8 միլիարդ, որ ավելի շուտ անվճար պանրի է նման, քան ներդրման

8 միլիարդ, որ ավելի շուտ անվճար պանրի է նման, քան ներդրման

ԱՄՆ եւ ԵՄ կառույցները Հայաստանին միլիարդավոր դոլարներ են առաջարկում, իսկ ՀՀ իշխանությունները չեն ուզում կամ հապաղում են արձագանքել այդ գայթակղիչ առաջարկին: Պատկերացնո՞ւմ եք` ՀՀ իշխանությունները հրաժարվում են փողից:



«Ժառանգությունում» ոչ միայն պատկերացնում են, այլեւ անհանգստանում են ՀՀ իշխանությունների վարքի մեջ այդ անսպասելի փոփոխությունից: Ահավասիկ՝ հայտարարել են. «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ` Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ»: Փաստորեն, փողն այնտեղ դրած` ՀՀ իշխանությունները չեն ուզում վերցնել: Ես չեմ հավատում, որ դա հենց այդպես է: Ես «Ժառանգությանը» եւ մանավանդ Րաֆֆի Հովհաննիսյանին չեմ հավատում:



ԱՄՆ դեսպանն ասել է՝ 8 միլիարդ դոլար կներդնենք Հայաստանի էներգետիկայի բնագավառում: Ստում է ԱՄՆ դեսպանը: Իրականում նա ոչ թե ներդրումների մասին է խոսում, այլ հայտարարում է այն գինը, որով ԱՄՆ-ն պատրաստ է փաթեթով գնել Հայաստանը: Աճուրդ է` 8 միլիարդ` 1… 8 միլիարդ` 2… Ո՞վ կտա ավելին… 8 միլիարդ… 9 միլիարդ… Եվ այսպես շարունակ: Տեսնես ի՞նչ արժենք մենք:



«Ժառանգությունում» գյուտ են արել. «Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը»։ Թազա խաբար: Մոռացել են միայն նշել, որ էներգետիկ անկախությունը նաեւ քաղաքական անկախություն է: Սա` ոչինչ: Իրենք ասում են` «իրական անկախություն»: Անկախության իրականը ո՞րն է: Ինձ մեկ հատիկ «իրական անկախ» երկրի անուն տվեք: Մեծ Բրիտանիայի անկախությունը, օրինակ, իրակա՞ն է: Brexit-ը քաղաքական լրջագույն քայլ էր: Մեծ Բրիտանիայի ժողովուրդը գնաց այդ քայլին, այլ խոսքով` ձեռնոց նետեց ԵՄ-ին եւ պատրաստակամություն հայտնեց չեղյալ համարել ԵՄ-ի հետ, «Ժառանգության» տերմինով ասած` «հակապետական» շատ պայմանագրեր: ԵՄ-ի պատասխանը չուշացավ: Ասացին՝ հարց չկա, բայց, նախ, բարի եղեք մինչեւ գործընթացի ավարտը կատարել ԵՄ հանդեպ բոլոր ֆինանսական պարտավորությունները: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Գերմանիայի խոշորագույն ֆինանսական կազմակերպությունը՝ Deutsche Bank-ը, Brexit-ի պատճառով մտադիր է Մեծ Բրիտանիայի հաշիվներից 350 միլիարդ դոլար տեղափոխել Մայնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա): Այս ծրագիրը կիրականացվի կես տարվա ընթացքում՝ սկսած 2018թ. աշնանից: Իսկ ի՞նչ կկատարվի Լոնդոնում, երբ նման հայտարարություններով հանդես գան նաեւ ԵՄ մյուս համեմատաբար խոշոր ֆինանսական կազմակերպությունները: Բրիտանիայում զգում են այդ վտանգը, նույնիսկ առաջարկում են կասեցնել ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը, չնայած, որ այն սկսվել է հայտնի հանրաքվեով:
«Ժառանգությունը» մեզ նույնիսկ հարցը քննարկելու ժամանակ ու հնարավորություն չի տալիս: Իրենք վստահ են, որ «Հայաստանում կան էներգետիկ այլընտրանքային աղբյուրների բազմազանության հնարավորություններ՝ ի դեմս Իրանից էներգակիրների ներմուծումից, մինչեւ վերականգնվող էներգիայի տեղական արտադրություն»։ Ներողություն, բայց ես չեմ հավատում, օրինակ, Իրանից էներգակիրների (գազի) անխափան ներմուծման հնարավորությանը: Կա՞ն երաշխիքներ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ն հերթական էմբարգոն չի կիրառի կամ մի նոր պատերազմի մեջ չի ներքաշի այդ երկիրը: Սեւա՞նն է մեր այլընտրանքը: Երեք օր առաջ մեկ դույլ ջուր ավելի բաց թողնելու համար ինչ կռիվ էին սարքել: Իսկ գուցե Վրաստանի հետ պայմանավորվենք ու նրա միջոցով նստենք ադրբեջանական գազի վրա՞: «Ժառանգության երեւակայությունը, ինչպես տեսնում եք, սահման չունի:



Շլացած Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների մասին ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնական հայտարարություններից` «Ժառանգությունը» պահանջում է չեղյալ հայտարարել 2013 թվականին կնքված Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը, որովհետեւ այն արգելանք է Հայաստանի էներգետիկ զարգացմանը: Շատ տպավորիչ է: Հետաքրքիր է իմանալ` այդ նույն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ինչքա՞ն կավելացնեն գումարը, եթե մենք, չընկնելով «Գազպրոմի» նման մանր օբյեկտի հետեւից, միանգամից պատերազմ հայտարարենք Ռուսաստանին: Իրական անկախության մասին են, չէ՞, խոսում: Ուրեմն էլ ինչո՞ւ մանրանալ, «Գազպրոմի» պայմանագիր խզել, ավելորդ տեղը գնալ Մոսկվա, գալ… Գերմանիան, երեւի, ապուշ է, որ Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք-2» գազամուղն է կառուցում, որպեսզի կախում չունենա Ուկրաինայի նման շիզոֆրենիկ երկրից: ԱՄՆ-ն Ուկրաինային էլ միլիարդներ խոստացավ: Պատկերը մեր առջեւ է` Ղրիմը չկա, Դոնբասը չկա, Արեւմտյան Ուկրաինայի վրա աչք ունի ԵՄ միանգամից մի քանի երկիր, եթե ԱՄՆ-ն փորձի վերջնականապես դադարեցնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի արտահանումը Եվրոպա` աշխարհամասն իր ազդեցության տակ բերելու նպատակով:



Հայաստանը պետք է «Իրավական եւ գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի եւ մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու եւ պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար»: Ես սրա հետ լրիվ համաձայն եմ: Եկեք հնարավոր ամեն ինչ անենք մեր անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման համար: Պարզապես դա պետք է անել՝ հասկանալով, մեր շուրջն ընթացող գործընթացները կշեռքի նժարի վրա դնելով, ծանր ու թեթեւ անելով, ամեն ինչում մեր իսկական շահը հետապնդելով: Այդպես են վարվում բոլորը: Եվ այնքան էլ խելացի չէ 8 միլիարդի վրա հարձակվելը, երբ այն ավելի շուտ անվճար պանրի է նման, քան ներդրումի: Ո՞վ է խանգարում ԱՄՆ-ին այդ գումարով ՋԷԿ-եր կառուցել Հայաստանում եւ քաղաքներին կենտրոնական ջեռուցում տալ, լուսավորել քաղաքների միջեւ ձգվող ճանապարհները, ինչպես դա արել է Վրաստանի ծովափնյա շրջանում։ Վերջապես՝ ո՞վ է խանգարում ԱՄՆ-ին այդ գումարը ներդնել այլ ոլորտներում, գործարան հիմնել ու աշխատատեղ ապահովել: Ինչ է, այդ գումարը պատրաստ են ներդնել միայն «Գազպրոմի» դեմ «խիպիշ» անելո՞ւ մեջ:



«Ժառանգությանը» խորհուրդ եմ տալիս Դոնալդ Թրամփից հետաքրքրվել` կտա՞ մեզ այդ 8 միլիարդը, եթե մենք օր առաջ ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը: Ինչո՞ւ եմ սա ասում: Որովհետեւ նույն «Ժառանգության» պահանջն է` հենց այսօր ճանաչել ԱՀ անկախությունը: Բա որ Թրամփը խռովի ու էներգետիկ անկախության փողը չտա՞:
Մենք շատ մակերեսային անդրադարձանք «Ժառանգության» հերթական հայտարարությանը, բայց այդ մակերեսային ընթերցումն էլ բավական է հասկանալու համար, որ սա ոչ թե երկրի ճակատագրով մտահոգ ուժի, այլ լոբբինգային կազմակերպության հայտարարություն է, ոչ ավելին: Դա է պատճառը, որ գրանտասուն լրատվամիջոցները, ասես մեկի հրամանով, այս երկու օրվա մեջ հասցրել են տասնյակ հոդվածներ հրապարակել «Ժառանգության», ներողություն արտահայտությանս համար, այս «հայրենասիրական» ապուշության մասին: Մանավանդ զզվելի է, երբ գրում են, թե «Ժառանգությունն» «էներգետիկ անկախության» մասին իր այս հայտարարությամբ լուրջ հայտ է ներկայացնում՝ համախմբելու Հայաստանի ընդդիմությանը ոչ միայն փողոցում, այլեւ խորհրդարանում: Երեւի ԱՄՆ դեսպանն էլ կարդում եւ ուրախանում է Հայաստանի քաղաքական դաշտում իր երկրի հաջողություններով:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ