Ադրբեջանը Կասպից ծովում տեղի ունեցած պայթյունը կապում է հրաբխի ժայթքման հետ

Ադրբեջանը Կասպից ծովում տեղի ունեցած պայթյունը կապում է հրաբխի ժայթքման հետ

Կասպից ծովում կիրակի գիշեր տեղի է ունեցավ խոշոր պայթյուն։ Նախնական հաղորդումները դա կապում էին մերձակա ափերից դուրս տեղակայված նավթային հարթակների հետ:

Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունն ու տեսանյութ հրապարակել ։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (The State Oil Company of Azerbaijan Republic / SOCAR) հայտարարություն է տարածել՝ հերքելով նախնական հաղորդումները և ասելով, որ օֆշորային հարթակներում դժբախտ պատահարներ չեն գրանցվել:

«SOCAR-ի անմիջական հսկողության ներքո օֆշորային հարթակներում և արդյունաբերական հաստատություններում վթարներ չեն եղել, և աշխատանքը բնականոն շարունակվում է: Եթե լրացուցիչ տեղեկություններ լինեն, մենք կտեղեկացնենք հասարակությանը», - հայտարարել է նավթային ընկերությունը։

Երկրի էկոլոգիայի նախարարությունից հայտնել են, որ միջադեպը հետաքննության ներքո է, իսկ ըստ նախնական պատճառն ասվում է, որ հրաբխային ժայթքումն է:

Համացանցում տարածված տեսանյութերը ցույց են տալիս մեծ պայթյուն ծովում. Ջրերից բոց ու ծուխ է բարձրանում: Որոշ տեսանյութեր նկարահանվել են առափնյա գծից, իսկ մյուսները, կարծես, նկարահանվել են նավթային բեռնանավից:

Պայթյունի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Օրվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը որևէ ազդանշան չի գրանցել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներում կամ արդյունաբերական հաստատություններում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների նախարարության «մասնագետներն ուսումնասիրում են Կասպից ծովում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունները և ստուգում են դրանք»: