Դասագրքերից վարժությունները հանեցին, գրեցին տետրերի մեջ, որ ծնողի գրպանից փող հանեն

Դասագրքերից վարժությունները հանեցին, գրեցին տետրերի մեջ, որ ծնողի գրպանից փող հանեն

Դպրոցներում պարտադիր համարվող աշխատանքային տետրերի վերաբերյալ դժգոհություններն ամեն սեպտեմբերի 1-ից առաջ թարմանում են։ Ծնողները գանգատվում են, որ դրանք թանկ են եւ, գումարվելով դասագրքերին, հագուստին, պայուսակներին, ավելացնում են իրենց ֆինանսական բեռը եւս մի քանի հազար դրամով։ Մեկ տետրը ստանդարտ գին ունի՝ 350 դրամ։ Տարեկան երեխան օգտագործում է 10-15 տետր։ ԿԳՆ հանրակրթական վարչության պետ Աշոտ Արշակյանը պնդում է, որ տետրերի օգտագործումը պարտադիր չէ։ «Օգտագործվում են միայն այն տետրերը, որոնք երաշխավորված են նախարարության կողմից։ Մենք բոլոր մարզերին շրջաբերականներ ենք ուղարկել, որում նշել ենք, որ դրանք պետք է օգտագործվեն բացառապես ծնողների ցանկությամբ»։ «Ծնողի ցանկությամբ»-ը գործնականում ֆիկցիա է։ Ինչպե՞ս պետք է ծնողը հրաժարվի տետրից, եթե ուսուցչուհին այդ տետրի վարժություններն է հանձնարարում, աշակերտներն էլ դրանցով են տնային աշխատանք կամ ստուգողական կատարում։ Կամ՝ եթե նախարարությունը երաշխավորում է, իսկ ԳԹԿ-ն հետեւում է տետրերի իրացմանը, ո՞վ կարող է ինքնագործունեությամբ զբաղվել ու հրաժարվել դրանցից։ Այն դպրոցներում, որոնք կհրաժարվեն «երաշխավորված» նյութերից՝ տետրերից, ստուգողականների թեստերից, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կարող է խստագույն ստուգումներ անցկացնել եւ պրոբլեմներ ստեղծել։ Ահա ինչու դպրոցները գերադասում են չխախտել նախարարության եւ ԳԹԿ-ի «երաշխավորագրերը»։ 



Կրթության չինովնիկների գայթակղությունը մեծ է



Տետրերը հիմնականում կազմում են դասագրքերի հեղինակները։ Ամեն դասագիրք կից ունի իր տետրը։ Ինչպե՞ս է որոշվում, թե որ հեղինակի աշխատանքն ընդունել, որինը՝ ոչ։ Հանրակրթության վարչության պետը բացառում է կոռուպցիոն ռիսկը։ «Չի կարող նման բան լինել։ Բացի կրթության նախարարությունից, կա նաեւ Կրթության ազգային ինստիտուտ։ Ցանկացած մասնագետ ուսումնաօժանդակ նյութերը կարող է իր ցանկությամբ ուղարկել փորձաքննության։ Մինչեւ տպելը»,- ներկայացնում է Աշոտ Արշակյանը։ «Դասագրքի հեղինակը, որպես լրացուցիչ նյութ, տետրն ուղարկում է նախարարություն, հետո այն ուղարկվում է Կրթության ազգային ինստիտուտ՝ փորձաքննության։ Ոչ միայն տետրերը, այլեւ ցանկացած օժանդակ նյութ։ Կրթության ինստիտուտը եզրակացություն է տալիս՝ ինչ-ինչ չափանիշներից ելնելով, թե արդյոք դա համապատասխանո՞ւմ է տվյալ տարիքային խմբին, ուսումնական ծրագրին եւ այլն, դրանից հետո նախարարի հրամանով կարող է երաշխավորվել»։ Բայց գաղտնիք չէ, որ կրթության ոլորտի պաշտոնյաները մեծ գայթակղություն ունեն կառավարելու դասագրքերի, շտեմարանների, տետրերի ու ստուգողական թեստերի բիզնեսը՝ ստվերային մեծ եկամուտներ ստանալով դրանից։



Տետրերից հրաժարվելու փորձ եղել է



2013 թ․ գնահատման նոր համակարգ ներդրվեց դպրոցներում, մշակվեց գրավոր աշխատանքների քանակ: Բայց քանի որ ոչ բոլոր ուսուցիչներն էին ի վիճակի գրավոր աշխատանքներ կազմել, ուսուցիչների համար այդպիսի աշխատանքների նմուշներ կազմեցին, սահմանեցին հրատարակչությունների ցանկ, որոնք իրավունք ունեին տպել նման նյութեր։ Ընդ որում, հաճախ անհայտ հրատարակչությունների էր այդ արտոնությունը շնորհվում, ասենք՝ «H&H» ՍՊԸ-ին։ Ծնողները, որոնք ստիպված էին 5-6 հազարի տետր գնել երեխաների համար, բողոքեցին, եւ նախարարությունն ստիպված եղավ արգելել տետրերի վաճառքը դպրոցում։ Հետո, սակայն, պաշտոնյաներն իրենց եկամուտները պահպանելու զարտուղի տարբերակ գտան։ Նախարարությունը երաշխավորեց թեմատիկ եւ կիսամյակային ստուգողական աշխատանքների տետրեր, որոնք ներքին կարգով պարտադրում էին դպրոցներին։ Այդ տետրերի վաճառքից մեծ գումարներ էին ստանում, եւ այսօր էլ այս համակարգում գրեթե ոչինչ չի փոխվել։ Միայն թե մարդիկ հոգնել են պայքարել այս երեւույթի դեմ, իսկ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները, որոնք նախկինում երբեմն հրապարակային քննադատություն էին հնչեցնում, այսօր արդեն ավտոմատ դրական եզրակացություններ են տալիս։ Մեր տեղեկություններով, այսօր էլ տետրերի բիզնեսի գլխին Գնահատման եւ թեստավորման կենտրոնն է կանգնած, իսկ նախարարությունից այս ոլորտի հայրը, ըստ մեր աղբյուրների, կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն է, որը ԳԹԿ-ի կուրատորն է։



Մանուկ Մկրտչյան․ կոռուպցիա չկա



Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, սակայն, հայտարարում է, որ ոչ մի կոռուպցիա դասագրքերի, տետրերի, դպրոցական այլ ձեռնարկների տպագրության հարցում չկա։ Նա վստահեցնում է, որ կան դպրոցներ, որոնք տետրեր, թեմատիկ ստուգողականներ, ԿԳՆ երաշխավորած այլ նյութեր չեն օգտագործում։ Ոսուցիչներն իրենք են հանձնարարություններ մշակում, սակայն թե որ դպրոցներն են դրանք, չի նշում։ Թեմատիկ ստուգողականների հարցերը նախօրոք իմանալով՝ երեխաները կարող են պատրաստվել, որքանո՞վ է այդ նյութերի օգտագործումն արդյունավետ։ «Ուսուցչի գործն է, կարող են վերցնել թեմատիկ ստուգողականների նյութը, ձեւափոխած տալ։ Դրա համար էլ արգելել ենք պարտադրանքը։ Որ ուսուցիչը որ կկարողանա ինքը կազմել, թող կազմի»,- ասում է պաշտոնյան։ Նա պաշտոնապես հայտարարում է, որ տետրերի, դասագրքերի կամ այլ նյութերի տպագրության ոլորտում կոռուպցիա չկա։ Մինչդեռ մեր աղբյուրները հենց Մանուկ Մկրտչյանի անունն են տալիս՝ որպես այս ոլորտի «հայր»։ «Ես համոզվել եմ, որ Հայաստանում կոռուպցիոն ռիսկի մասին խոսում են հենց նրանք, ովքեր իրենք էլ կոռուպցիոն ռիսկերի մեջ են,- հակադարձում է Մկրտչյանը։- Պետք է սկսեք հաշվել, որտեղ կա եկամուտ, որտեղ չկա, հետո նոր պնդում անեք։ Գնացեք-խոսեք հրատարակչությունների հետ, տեսեք՝ որ հրատարակչությունն ինչ եկամուտ է ստանում տետրերի տպագրությունից, նոր խոսեք։ Ձեր պատճառով չենք կարողանում գյուղերից երեխաներին բերենք թատրոն, թանգարաններ։ Հենց տնօրենը կամ ուսուցիչն ուզում է մի երկու կոպեկ փող հավաքել, անպայման գտնվում է մեկը, ով աղմուկ է բարձրացնում, բողոքում է, կոռուպցիայից է խոսում»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ մեր թերթից էլ դժգոհներ կան, բայց կան նաեւ մարդիկ, որոնք ամեն առավոտ «Հրապարակ» են կարդում։



Դասագրքերից վարժություններն ինչո՞ւ են հանել



Ուսուցիչները տետրերի հարցում միակարծիք չեն։ Մի մասը պնդում է, որ դրանք պետք չեն։ Մյուսները՝ որ օգտակար են։ «Իրականում տետրերը մեզ պետք են, որովհետեւ դասագրքերը հագեցած չեն առաջադրանքներով,- ասում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ա․ Հ․-ն։ - Տետրեր կան՝ առաջին դասարանից մինչեւ վերջինը, բայց մենք դրանք օգտագործում ենք հիմնականում տարրական դպրոցում։ Հինգերորդ դասարանում մի տետր ենք վերցնում։ Դասագրքերում վարժություններ չկան, մինչդեռ երեխայի ստացած ինֆորմացիան անհրաժեշտ է ամրապնդել։ Պարտադրանքը կոպիտ է հնչում, մենք չենք պարտադրում, ամեն օր իրենք դրանցով են պարապում։ Բայց գիտեմ դպրոցներ, որոնց բարձր դասարաններում պարտադրում են գնել տետրերը։ Ես ինքս չեմ պարտադրում։ Ինձ համար մեկ-երկու օրինակ եմ պահում ու ինքս եմ ստեղծում վարժություններ, դրանք բազմացնում ու բաժանում երեխաներին։ Ես երիտասարդ եմ, ունեմ այդ հնարավորությունը, բայց ամեն մեկը չի կարող այդքան ժամանակ ծախսել ու միջոցներ»,- ասում է երիտասարդ ուսուցչուհին։ Նա Վաչագան Սարգսյանի հեղինակած դասագրքերն ու տետրերն է նախընտրում եւ դժգոհ է Փառանձեմ Մեյթիխանյանի դասագրքերից եւ շտեմարաններից։ «Նա Հովհաննես Բարսեղյանի հետ համահեղինակ է, բայց Բարսեղյանը մահացած է, իսկ նա վերցրել է՝ Հովհաննես Բարսեղյանի դասագրքերում մի քանի բառ փոխել ու իբրեւ դասագիրք է ստեղծել։ Հայոց լեզվի գրքում ոչ մի վարժություն չկա, 8-9-րդ դասարաններում ինչպե՞ս պետք է առանց վարժությունների լեզու սովորեցնես։ Հիշում եմ՝ մեր դասագրքերում ամեն դասից հետո վարժություններ էին, հիմա ոչ մի հատ չկա, միայն տեսություն է»։ Ստացվում է, որ դասագրքերի հեղինակները գրքերից հանել են վարժությունների մասը եւ առանձին վաճառում են ծնողներին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդպես ավելի՞ ձեռնտու է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ