ԿԱԻ-ում դեռ չգիտեն, թե ինչպես վարվեն կենսաթոշակառուների հետ

ԿԱԻ-ում դեռ չգիտեն, թե ինչպես վարվեն կենսաթոշակառուների հետ

Մեր տեղեկություններով՝ Կրթության ազգային ինստիտուտում նախատեսված են կառուցվածքային բարեփոխումներ։ Ինստիտուտն ունի մոտ 130 աշխատակից, որոնց մեջ կան կենսաթոշակային տարիքի աշխատակիցներ։ Նախատեսված է առաջիկայում կառուցվածքային փոփոխությունների պատրվակով 70-ն անց 20 աշխատակիցների ուղարկել թոշակի։



Մեր աղբյուրի հավաստմամբ՝ կենսաթոշակային տարիքի անձանց մեջ են հիմնականում պրոֆեսիոնալները, եւ նրանց ազատման դեպքում ինստիտուտը տուժելու է։ Խնդիրն այն է, որ երիտասարդներն այնտեղ աշխատանքի են ընդունվել հիմնականում ծանոթ-բարեկամական կապերի միջոցով։



Ուշագրավ է, որ առ այսօր կենսաթոշակային տարիքը վաղուց հատած Կարինե Թորոսյանը ինստիտուտում զբաղեցնում է դպրոցական եւ նախադպրոցական բաժնի պետի պաշտոնը, նաեւ «Նախաշավիղ» ամսագրի գլխավոր խմբագիրն է։



Կրթության ազգային ինստիտուտում դադարեցվել է նաեւ մանկավարժական ամսագրերի ֆինանսավորումը։ Ամսագրերը լույս են տեսնում երկու ամիսը մեկ պարբերականությամբ, սակայն վերջին անգամ նրանք լույս են տեսել գարնանը։



Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանից, սակայն, պարզվեց, որ նա գտնվում է արձակուրդում եւ կվերադառնա սեպտեմբերի 11-ին։



Նորայր Ղուկասյանին փոխարինող, Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ղանդիլյանը, բնականաբար, հերքեց մեր տեղեկությունները։ «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գործընթացը դեռեւս հստակեցված չէ, փոփոխությունները չեն սկսել»,- ասաց Վարդան Ղանդիլյանը։



Ինչ վերաբերում է Կարինե Թորոսյանին, ապա Վարդան Ղանդիլյանը չհերքեց, որ նրա՝ կենսաթոշակի անցնելու տարիքը լրացել է, բայց շարունակում է ղեկավարել դպրոցական եւ նախադպրոցական բաժինը, ինչպես նաեւ՝ «Նախաշավիղ» ամսագրի գլխավոր խմբագիրն է։Վարդան Ղանդիլյանը կանխեց մեր հետագա հարցերն՝ ասելով, որ ինքը գնում է խորհրդակցության։