Ո՛չ բռնություններին

Ո՛չ բռնություններին

Լրագրողներին վիրավորելն ու նրանց աշխատանքին խոչընդոտելը մի բաժակ ջուր խմելու նման բան են դարձել մեզանում։ Ընդ որում՝ բանը հասել է այնտեղ, որ բռնացողներն այլեւս շմայսներն ու թոխմախները չեն, եւ բռնությունն էլ կիրառվում է ոչ թե օլիգարխների ու ամենակարող պաշտոնյաների «դաշտը» մտնող լրագրողների նկատմամբ՝ ճակատագրական բացահայտումները կանխելու նպատակով, այլ լրագրողական ամենաշարքային հոդվածների եւ առօրեական գործունեության համար, ինչն առանձնապես տագնապի տեղիք է տալիս։ Օրեր առաջ տեղեկացանք, որ «Լոռի» հեռուստաընկերության խմբագրի վրա են հարձակվել, իսկ հանգստյան օրերին էլ Վայոց Ձորի Շատին համայնքի բժշկական կենտրոնում լրագրող Փայլակ Ֆահրադյանի աշխատանքային գործիքն էին խլել եւ փորձել արգելափակել նրան։ Ընդ որում՝ այս դատապարտելի արարքի հեղինակները բժշկական կենտրոնի տնօրենն ու համայնքապետն են։ Չկա օր, որ մեր հոդվածների հետ կապված տարբեր սպառնալից զանգեր, զգուշացումներ չստանանք, կայքում՝ մեկնաբանությունների բաժնում սպառնալիքներ ու հայհոյանքներ չտեղադրվեն։ Եթե որոշ դեպքերում ներողամտորեն ենք վերաբերվում դրանց եւ առաջնորդվում ենք «հաչան շունը կծան չի լինի» սկզբունքով, ապա այլ դեպքերում արժե դրանց արձագանքել եւ կանխել, քանզի լրագրողների եւ մամուլի նկատմամբ այս վերաբերմունքը խորանալու եւ անկանխատեսելի հետեւանքներ առաջացնելու միտումներ ունի։ Վստահ եմ, որ ընթերցողներից ոմանք կասեն․ դուք՝ լրագրողներդ էլ քիչ մեղք չունեք։ Բայց, նախ՝ երբեմն ամենաանմեղ հրապարակումներն են դառնում ոչ ադեկվատ զայրույթի պատճառ, եւ երկրորդ՝ անգամ եթե մենք որոշ մեղք ունենք, մեր մեղքի բաժինը չի փոքրացնում բռնություն, հանցանք, վիրավորանք տարածողների, լրագրողների աշխատանքը խանգարողների մեղքի բաժինը։