Մանչեսթերյան ողբերգությունը

Մանչեսթերյան ողբերգությունը

Ժամեր անց անգլիական Մանչեսթեր հայտնի քաղաքը ներկայացնող ֆուտբոլային ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», Եվրոպայի լիգայի եզրափակչում կհանդիպի հոլանդական «Այաքսի» հետ եւ կփորձի տիրանալ բաղձալի գավաթին։ Սակայն, ինչ խոսք, ամենայն հավանականությամբ, «Յունայթեդը» եւ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգան սգո սեւ ժապավեններով՝ հարգանքի տուրք մատուցելով «Մանչեսթերի» արենայում մայիսի 22-ին ահաբեկչության հետեւանքով զոհվածներին։ Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո, Բրիտանիայի ամառային ժամանակով ժամը 22:33-ին, եւ արդյունքում, բացի 22 զոհից (որոնց մեջ կան երեխաներ եւ դեռահասներ), եւս 59 մարդ վիրավորվել է, որոշները ծայրահեղ ծանր վիճակում են։



Ըստ միջազգային ԶԼՄ-ների (Telegram եւ այլ լրատվամիջոցներ), արդեն իսկ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ այս պահին բրիտանական ոստիկանությանը հայտնի է Մանչեսթերում ահաբեկչություն իրականացրած անձի անունը՝ Սալման Աբեդի՝ 23-ամյա մահապարտ, ով նախկինում ահաբեկչության դեմ պայքար մղող բրիտանական հետախուզության դիտակետում է եղել։ Տվյալ դեպքում Սալման Աբեդին գործել է միայնակ՝ գործածելով ինքնաշեն պայթուցիկ սարք։ Նրա վերաբերյալ այլ տեղեկություններ դեռեւս չեն հայտնում։



BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունը որակել է որպես «սարսափելի ողբերգություն»՝ ավելացնելով, որ բրիտանական ոստիկանությունն ունի բոլոր հնարավորությունները եւ ռեսուրսները, որպեսզի համահավաք քննություն անցկացնի եւ բացահայտի իրական չարագործներին, որոնք հնարավոր է գործել են խմբով։ Մեյը նշել է նաեւ, որ այսուհետ մարզադաշտերն ու համերգային համալիրները լինելու են ոստիկանության խիստ հսկողության տակ․ «Սա ահավոր հարձակում էր, իր բնույթով բացարձակ բարբարոսական, սակայն ինձ համար մի բան հստակ է՝ մենք թույլ չենք տա ահաբեկիչներին հաղթել եւ ջնջել մեր արժեքները»։ Մանչեսթերում, ինչպես նաեւ մայրաքաղաք Լոնդոնում տեղի քաղաքային եւ ճանապարհային ոստիկանությունը մի քանի անգամ խստացրել է ծառայությունները, մանավանդ այն վայրերում, ուր մարդկային կուտակումներ են նկատվում։



Ոստիկանապետ Ջեյն Քոննորս․ «Մենք վճռական ենք տրամադրված եւ հավանական ահաբեկչական հարձակումներից ամեն կերպ պաշտպանելու ենք մայրաքաղաքը։ Սա նշանակում է, որ այս օրերի ընթացքում ուր էլ գնաք՝ համերգասրահ, խանութ, աշխատանքի, սպորտային ֆանտաստիկ միջոցառման, ձեզ հետ են լինելու ոստիկանության տասնյակ սպաներ, նաեւ ներքին ծառայության զինված մարտիկներ» (The Guardian):



Պայթյունից հետո տասնյակ ծնողներ փնտրում են իրենց երեխաներին՝ դիմելով թե իշխանություններին եւ թե սոցիալական ցանցերում գրանցված ակտիվ օգտատերերին՝ Ֆեյսբուքում եւ Թվիթերում տեղադրելով նրանց լուսանկարները։



Արամ ՊԱՉՅԱՆ