Ճակատին գրված է՝ "վարչապետի մարդ"

Ճակատին գրված է՝ "վարչապետի մարդ"
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ազատեց Կարինե Մինասյանին Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ: Ավելի վաղ նույն անհասկանալի փոխատեղումն էր կատարվել վարչապետի մյուս հավատարիմ թիմակցի՝ Ահարոն Չիլինգարյանի հետ, որը նշանակվեց ԿԲ խորհրդի անդամ՝ Կարինե Մինասյանի փոխարեն: Այժմ Չիլինգարյանը շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը եւ այնքան է երբեմն "ծառայում" թիմի առաջնորդին՝ վարչապետ Սարգսյանին, որ քիչ է մնում ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների փոխարեն ելույթներ ունենա: Այդպես եղավ, օրինակ,  տրանսպորտային միջոցների օգտագործմանը վերաբերող մի օրինագծի քննարկման ժամանակ, երբ ԿԲ խորհրդի անդամ Չիլինգարյանը քիչ էր մնում ԱԺ ամբիոնից ելույթ ունենար իր մեկ այլ թիմակցի՝ տարածքային կառավարման նախարարի բացակայող տեղակալ Վաչե Գաբրիելյանի փոխարեն, ինչի համար ստացավ ԱԺ նախագահի նկատողությունը: Տիգրան Սարգսյանը այլ գերատեսչություններում եւս "զգայարաններ" ունի՝ մարդիկ, որոնց ճակատին գրված է "վարչապետի մարդ": Նրանք առաջնորդին տեղեկատվություն են մատակարարում, պաշտպանում են նրա շահերը եւ ապահովում մեջքը տնտեսական օղակներում: Նման կադրերից է, օրինակ, մարտին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ նշանակված Արտակ Շաբոյանը, որը "ծագումով" ԿԲ-ից է, իսկ նշված հանձնաժողովում փոխարինեց  Տիգրան Սարգսյանի նախկին օգնական Դավիթ Հարությունյանին: Ի դեպ, վերջինս ընդամենը հինգուկես ամիս հանձնաժողովի նախագահ աշխատեց: Տիգրան Սարգսյանն իր մարդիկ ունի նաեւ մեր տնտեսության մեջ առանցքային դեր խաղացող ձեռնարկություններում՝ "Նաիրիտում", "Հայաստանի էլեկտրական ցանցերում", "Հայփոստում": Բայց վերադառնանք Կարինե Մինասյանին, որի կյանքում էկոնոմիկայի նախարարությունում նոր պաշտոնը դժվար թե շատ բան փոխի: Նա մնաց առաջին տեղակալ եւ նոր տեղում, ինչպես եւ նախորդ հիմնարկում, ընկալվելու է որպես վարչապետի աչք ու ականջ: ՊԵԿ աշխատանքը այս նշանակումից եւս չի տուժի: Նախ, նա ընդամենը 8 ամիս էր նախագահի տեղակալի պաշտոնում եւ հազիվ թե այս կարճ ժամանակահատվածում հասցրած լիներ ուսումնասիրել հարկային եւ մաքսային ոլորտները: Կոմիտեում վստահ են, որ նախագահի առաջին տեղակալի հաստիքն ամենայն հավանականությամբ վերացվելու է, քանի դեռ Տիգրան Սարգսյանն այդ տեղի համար մի նոր ականջ չի գտել: ՊԵԿ-ում Կարինե Մինասյանի տեղաշարժն ընկալվում է Գագիկ Խաչատրյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներքին հակասությունների ներքո, որոնք վերջերս սրվել են, եւ վարչապետի թիմակիցներն այլեւս անհանդուրժելի են այս գերատեսչությունում: Իսկ էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ հիմնականում Տիգրան Սարգսյանի թիմն է, Կարինե Մինասյանը յուրային է: Ճիշտ է, բավականին երկար ժամանակ կպահանջվի, մինչեւ նա սկսի կողմնորոշվել իր համար նոր այս ոլորտում: Բայց կարեւորը ոչ թե գործն է, այլ թիմային խաղը, իսկ Հայաստանի էկոնոմիկան եթե այսքան դիմացել է տիգրանսարգսյանական կառավարմանը եւ դեռ շնչում է, ուրեմն էլի կդիմանա: