Դեմոկրատիայի թշնամիները

Դեմոկրատիայի թշնամիները

Դեմոկրատիայի թիվ մեկ կանոնը պետական ու հասարակական ինստիտուտների բաց, թափանցիկ, հրապարակային գործունեությունն է։ Իմաստն այն է, որ հարկեր վճարող քաղաքացին, ընտրողը հնարավորինս տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում կառավարման օղակներում, հասարակական եւ քաղաքական կազմակերպություններում, անգամ մասնավոր սեկտորում։ Զարգացած երկրներում սա ամրագրված է օրենսդրությամբ՝ տեղեկատվության ազատությունը, պետական մարմինների, կուսակցությունների, ընտրովի, տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը սահմանող օրենքներով։ Մեզանում էլ է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծվել, բայց կյանքում ճիշտ հակառակն է։ Երբ մի կաշառակեր չինովնիկ փորձում է թաքցնել, թե ինչ է կատարվում իր ղեկավարած կառույցում եւ փակում է լրագրողների առաջ դուռը, հասկանալի է, եւ դրա դեմ պետք է պայքարել։ Բայց ի՞նչ անել, երբ ինֆորմացիան պահողը ոչ թե չինովնիկներն են, այլ ժողովրդի ընտրյալները, կուսակցությունների առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Առավել ցավալի է, երբ տեսնում ես, որ այդ նույն վիճակն է տիրում նաեւ ընդդիմադիր դաշտում։ Գրեթե չկա մի մարմին եւ մի անձ, որի մասին հրապարակումը, այսպես ասած, հետեւանքներ չունենա։ Համենայնդեպս, մեր պրակտիկան դա է ցույց տալիս։ Ցանկացած, անգամ ամենաանմեղ լուր մեր քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին ցնցումների մեջ է գցում։ Սկսվում է լուրջ հետաքննություն, թե ով է արտահոսքի հեղինակը, իսկ պարզելուց հետո ուղղակի կարող են «սամասուդի» դիմել, մեր աղբյուրին մեկուսացնել ցանկացած ինֆորմացիայից։ Մոռանում են, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ տեղեկատվությունը, որը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, չի կարող հայտնի չդառնալ, որքան էլ 7 փակի տակ պահեն այն։