Սիս համայնքի միակ դպրոցի տնօրենի պաշտոնը՝ կռվախնձոր

Սիս համայնքի միակ դպրոցի տնօրենի պաշտոնը՝ կռվախնձոր

Արարատի մարզի Սիս համայնքի միակ դպրոցում օգոստոսի 18-ին տնօրեն է ընտրվելու։ Կոլեկտիվում կրքեր են եռում, դպրոցի գործող տնօրեն, Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Սարգիս Սարգսյանի դեմ բողոքներ են գնում նախագահական, վարչապետի աշխատակազմ, նույնիսկ դատախազություն։ Տնօրենի պաշտոնի համար պայքարը Սիսում քրեական հուն է մտել։ Դպրոցի ուսմասվար Աննա Բեկունցի որդին ծեծել է տնօրեն Սարգիս Սարգսյանին։ Ծեծի պատճառը տնօրենը չգիտի։ «Ինձ համար էլ է զարմանալի, ամեն անգամ փշաքաղվում եմ, որ հիշում եմ։ Իմ աշակերտն է եղել, ախր, իմ սանը։ Նրա հայրն էլ պահակ էր դպրոցում»,- ասում է Ս. Սարգսյանը։



Տնօրենը մեր գյուղ խոպան է գալիս



Ուսմասվար Աննա Բեկունցը եւ մյուս դժգոհները համախմբված են հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Համեստ Աթանեսյանի շուրջ։ Նա Սիսի համայնքապետ Արմեն Եղյանի կինն է եւ օգոստոսի 18-ի ընտրությանն իր թեկնածությունն է դրել դպրոցի տնօրենի պաշտոնի համար։ Անստորագիր բողոք ստացել ենք նաեւ մենք՝ «Հրապարակ» թերթը։ Մանկավարժների անունից հանդես եկող հեղինակը երկու հիմնական թերացում է նշում՝ որ մաթեմատիկայի ուսուցիչ եւ տնօրեն Սարգսյանը մեռյալ հոգիներ է գրանցել, եւ որ նա իր դասաժամերը տապալում է։ «Տնօրենը մեր գյուղ խոպան է գալիս։ Փեսաներին գրանցել է դռնապահ ու պահակ, բայց համայնքում նրանց ընդհանրապես չեն տեսել, երբեւէ աշխատանքի չեն ներկայացել, սակայն ստացել են աշխատավարձ․․․ Դպրոցի տնօրենը մի քանի տարի 11-12-րդ դասարաններում վերցրել է մաթեմատիկայի դասաժամերը, վարձատրվել է դրանց համար, սակայն չի մտել դասարան եւ չի պարապել՝ աշակերտներին թողնելով անգրագետ»։ Նախագահի, վարչապետի աշխատակազմերից, Արարատի մարզպետարանից բողոքն ուղարկվել է կրթության եւ գիտության նախարարություն, որը վերջերս ստուգումներ է անցկացրել դպրոցում։ Տնօրենի «ընդդիմադիրները» ստուգողներից գոհ չեն։ Ասում են, որ նախարարության տեսուչները միայն տնօրենի մարդկանց են լսել, չեն շրջել գյուղով, աշակերտների եւ ծնողների հետ չեն զրուցել, իսկ իրենց արգելել են խոսել տեսուչների հետ։



«Այս դպրոցում իրոք խնդիր կա»



Լուրերի իսկությունն ստուգելու համար զանգահարեցինք կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին։ Նա արդեն պատրաստել էր Սիսի դպրոցում կատարած ուսումնասիրության արդյունքներն ու պատրաստվում էր դրանք ուղարկել վերադաս ատյաններ։ Ըստ Արամ Կարապետյանի, բողոքների հեղինակը Սիս համայնքի գյուղապետ Արմեն Եղյանն է, որի կինը՝ Համեստ Աթանեսյանը, տնօրենի երկրորդ թեկնածուն է։ «Այլ դիմումատու չկա, Եղյանն է դիմել նախագահին, վարչապետին, իրավապահ մարմիններին։ Մեր տեսուչները հանդիպել են եւ խոսել են բոլոր մանկավարժների հետ։ Մի մասը վստահեցնում է, որ տնօրեն Սարգսյանը պարկեշտ ձեւով եկել է դասերի, պարապել է իր դասաժամերը, եւ ոչ մի անգամ մեր երեխաները չեն բարձրաձայնել նրա բացակայության մասին։ Մատյանները, ինչպես կարգն է, ամբողջությամբ լրացված են իր ձեռքով։ Մյուս մասը, որոնք մյուս թեկնածուի համախոհներն են, ասում են, որ տնօրենը վատ է աշխատում։ Նույնը՝ պահակների հետ կապված։ Պահակներից ոմանք ասում են՝ մենք ցերեկային ենք, նրանք գիշերային էին, մենք նրանց ո՞նց տեսնեինք։ Մյուսներն էլ ասում են, որ չեն տեսել, որ տնօրենի փեսաները գան աշխատանքի։ Մենք արձանագրել ենք մեր ուսումնասիրության արդյունքները, գրել ենք, որ խնդիր կա։ Բայց քանի որ բողոքում նշված խախտումը ֆինանսական բնույթ է կրում, մասնագիտական եզրակացություն տալ չենք կարող։ Գյուղապետն էլ դիմել է նաեւ դատախազություն, կարծում եմ՝ հարցը պրոֆեսիոնալ ձեւով կվերլուծվի»,- հայտնեց Արամ Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս դպրոցում իրոք խնդիր կա։ Հետաքրքիր է, որ կրթության նախարարության տեսուչները, գալով Սիս համայնք, նախ գնացել են գյուղապետարան եւ գյուղապետ Եղյանին առաջարկել մասնակցել ստուգումների ընթացքին, սակայն նա մերժել է։



Դուք Սարգիս Սարգսյանի դեմ պայքարում եք, որովհետեւ Ձեր կինը ցանկանում է դպրոցի տնօրե՞ն դառնալ՝ հարցրինք գյուղապետին «Այո, ուզում է, բայց ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Իմ կինը Հայաստանի քաղաքացի է եւ բոլորի պես իրավունք ունի մասնակցել մրցույթին»,- ասաց Արմեն Եղյանը։



Տնօրենն ուղեղի ցնցո՞ւմ է ստացել



Ծեծի ենթարկվելու օրը Սիսի դպրոցի տնօրեն Սարգիս Սարգսյանին կանչել էին Երեւան՝ իր դեմ բողոքների թեմայով բացատրություն տալու։ «Տեսչությունից գալիս էի, ձեռքերս զբաղված նյութերով, մտա դպրոց, իմ նախկին աշակերտ Նարեկ Բեկունցը մոտեցավ ինձ, մտածեցի՝ բարեւում է։ Մեկ էլ հիշում եմ, որ ուշաթափված ընկա գետնին։ Արթնացա, տեսա հագուստս պատառոտված է, ծեծված՝ հատակին ընկած եմ։ Երեք րոպե չանցած՝ գյուղապետը եկավ այդ տղայի հետեւից։ Երեւի ուզում էին ինձ սադրել, որ ասեին՝ տնօրենը երեխա է ծեծում։ Բայց չստացվեց»,- պատմում է դպրոցի տնօրենը, որն այս դեպքից հետո ուղեղի ցնցում է ստացել։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ, իսկ Նարեկ Բեկունցին, որն Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի սան էր, այս դեպքից հետո ազատել են ճեմարանից։ Նրա մայրը՝ ուսմասվար Աննա Բեկունցը, հուսահատված է այս դեպքից հետո։ Նա մեզ բացատրեց, որ տնօրենին ծեծելով՝ Նարեկը պաշտպանել է իր եւ ամուսնու՝ դպրոցի պահակ Արմեն Բեկունցի պատիվը։ Ըստ ուսմասվարի, տնօրեն Սարգսյանը մշտապես վիրավորել ու նվաստացրել է իրեն եւ ամուսնուն։ «Շատ պատվարժան մարդիկ սողում են նրա առաջ, իսկ ես չեմ շողոքորթել, չեմ ստորացել ու քծնել, ես բարձրաձայնել եմ նրա ֆինանսական զեղծարարությունների մասին։ Ես այս դպրոցի հիմքն եմ դրել, ամբողջ կոլեկտիվը փռվում է նրա առաջ, իսկ ես՝ ոչ։ Դրա համար էլ նա ինձ անընդհատ փորձել է վիրավորել ու նվաստացնել, ինձ եւ իմ ամուսնուն»,- պատմում է Աննա Բեկունցը՝ վստահեցնելով, որ ինքն արժանապատիվ տղա է դաստիարակել, իսկական հոգեւորական։ «Տղաս չդիմացավ, որովհետեւ երեք տարի է՝ նա ինձ նեղացնում է, լացացնում է։ Երկու անգամ խոսել են տնօրենի հետ, ասել են՝ կին է կանգնած դիմացդ, բայց ոչինչ չօգնեց»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ