Կրիմինալը կշատանա, կպակասի՝ իրավապահ մարմինները պիտի ավելի աչալուրջ լինեն․ Հենրիկ Քոչինյան

Կրիմինալը կշատանա, կպակասի՝ իրավապահ մարմինները պիտի ավելի աչալուրջ լինեն․ Հենրիկ Քոչինյան

Արդեն 25 տարուց ավելի է` շրջանառվում է Ալավերդի քաղաքի անվանափոխության հարցը: Այդ տարիների քննարկումների ընթացքում առաջարկվել է Ալավերդին անվանակոչել Մանես, Ձորափոր, Թումանյան, Միկոյան, Լալվար, Դեբեդ, Սանահին, անգամ Կոշաբերդ ու այլ անուններով, սակայն Ալավերդին մնացել է Ալավերդի։ Ամենաքննարկվող տարբերակն էլ եղել է Լալվարը, որը չի փոխարինել «Ալավերդուն»։ Բանն այն է, որ որոշ մարդիկ պնդում են, որ «Ալավերդի» անունը թուրքական ծագում ունի՝ «Ալլահ վերդի», թարգմանվում է «Աստծո տված»։



Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի նշում է, որ մտքով չի էլ անցել, որ առաջարկի «Ալավերդի» քաղաքի անվանափոխությունը, դեռ 1997-98 թթ այդ հարցը շուրջ խոսակցություններ ծավալվել են, որին ինքը ակտիվ մասնակցել է, սակայն, դրանից հետո հարցը չի բարձրացվել․ «Ճիշտն ասաց էն ժամանակ, որ մենք հետաքրքրվում էինք, պարզվեց, որ «Ալավերդի» նշանակում է «Ալ սար»։ Եվ, հենց այդ ժամանակ, որ ասում էին «Ալ սար» է նշանակում, հենց էդ պատճառով էլ չփոխվեց, հանձնաժողով կար, այն ժամանակ դրանով էր զբաղվում»։



-Պարոն Քոչինյան, նոյեմբերի 5-ին Ալավերդու քաղաքապետի ընտրությունն է։ ՀՀԿ-ն գործող քաղաքապետի փոխարեն առաջադրել է Սասուն Խեչոյանի թեկնածությունը։ Դուք նրան ճանաչո՞ւմ եք։



-Իմ ժամանակ ինքը ակտիվ աշխատանքում չի եղել, բայց այն ժամանակ ինքը Ալավերդու քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում էր աշխատում, նորմալ մարդ եմ համարում։ 11 տարի է ես ոչ մեկի հետ չեմ շփվում, 11 տարին կարծում եմ՝ երկար ժամանակ է։



-Ալավերդիում համայնքային խոշորացում է սպասվում։



-Ենթադրում եմ՝ այո, բայց չգիտեմ՝ որոնք են միանում։ Ենթադրում եմ՝ Աքորին, Կաճաճկուտը։ Ես մարզպետ եղած ժամանակ կողմնակից էի խոշորացմանը, նույնիսկ էն ժամանակ խնդիր դրվեց՝ բերեք Լոռում փորձնական անենք, բայց ես այսպիսի մասշտաբներով չէի պատկերացնում։ Փոքր գյուղեր, մեկը մյուսին հարեւան, խնամի, բարեկամական կապեր կային, այն ժամանակ տնտեսական առումով նպատակահարմարություն կար, հիմա, ճիշտն ասած, նման խոշորացումը մի տեսակ շատ ա խոշորացվում։ Եվ, հետո դժվարություններ կլինեն մարդկանց տեղաշարժի առումով։



-Պարոն Քոչինյան, խոսակցությունները, որ Ալավերդին քրեական քաղաք է, չեն դադարում։ Իսկապե՞ս քերական հեղինակությունները այդտեղ շատ են։



-Ես չէի ասի, որ այն ժամանակ շատ էր։ Կրիմինալը կշատանա, կպակասի՝ իրավապահ մարմինները պիտի մի քիչ ավելի աչալուրջ լինեն։



-Համացանցում պահանջում են Վանո Սիրադեղյանի վերադարձը՝ որպես ոստիկանապետի, քանի որ նա կարողացավ Հայաստանը ազատել կրիմինալից։



-Ցավոք սրտի, նման բաները վերադարձնել չեն լինում, բայց գիտեք ինչ, եթե կոշտ լինեն ցանկացած բան կարելի է բնում խեղդել եւ վերջացնել։ Եվ հասարակությունը դա կողջունի, նման դեպքերում ուժային կառույցները պետք է կոշտ լինեն։



Աննա Պապիկյան