Ի՞նչ կտա մեզ պղնձաձուլարանի կառուցումը

Ի՞նչ կտա մեզ պղնձաձուլարանի կառուցումը

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը սկսել է չինացիների հետ բանակցել Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու շուրջ։ Ձուլարանը նախատեսվում է կառուցել Ալավերդիում, որտեղ պղնձի հանքարդյունաբերություն կա։



«Մենք ներկայում քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի պատրաստենք տեխնիկատնտեսական հիմնավորումները՝ Հայաստանի Հանրապետությունում պղնձաձուլարանի կառուցման մասով։ Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են, մենք մեր չինական գործընկերների հետ աշխատում ենք, եւ երբ որ նորություն լինի, կտեղեկացնենք»,- երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նախարարը նշեց, որ մոտ 300 մլն․ դոլարի ներդրում է պահանջվելու դրա համար։



Հետաքրքիր է, որ մեր կառավարությունը վերջապես եկել է այն որոշման, որ Հայաստանում անհրաժեշտ է ձուլարան կառուցել, որպեսզի հանքից ստացված պղնձի խտանյութը ոչ թե արտահանվի, այլ տեղում մշակվի եւ որպես «ֆինիշպրոդուկտ»՝ պատրաստի արտադրանք, իրացվի թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում։ Թե ինչու մինչեւ հիմա չէին ցանկանում այս քայլին գնալ, տարբեր պատճառներ կան։ Նախ՝ ներդրումների խնդիրը․ դա նախորդ կառավարությունների օրոք պատճառաբանում էին նրանով, որ ձուլարան կառուցելու համար մեծ փողեր, ներդրողներ են պետք, եւ հնարավոր է՝ արդյունավետ չլինի։ Իսկ այսպես շատ ավելի հեշտ է՝ հանում են խտանյութը եւ միանգամից ուղարկում Գերմանիա, եվրոպական այլ երկրներ։ Այս երկրներն էլ մեզնից գնած մետաղը մշակում են, դրանից պատրաստում տարբեր մետաղական իրեր, օրինակ՝ կողպեքներ, եւ թանկ գնով վաճառում մեզ։ Մինչդեռ ձուլարան ունենալու դեպքում ինքներս կարող ենք մետաղական արտադրանք ստանալ, ավելի էժան գնով մետաղի հումք կունենանք, այն կվաճառենք տեղական արտադրողներին, եւ այդ նույն կողպեքն ու մետաղական մյուս արտադրատեսակներն ինքներս կարտադրենք։ Դա էլ իր հերթին կունենա իր ռեալ մուլտիպլիկատիվ էֆեկտը՝ տեղական արտադրողները կզարգանան, տեղական արտադրանքը կարտահանեն դուրս, արդյունքում կաշխուժանա տնտեսությունը, կշահի բյուջեն, կշահի նաեւ ժողովուրդը․ այլեւս դրսից ներկրված ապրանքը թանկ գնով ձեռք բերելու փոխարեն կգնենք տեղականը՝ ավելի էժան գնով։ Որքանով արդյունք կտան հայ-չինական բանակցությունները, եւ որքանով է մեր կառավարությունը հետեւողական լինելու այս հարցում, ցույց կտա ժամանակը։
Ձուլարան չկառուցելու պատճառները, շատերի կարծիքով, թաքնված են նաեւ հանքարդյունաբերողների բիզնես շահերում։ Նախ, ինչպես նշեցինք, նրանց համար շատ ավելի հեշտ է հումքն արտահանել թանկ գնով, քան այն մշակել եւ արտադրանք տալ։



Երկրորդ․ օրինակ՝ պղնձի խտանյութում պղնձից բացի նաեւ ուղեկցող մետաղներ կան, այդ թվում՝ ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ։ Ուստի չի բացառվում, որ այդ խտանյութի արտահանման արժեքի մեջ այդ ուղեկցող մետաղների գինը ներառված չէ կամ հատուկ այնքան չնչին տոկոս է նշված, որ ցույց տրվի, թե խոշոր արժեք չի ներկայացնում։ Եվ հանքարդյունաբերողները, ըստ էության, կարող են պղնձից զատ նաեւ այդ մետաղները վաճառել, սակայն ցույց տալ միայն պղնձի վաճառքը։ Սրանով, նախ, հարկեր են թաքցվում, երկրորդ՝ մյուս մետաղների վաճառքից ստացված գումարներն էլ կարող են փոխանցվել արդեն օֆշորային հաշիվների տեսքով եւ որեւէ տեղ չերեւալ։ Հետեւաբար, պղնձաձուլարանի կառուցումը կկտրի նաեւ այս ստվերային շղթան։



Ուստի հետաքրքրվեցինք նախարար Կարայանից՝ խտանյութի արտահանման արժեքի մեջ ներառվա՞ծ են նաեւ ուղեկցող մետաղները, թե՞ ոչ։ «Բնականաբար՝ այո»,- ասաց նա։ Բայց կասկած կա, որ այդ մետաղները հնարավոր է ներառված չլինեն։ Նախարարն այստեղ արդեն բացեց փակագծերը․ «Եթե այդ մետաղների քանակությունն այնքան է, որ տնտեսապես հնարավոր է այն այդ խտանյութից կորզել, ապա անպայման դրանց արժեքը գնի մեջ ներառված է»։ Ամբողջ խնդիրն էլ հենց դա է՝ ով եւ ինչպե՞ս է որոշում, որքա՞ն է այդ քանակությունը, եւ ներառե՞լ են արդյոք այդ մետաղների արժեքն ընդհանուր գնի մեջ, թե՞ ոչ։



Այս թեմայով նախարարությունից խոստացան մեզ թվային տվյալներ ներկայացնել, որն էլ ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ