Քաղաքացիական հասարակությունը՝ ընդդեմ հասարակության

Քաղաքացիական հասարակությունը՝ ընդդեմ հասարակության

Հին հայկական ասացվածքն ասում է՝ «Ա-ն ասել ես, Բ-ն էլ ասա»։ Քանի որ սկսել եմ խոսակցություն մամուլի ու լրագրողների մասին, մի դրվագ կարծես դուրս է մնացել նախորդ երկու հոդվածներից, որը պակաս կարեւոր չէ, քան արդեն ասվածը։ Խոսքն այս դեպքում ոչ թե պետական կառույցների եւ իշխանավորների, այլ ոչ պետական կառույցների ներկայացուցիչների՝ մամուլի հանդեպ վերաբերմունքի մասին է։ Եթե ավելի կոնկրետացնեմ՝ այն անձանց, որոնց մի ընդհանրական արտահայտությամբ կոչում ենք քաղաքացիական հասարակություն։ Հասարակական կազմակերպությունների անդամների, շարժումների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների, փաստաբանների մասին եմ ուզում խոսել։



Հասարակական այս խմբին մենք միշտ մեր գործընկերն ենք դիտել, փորձել ենք ամեն ինչով աջակցել, համագործակցել, երբեք նրանց որեւէ խնդրանք կամ առաջարկ, այսպես ասած, գետնին չենք թողել։ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա է՝ լրագրողներն առաջինն են այնտեղ հասնում։ «Էլեկտրիկ Երեւանն» է՝ լրագրողները գիշերում են ակտիվիստների կողքին։ Ոստիկանության հետ բախումներ են՝ լրագրողները կրկին ակտիվիստների կողքին են, ոստիկանական բաժանմունքների մոտ, առաջին շարքերում։ «Սասնա ծռերն» են կամ Սարի թաղի դեպքերը՝ կրկին լրագրողներն են պայքարողների կողքին։ Հաճախ իրենց կյանքն ու աշխատանքային տեխնիկան վտանգելով, ծեծվելով ու հալածվելով, մեղադրվելով ու ճնշումների ենթարկվելով։ Երբեմն նաեւ չկարողանալով իրենց քաղաքացիական կեցվածքը թաքցնել, երբեմն խեղճի, տուժածի, ընդդիմադիրի «մաշկի» մեջ մտնելով։ Հատուկենտ բացառությունները չհաշված՝ իհարկե։ Ի դեպ, այս հարցերի լուսաբանման ժամանակ անգամ Թի Վի-ները, որպես կանոն, աշխատում են օբյեկտիվ լինել։



Սա չեմ ասում մեր արածը երեսով տալու համար։ Այո, դա մեր՝ լրագրողներիս պարտքն է, եւ մենք դա անում ենք սիրով ու նվիրումով։ ԶԼՄ-ները հենց դրա համար են՝ ամեն ինչի մասին տեղեկատվություն փոխանցելու, ամեն ինչ հնարավորինս անկողմնակալ ու բազմակողմանի լուսաբանելու առաքելությամբ։ Բայց երբ տարիներ շարունակ լուսաբանում ենք որեւէ հասարակական գործչի գործունեությունը՝ պարզ շնորհակալություն անգամ չակնկալելով, իրավունք ունե՞նք նույն այդ հասարակական գործչից գոնե տարրական հարգանք ակնկալել, մեր աշխատանքի՝ թեկուզ հպանցիկ գնահատական։ Սակայն պարզվում է՝ տասնյակ, անգամ հարյուրավոր հոդվածներ ես տպել մի ընդդիմադիր գործչի մասին, պաշտպանել նրան, աջակցել, կողքին եղել դատարաններում ու բարիկադներում, մի աննշան հրապարակումից նա վրդովվել է, մոռացել մեր նախորդ բոլոր հրապարակումները եւ պատրաստ է քեզ հոշոտել ու ոչնչացնել։ Երբեմն ավելի անողոք ու դաժան քան քաղաքական դեմքերն ու պաշտոնյաներն են դա անում։ Արդյունքում հասկանում ես, որ հասարակական կոչվող գործիչները, որոնք առավոտից իրիկուն խոսում են խոսքի ազատության, մամուլի կայացման, ստրկամտությունն ազգի միջից հանելու, առողջ քննադատական մթնոլորտ ձեւավորելու մասին, ոչնչով չեն տարբերվում այն թալանչի պաշտոնյաներից, որոնք «ատում» են «Հրապարակը» եւ իրենց քննադատողներին։



Հասկանում ես, որ մեր երկիրը երբեք դեմոկրատական չի դառնա, եւ մամուլի, խոսքի ազատության գաղափարը երբեք չի հաղթանակի, եթե շարքային մարդուց մինչեւ մտավորական, քաղաքական գործչից մինչեւ հասարակ վարորդ մամուլը գնահատում են ըստ նպատակահարմարության, իրենց շահերի տեսանկյունից։ Իսկ հայ մարդը, ինչպես կյանքն է ցույց տալիս, միշտ մի պատճառ կգտնի լրատվամիջոցներին ու լրագրողներին փնովելու, նրանց արածը նսեմացնելու, վարկաբեկելու համար։ Մի դեպքում առիթը կարող է լինել իր կնոջ մասին գրված՝ իր տեսանկյունից քննադատական, մեր տեսանկյունից՝ տեղեկատվական բնույթի հոդվածը, մյուս դեպքում՝ իրեն ֆինանսավորող միջազգային կառույցի հասցեին «տհաճ» հրապարակումը, երրորդ դեպքում հոդվածի կառուցվածքը դուրը չի գա, չորրորդ պահին որեւէ պետական կառույցի ղեկավար կխնդրի «համարժեք արձագանքել հրապարակմանը» եւ այլն։



Ինձ հատկապես ցավ է պատճառում փաստաբանների վերաբերմունքը, որոնք իրենց գործառույթներով ամենից մոտն են մամուլին, եւ որոնց հետ լրագրողները միշտ գործընկերային հարաբերություններ են պահպանել։ Երբ Փաստաբանների պալատում տարաձայնություններ ծագեցին, մենք չէինք պատկերացնում, որ երկու թեւերի միջեւ հակամարտությունն այնքան կխորանա, որ նրանք մամուլը կբաժանեն «թշնամի ու բարեկամ» կատեգորիաների։ Որքան էլ ձգտեցինք զգույշ լինել եւ ձեռնպահ մնալ կարծիք հայտնելուց, որեւէ կողմին պաշտպանելուց, պարզվեց՝ մեղավոր ենք։ Ընդ որում՝ երկուստեք մեզ մեղադրեցին մյուս կողմին պաշտպանելու մեջ։ Չլուսաբանել, ըստ էության, հնարավոր չէ՝ դա կնշանակի անտեսել մեր կյանքի մի կարեւոր հատված, չտեսնելու տալ մի հսկա կառույց, որն առնչվում է հանրության տարբեր շերտերի հետ, ուստի հետաքրքրում է նրանց։ Իսկ ինչպե՞ս լուսաբանել, որ, ասենք, Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը մեզ չհամարեն «Արա Զոհրաբյանի պատվերը կատարողներ», իսկ զոհրաբյանական թիմն էլ չբողոքի, թե՝ «Վարոսի ու Լուսինեի տեռորն ազդել է ձեր վրա»։



Երբ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար «թվեր» ապահովող տնօրենների աղմուկը բարձրացավ, մամուլի շատ միջոցներ, այդ թվում՝ «Հրապարակը», կանգնեցին Դանիել Իոաննիսյանի կողքին՝ ստիպելով, որ դատական հայց ներկայացրած տնօրենները նահանջեն, իսկ Դանիելի անձնական կյանքի հրապարակումները դադարեցվեն։ Երբ այդ թոհուբոհն ավարտվեց, կարծում էինք, որ հասարակական գործիչ-մամուլ համագործակցությունը կշարունակվի, սակայն պարզվեց, որ Դանիել Իոաննիսյանն իր առջեւ խնդիր էր դրել մամուլի որոշ միջոցների «դիմակը պատռել»։ Նա sut.am հավակնոտ անունով կայք բացեց, որտեղ, ճիշտ է՝ հաճախ չեն նյութեր տեղադրվում, բայց ճշմարտություն բարբառողի աշտարակից խրատներ են կարդում լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հրապարակի» հասցեին։ Պարզվեց՝ հասարակական գործիչն ու իր նորաբաց կայքի խմբագրակազմն ավելի շատ մտահոգ են Սվիտալսկու շահերի պաշտպանությամբ, քան հայ լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների։ Ընդ որում՝ մերկապարանոց, առանց փաստերի։



Հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցներից սնվող տարբեր անձանց ու միավորների մասին էլի կարելի էր օրինակներ բերել, թե ինչպես են մամուլի կայացմանն ուղղվող գումարները նրանց իսկ ձեռքով մսխվում, վատնվում, ինչպես են նրանք սերտաճում իշխանությունների հետ եւ դառնում «համակարգի» մասը, ինչպես են կեղծ «ընդդիմություն» խաղում եւ խանգարում իրապես հասարակական կառույցների ստեղծմանը, բայց այսքանն էլ բավական է պատկերացնելու համար, որ մամուլն իր ամենօրյա աշխատանքում գրեթե գործընկերներ չունի եւ ստիպված է իր վրա վերցնել ուժից վեր բեռ՝ հանրությանն աջակցելու, պայքարի տանելու, առաջնորդելու, երբեմն՝ կրթելու ու բարձրացնելու, թեւ ու թիկունք լինելու, պաշտպանելու։



Արմինե ՕՀԱՆՅԱՆ