Պաշտոնյաների գործուղումների «ամառային» էֆեկտները

Պաշտոնյաների գործուղումների «ամառային» էֆեկտները

Կառավարության անդամները, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ամռան այս ամիսներին, որոնք նաեւ հանգստի ակտիվ շրջան են, անցկացնում են գործուղումների մեջ։ Այսպես կոչված՝ հաճելին զուգակցում են օգտակարի հետ, սակայն գործուղումների մասին պաշտոնական հաշվետվություններն ուսումնասիրելով՝ տպավորություն է ստեղծվում, թե ավելի շատ հաճելի է, քան օգտակար։ Գործուղումներից վերադառնալով՝ չինովնիկները հաշվետվություններ են ներկայացնում վարչապետին, որոնք հաճախ «ինչպես անցկացրի ամառային արձակուրդս» թեմայով դպրոցական շարադրությունների են նմանվում։



Նախ նկատենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում իրականացված գործուղումների զգալի մասն ԱՊՀ երկրներում է անցել՝ Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Ղրղզստան։ Օրինակ՝ վերջին գործուղումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանի օգոստոսի 22-23-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կատարած գործուղումն է։



Դրանից մոտ 20 օր առաջ էլ երկու օրով Մոսկվա էր մեկնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Դրանից էլ մեկ շաբաթ անց 2 օրով մեկնել էր Ղազախստան։ Տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանն էլ օգոստոսի 4-5-ը մեկնել էր Ղրղզստան՝ մասնակցելու ինչ-որ խորհրդակցության, որի վերաբերյալ ներկայացված է մանրամասն ու երկար հաշվետվություն, թե ինչ են քննարկել, Հայաստանն ինչ է առաջարկել, ինչ փաստաթղթեր են ստորագրել։ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հարեւան Վրաստանում էր։



Բացի այս երկրներից, քիչ չեն նաեւ գործուղումները եվրոպական, նաեւ՝ Հեռավոր արեւելքի եւ Աֆրիկայի էկզոտիկ երկրներ։ Օրինակ՝ մշակույթի նախարարության ինչ-որ գործակալության առաջին կարգի մասնագետ Օլգա Ղուկասյանն այս տարվա հուլիսի 27-31-ը մեկնել էր Աֆրիկա մայրցամաք՝ Կոտ Դ՛Իվուար, որտեղ մասնակցել է հուլիսի 21-30-ն անցկացված Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային մարզամշակութային խաղերին։ Նրա հետ մեկտեղ այս երկիր են մեկնել նաեւ այդ խաղերին մասնակցած խմբերը։ Հաշվետվությունից երեւում է, որ Ղուկասյանն այնտեղ զբաղվել է խմբերի կազմակերպչական հարցերով։ Այդ խաղերին սպորտի բնագավառից մասնակցող մեր մարզիկներն արժանացել են բարձր պարգեւների՝ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների։ Բայց միայն Օլգա Ղուկասյանը չէ այս նախարարությունից, որ եղել է աֆրիկյան այս պետությունում։ Պարզվում է՝ Կոտ Դ,Իվուարի հետ մենք շատ սերտ կապեր ունենք։ Նրանից բառացիորեն օրեր առաջ էլ՝ հուլիսի 21-25-ին, այս երկիր էր մեկնել մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ տիկին Սամուելյանը նույնպես նույն նպատակով էր մեկնել, եւ նույն հաշվետվությունն էր ներկայացված, ինչ Օլգա Ղուկասյանի դեպքում, որտեղ նկարագրված է, թե երբվանից է Հայաստանն անդամակցում Ֆրանկոֆոնիայի շարժմանը, ինչ խաղեր են դրանք, ովքեր են մասնակցել այդ խաղերին եւ ինչ պարգեւների արժանացել։ Ստացվում է, որ նույն նախարարությունից մեկը թռչում է Աֆրիկա՝ մասնակցելու ինչ-որ միջոցառման բացմանը, հետո մեկ ուրիշը մեկնում է՝ մասնակցելու բուն խաղերին․ կարելի էր մեկին էլ հատուկ փակմանն ուղարկել։ Եվ այդ բոլոր գործուղվածները, բառացիորեն, նույն հաշվետվությունն են ներկայացնում վարչապետին։



Հուլիսի 17-21-ն Ասիական զարգացման բանկի հրավերով հեռավոր Հարավ-արեւելյան Ասիայի երկրներից մեկը՝ Ֆիլիպիններ էր մեկնել արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Մեկնել էր մասնակցելու «Տիեզերահեն եւ հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառմամբ աղետների կայունության ամրապնդմանը տեխնիկական աջակցություն» խորագրով տարածաշրջանային աշխատաժողովին։ Քննարկման թեմաներն էլ եղել են Ասիական զարգացման բանկի պիլոտային ծրագրի ամփոփումն ու նոր ծրագրերի քննարկումը։



Հուլիսի 17-19-ը, ապա 20-22-ն ընկած հատվածում էլ Չեխիայի Հանրապետություն էին մեկնել, համապատասխանաբար, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Ալթունյանը Չեխիա էր մեկնել իր չեխ կոլեգայի հրավերով՝ նրա հետ հանդիպման եւ ինչ-որ համաժողովի մասնակցելու։ Վերադառնալով՝ նա մանրամասն հաշվետվություն է ներկայացրել, թե ում է հանդիպել, ինչ են քննարկել, ինչ ելույթներ է ունեցել եւ այլն։ Նույն երկիր կատարած իր այցելության վերաբերյալ չափազանց հակիրճ հաշվետվություն է ներկայացրել նաեւ Դավիթ Հարությունյանը, որը շատ նման է երկրի նախագահի այց-հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններին՝ «քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ դատաիրավական համակարգին եւ իրավական փոխօգնությանը վերաբերող», ամենակարեւորը՝ Դ․ Հարությունյանը, պարզվում է, հասել է Պրահա, որ իր կոլեգային «ներկայացնի ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների արդյունքները եւ խորհրդարանական կառավարման մեր փորձը»։ Այսքան բան։ Հանդիպումից հետո էլ, բնականաբար, գնացել են մի տեղ՝ ուտել-խմելու եւ չեխական գարեջուր խմելու։ Այդ մասին, իհարկե, նշված չէ հաշվետվության մեջ, բայց տեքստից անկեղծորեն գարեջրի հոտ է գալիս։



Լավ է, որ կառավարման ոլորտում մտցվել է գործուղումներից հետո հաշվետվություն տալու ավանդույթը, շատ լավ է, որ դրանք տեղադրվում են e-gov.am կառավարության կայքում, բայց անգամ մեծ ցանկության դեպքում այս հաշվետվություններից չի երեւում դրանց արդյունավետությունն ու երկրի շահերից բխելը։ Տպավորություն է ստեղծվում, որ մեր չինովնիկներն ուտել-խմելու, պետության հաշվին ման գալու, անիմաստ գործուղումների վրա ժամանակ մսխելու համար են ստեղծված։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ