«Հրապարակ». Արցախն ու Արցախի ժողովուրդն այժմ շատ ավելի կազմակերպված են, քան 1988-ին

«Հրապարակ». Արցախն ու Արցախի ժողովուրդն այժմ շատ ավելի կազմակերպված են, քան 1988-ին

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

- Ի՞նչ նպատակով է ստեղծվել «Մայր Հայաստան» շարժումը, ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ ստեղծված իրավիճակի վրա։

- Յուրաքանչյուր նոր շարժում կարող ենք դիտարկել երկու տեսանկյունից։ Առաջին, որ, այնուամենայնիվ, քաղաքական եւ հանրային կյանքը մեռած չէ, եւ ինչ-որ գործընթացներ տեղի են ունենում։ Բայց մյուս դիտանկյունից ստացվում է, որ անընդհատ, առանց այն էլ վակուումի մեջ գտնվող քաղաքական դաշտը մասնատվում է, այսինքն՝ նոր խմբեր են առաջանում, մեծ խմբից անջատվում՝ նոր, փոքր խումբ են ստեղծում եւ այլն։ Այս դեպքում, կարծում եմ, արդյունավետ կլինի, եթե լինի որոշակի ցանցի մաս եւ ոչ թե ինքնուրույն ու պարփակված, առանձին ինչ-որ շարժում, որը, ենթադրենք, մի քանի հոգով կամ մի քանի հարյուր հոգով որոշակի ակցիաներ կանի եւ այդքանով կսահմանափակվի՝ պատճառաբանելով ռեսուրսների սակավությունը։ Բայց եթե սա ընդհանուր ցանցի մաս լինի, բնականաբար, յուրաքանչյուր՝ թեկուզ փոքր, բայց լավ կազմակերպված խումբ ցանցի համար կարեւոր է եւ որպես ցանցային պայքար՝ կարող է հաջողություն ունենալ։ Այս իմաստով կախված է նրանից, թե ինչ նպատակներ, ինչպիսի գործողություններ են իրականացնելու, արդյոք դա լինելու է մեկուսի՞, առանձի՞ն՝ սեփական նպատակներ իրականացնելուն ուղղված, թե՞ ուղղված է լինելու ընդհանուր ցանցի ձեւավորմանը, եւ տարբեր շարժումներ, խմբեր, լավ կազմակերպվելով, ի վիճակի կլինեն առանձին գործողությունները համախմբել ընդհանուր պլատֆորմի վրա։

- Ստեղծվել է նաեւ «Հայաքվե» շարժումը, որը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու խնդիրը քրեականացնելու առաջարկ է արել։ Ստորագրահավաք են սկսել, որ նախագիծը մտցնեն ԱԺ, եթե չհաջողվի` հանրաքվե անցկացնեն: Սկզբում 50 հազար  ստորագրություն պետք է հավաքեն։ Հնարավոր կլինի՞ հավաքել։

- Ամեն դեպքում, կցանկանայի հավատալ, որ որոշակի հաջողություն կլինի։ Չնայած զուտ իրավական պայքարին, նկատի ունեմ որոշակի հոդվածներ ներմուծելով Քրեական օրենսգիրք՝ դրա միջոցով ֆունդամենտալ հարցեր լուծելու համար, այս պարագայում մի փոքր վատատես եմ եւ, անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում, թե դա ինչպես է վերածվելու օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտի։

- Քիչ հավանակա՞ն եք համարում, որ այն կյանքի կկոչվի։

- Ես շատ ավելի այս շարժման նպատակները գնահատում եմ հատկապես այն իմաստով, որ այն կարող է հասարակության մեջ քարոզչական իմաստով որոշակի էմոցիաներ, գաղափարներ, որոշակի համախմբում առաջացնել, այդ իմաստով կարեւոր եւ դրական եմ համարում։ Բայց զուտ նպատակը, գաղափարը վերածել օրենսդրական ակտի, որը կդառնա Քրեական օրենսգրքի համապատասխան հոդված՝ մի փոքր վատատես եմ։

- Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախն ու անկլավները Ադրբեջանի կազմում, Ալիեւը հայտարարեց՝ Արցախի նախագահն ու պետական կառույցները պիտի լուծարվեն․ ո՞րն է այս ընթացքը փոխելու հնարավորությունը։

- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, գործողությունները բերել-հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ ամբողջ հույսը մնացել է Արցախի ժողովրդի վրա, եւ այս պարագայում հիմնական քաղաքականության սուբյեկտը լինելու է Արցախի ժողովուրդը։ Ինքն ի վիճակի՞ կլինի պահպանել իր քաղաքական անկախությունը, թե՞ տեղի կտա եւ կհանձնվի։ Սին են այն բոլոր պնդումները, գաղափարները, որ, այ, եթե Հայաստանի իշխանությունները ճանաչեցին՝ վերջ, կորած ենք, փրկություն չկա եւ այլն։ 90-ական թվականներին գրեթե նույն վիճակում էինք, բայց հենց Արցախի ժողովրդի կամքը, բնականաբար՝ նաեւ ընդհանուր հայության աջակցությունն ունենալով, բեկեց պատմության ընթացքը։ Նույնն այս պարագայում է․ ընդ որում՝ հիմա Արցախի Հանրապետությունն ու Արցախի ժողովուրդը շատ ավելի լավ կազմակերպված են, քան 1988 թվականին։ Հետեւաբար, հիմա շանսերը շատ ավելի մեծ են, որ Արցախի ժողովուրդն ի վիճակի կլինի պահպանել իր քաղաքական անկախությունը՝ թեկուզ որոշակի զրկանքների գնով։ Այդ զրկանքները շոշափելի են մեզ, նաեւ Հայաստանի եւ ընդհանուր հայության համար։ Բայց այդ զրկանքների գնով անգամ մենք ի վիճակի ենք լինելու պահպանել Արցախի քաղաքական անկախությունը։

- Արցախի ներսում ներքաղաքական լարումներ ու հակասություններ կան: Թե՞ կարծում եք` տարբեր նպատակներ ունեցող քաղաքական ուժերի համար եւս առաջնայինն Արցախի հայկական մնալն է։

- Այնտեղ կան ուժեր, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, դրանք շատ վտանգավոր ուժեր են, որոնց, իմ կարծիքով, Արցախի իշխանությունները պետք է ժամանակին դիմագրավեն, իսկ դրանք ներքին մարտահրավերներ են, որոնք չի կարելի անտեսել։ Նախկինում էլ, հատկապես Ռուբեն Վարդանյանի իշխանազրկման հետ կապված թեմայով անդրադարձել եմ, որ յուրաքանչյուր այսպիսի ներքաղաքական խնդիր, որը որոշակի կուլմինացիա կունենա, վնասելու է Արցախի ներքին անկախությանը, ինչպես նաեւ Արցախի արտաքին անկախությանը։