անտեղի շռայլություն կլիներ։ Սփյուռքի ներկայացուցիչներն էլ կտեսնեին, թե մենք ինչքան շռայլ երկիր ենք, և իրենց սովորության համաձայն կասեին՝ հետո էլ ասում են, փող չունեն։ Բայց 85 մլն-ը հեշտությամբ կիսվում է 2-ի։ Կարելի էր և տոն ունենալ, և համաժողով։



Սյուզան Սիմոնյան