«Իգլայի» գործում գեներալ Մանվելի մարդի՞կ են

«Իգլայի» գործում գեներալ Մանվելի մարդի՞կ են

Գեներալ Սամվել Բաբայանի գործով զբաղվող ԱԱԾ քննիչները չեն դադարում նորանոր անակնկալներ մատուցել հանրությանը։ Նախ՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր էին գցել գրպանը, մեղադրելով մաքսանենգության մեջ, հետո մաքսանենգության դրդող դարձրին։ Հունիսի վերջին նոր մեղադրանք բարձրաձայնվեց՝ փողերի լվացում։ Իսկ հունիսի 13-ին էլ պարզվեց, որ փողերի լվացումը բառացի է կատարվել՝ Սամվել Բաբայանը քիմիական եղանակով «լվանալ» է տվել 5 հազար եվրո հափշտակված գումար, որը հատուկ նյութով ներկել ու հանել էին շրջանառությունից։ Այդ լվացած փողի համար նա 3 հազար դոլար է տվել, 50 հազար էլ խոստացել է «Իգլա» բերողներին։ Արդյոք 50 հազար ունեցողը 2 հազար դոլարի համար քրեական ծանր հանցանքի տակ կմտնե՞ր։ Մտածել է պետք։



Բուժականում քիմիկոս ունենք՝ աշխարհը չունի



Ազգային հերոս Սամվել Բաբայանի ուղեղը, եթե հավատանք ԱԱԾ-ին, հազարի տակ գործել է, ինչպես կգործեր փորձառու խարդախի ու զեղծարարի ուղեղը։ Նա, իմանալով, որ իր ռուսաստանցի ծանոթները «հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ» ունեն, շտապ կարգով մարդ է գտել՝ Կարեն Քոչարյանին, որն իր հերթին քիմիկոս է գտել Բուժական գյուղում՝ Ժորա Զաքարյանին, նրան մի քանի ներկած եվրո է տվել «հափշտակված խմբաքանակից», վերջինս էլ միայն Բուժականի քիմիկոսներին հայտնի լուծույթներով այնպես է լվացել եվրոները, որ դրանց վրայի ներկանյութն անհետացել է, հետո չորացրել ու հետ է տվել գեներալին։ Գեներալը եվրոների ողջ խմբաքանակը՝ 100 հատ 50 եվրոյանոց, գնել է 2 հազար 900 դոլարով ու երթուղային տաքսիով բերել է տվել Հայաստան։ Բայց ԱԱԾ աշխատակիցները դրանք առգրավել են։



«Հա, եղել են տենց բաներ, Ժորային հարցաքննությունների տարել են, բայց ես շա՞տ գիտեմ՝ նա քիմիկո՞ս է, թե՞ չէ»,- ասաց Բուժականի գյուղապետը, բայց խուսափեց այլ տեղեկություն հայտնել իր հանճարեղ համագյուղացի քիմիկոսի մասին, որին թեեւ մեղադրանք է առաջադրվել, բայց նա ազատության մեջ է։ Նա բարկացած էր ԶԼՄ-ներում տարածված լուրերից, թե իբր ինքն ասել է, որ Ժորա Զաքարյանը ոչ թե քիմիկոս է, այլ անասնապահ։ «Գյուղում ամեն մարդ էլ հող է մշակում ու անասուն է պահում, նշանակում է անասնապահ է ու ուրիշ մասնագիտություն չունի՞»։



Եվրոների գործը քննել են 10 ամիս, նոր միայն Բաբայանին մեղադրանք առաջադրել



Ուշագրավ են ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված ամսաթվերը։ «Կարեն Քոչարյանը Երեւանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երեւանում դրանք հայտնաբերվել եւ առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։ Ստացվում է, որ եվրոների քիմմաքրման գործն ԱԱԾ-ն բացահայտել է 2016 թվականի սեպտեմբերին, իսկ Սամվել Բաբայանին, որն այս տարվա մարտի 22-ից անազատության մեջ է, փողերի լվացման մեղադրանքն առաջադրել են միայն այս տարվա հունիսի վերջին։ Այսինքն՝ եվրոների գործը 10 ամիս քննել են, հետո նոր հասկացել, որ Բուժականի քիմիկոսը, Կարեն Քոչարյանը, նրա եղբայրը եւ այլոք կապ ունեն Արցախի հերոսի հետ։ Իսկ գուցե «Իգլայի» գործից բան դուրս չի եկել, եւ ԱԱԾ-ն որոշել է այնպես անել, որ եվրոյի քիմմաքրման գործով անցնողները Բաբայանի անո՞ւնը տան։



Ի դեպ՝ «Իգլայի» մասին



Ըստ պաշտոնական վարկածի, Բաբայանը 50 հազար դոլար է խոստացել Էջմիածնի բնակիչ Սանասար Գաբրիելյանին, եթե նա «Իգլա» բերի։ Վերջինս էջմիածինցիներ Արմեն Պողոսյանի եւ Հրաչյա Մայիլյանի հետ Վրաստանում բնակվող Ռ․-ին 38 հազար դոլար է խոստացել «Իգլայի» արձակման խողովակ բերելու համար։ 4 հազար դոլար կանխավճարի դիմաց նա, իբր «Իգլան» Վրաստանից բերել է գեներալ Մանվելի քաղաք։



Հրաչ Մայիլյանն այն պահել է իր ավտոտնակում, նկարներն ուղարկել Բաբայանին, որն էլ, իբր, հրահանգել է ռազմամթերքը տեղափոխել Արցախ, թաքցնել Նարիշտար գյուղում, տեղը նկարել, իրեն ցույց տալ՝ խոստանալով մի քանի օրում 50 հազար ԱՄՆ դոլար վճարել Հրաչին։ Բայց Հրաչը «տրուբեն» ներկայացրել է ԱԱԾ։ Հրաչին ու մյուս էջմիածինցիներին նախ մեղադրանք առաջադրվեց զենքի ապօրինի ձեռքբերման ու տեղափոխման համար, հետո հետապնդումը դադարեցրին։ Մաքսանենգության մեղադրանքն էլ հանվեց՝ հաշվի առնելով, որ խողովակը պատվիրատուներին փոխանցվել է ՀՀ տարածքում։ Բայց Բաբայանը դարձավ ոչ թե մաքսանենգ, այլ՝ դրդող։ Իսկ Վրաստանում բնակվող Ռ․-ն էլ հատուկ ծառայություններին մեկ այլ «տրուբի» տեղ է ասել՝ Արմավիրի Հայթաղ գյուղում։ «Փորձաքննությամբ հաստատվել է, որ այն եւս պիտանի է գործածության համար եւ հանդիսանում է ռազմամթերք»,- գրում է ԱԱԾ-ն։



«Իգլաները» Վրաստանից չեն բերված



Ազատամարտիկների շրջանում լուրեր են տարածվում, որ ոչ մի «Իգլա» կամ «Իգլայի» խողովակ Վրաստանից չի բերվել, որ դրանք ի սկզբանե «գցած» են եղել Էջմիածնում ու հարեւան գյուղում։ «Այդ «Իգլաների» մասին շատերը գիտեին։ Գրել են «Վրաստան», որ էջմիածինցիներին չնեղացնեն։ Երկու «Իգլաներ» կան, կիսատ- պռատ, որոնցից մեկը Հրաչին ասել են՝ բեր, նա էլ բերել է։ Դրանք պատերազմից հետո էնտեղ վերընգած են եղել։ Երբ որ իրենք տեսան, որ Սամվելին մեղադրել չի ստացվում «Իգլաների» համար, էդ «Իգլաներն» էլ ամբողջական զենք չեն, «Իգլայի» մաս են, հիմա էլ եվրոների պատմությունն են սարքել»,- ասում է մեր աղբյուրը՝ ազատամարտիկների շրջանակից։



Հրաչ Մայիլյանի մասին էլ պատմում են, որ նա գեներալ Մանվելի մարդկանցից է։ Ըստ Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի, Սամվել Բաբայանի անունը, որպես «Իգլայի» պատվիրատու, տվել է միայն Արմեն Պողոսյանը։ «Դա նրա ենթադրությունն է եղել»,- ասում է Քալաշյանը։ Ըստ փաստաբանի, Բաբայանն այս անձանցից ճանաչել է միայն Սանասար Գաբրիելյանին։ «Նա փոխգնդապետ է, նախկին ազատամարտիկ, ծառայել են միասին»։ Արդյո՞ք նա գեներալ Մանվելի մարդկանցից է։ «Ես չեմ կարող ասել»,- ասաց փաստաբանը՝ վստահեցնելով, որ շատ ասելիք ունի, սակայն պաշտպանական տակտիկայից ելնելով՝ չի ցանկանում վաղաժամ հայտարարություններ անել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ