Հերթական թիրախը Շուշիի նախկին քաղաքապետն է
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արշավ է սկսվել նաև Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի նկատմամբ: Ճիշտ է՝ հալածանքներն առայժմ սոցիալական հարթակներում են՝ Սոնա անունով գրող-հրապարակախոս ներկայացող օգտատիրոջ կողմից, բայց Արծվիկ Սարգսյանը, կարծես կռահում է՝ ում հովանու տակ է ակտիվանում այս օգտատերը: «Կարծում եմ՝Հայաստանի գործող կառավարությունն է այս ամենի թիկունքում»:
Արծվիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ գրող-հրապարակախոսին զայրացրել է իր ելույթը Արտաշատում՝ Քոչարյանի միտինգի ժամանակ, որտեղ ինքը կոչ է արել սթափ մտածել ու ճիշտ ընտրություն կատարել: «Ասել եմ՝ եթե Քոչարյանն ընտրվի, մենք հնարավորություն կունենանք ազատարգել Շուշին ու տուն վերադառնալ: Քոչարյանին պաշտպանելս դուր չի եկել Սոնային: Ասա՝քո ի՞նչ գործն է, թե ում եմ պաշտպանում: Կարող է՝ Քոչարյանին չպաշտպանեմ, Սերժին պաշտպանեմ: Ոնց հարմար եմ գտնում, այդպես էլ անում եմ, դո՞ւ ով ես»:
Սարգսյանի ասելով՝ օգտատերը սուտ լուրեր է տարածում, թե իբր Շուշին քաղաքապետ Սարգսյանն է հանձնել ու հոկտեմբերին փախել Հայաստան, և սկսել Արտաշատում տուն որոնել: Ինքը, թեև սոցիալական հարթակներով պատասխանել է օգտատիրոջը, բայց հարկ համարեց մեկ անգամ ևս տեղեկացնել, որ Շուշիից դուրս է եկել նոյեմբերի 6-ին, երբ բնակիչներին արդեն տարհանած է եղել:
«Հոկտեմբերի 29-ին մարդկանց տարհանել եմ, տարել Գորիս ու գիշերով հետ եկել Շուշի: Էդ էն ժամանակ էր, երբ Արցախի նախագահը հայտարարեց՝թուրքը քաղաքից 5 կմ-ի վրա է: Ճիշտ է՝ բնակիչները թույլ չէին տալիս գիշերով վերադառնալ, որովհետև ճանապարհը վտանգավոր էր, բայց քանի որ ադրբեջնացիները Շուշիի մատույցներում էին, Գորիսում մնալ չէի կարող՝թեկուզ մի գիշեր: Վերադարձա Շուշի՝ գիշերվա 1-ի կողմերը: Քաղաքում մնացել եմ մինչև նոյեմբերի 6-ը, որի մասին փաստող տեսանյութեր ու լուսանկարներ կան: Թող չփորձեն պախարակել անունս, կեղծ լուրերով ստվեր չգցեն հեղինակության վրա»:
Գրող-հրապարակախոսը ԱԱԾ-ի ուշադրությունն է հրավիրում իբր Շուշիից նախօրոք դուրս եկած ու քաղաքը հանձնած Արծվիկ Սարգսյանի «դավաճանական» արարքի վրա: «Թրքամետ ջադու, հանգիստ պահիր քեզ, գրում ես՝ճիշտը գրի, սխալ ինֆորմացիա մի տարածիր: Ես Շուշիից դուրս եմ եկել նոյեմբերի 6-ին, իսկ Արտաշատում տուն եմ փնտրել նոյեմբերի կեսերին»:
Սոնա անունով օգտատերը ուշադրություն էր հրավիրում նաև Արծվիկ Սարգսյանի՝ դեռևս քաղաքապետի հաստիքով տրվող աշխատավարձի վրա: Սարգսյանից տեղեկացանք, որ աշխատավարձ է ստանում ոչ միայն ինքը, այլև՝ Շուշիի քաղաքապետարանի ողջ անձնակազմը: «Արցախ տեղափոխված 4600 բնակիչ ունենք,1500-ն էլ Հայաստանում են: Նրանց բնակարանային հարցեր կան. Գրանցում, ցուցակագրում, կոորցրած գույքի հաշվառում ու էլի շատ գործեր կան, որ դեռ անում ենք: Իհարկե՝աշխատավարձ ստանում ենք, բայց չէ՞որ աշխատում ենք»:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ օգտատիրոջ միջոցով իր դեմ սկսած արշավում խառն է նաև Արայիկ Հարությանունյանի մատը, Արծվիկ Սարգսյանը պատասխանեց. «Իրեն դեռ չեմ հանդիպել, մոտ օրերս տեսնելու եմ, եթե այդպես լինի՝ կզգամ»:
Կարծիքներ