Ռուբինյանը լքեց ՀՀՇ-ն

Ռուբինյանը լքեց ՀՀՇ-ն
Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից: Ոչ առաջինն եմ, ոչ էլ երեւի վերջինը, ու ողբերգական էլ ոչինչ չկա: Ճիշտ է, զուտ մարդկային առումով ծանր է. քսան տարուց ավելի է անցել, միակ կուսակցությունն է, որին երբեւէ անդամակցել եմ, լավ ու վատ օրեր, հարյուրավոր ընկերներ... Չէ, երեւի ճիշտ կլինի որոշ բաներ բացատրեմ, նոր գնամ: Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների` ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են:



ՀՐԱԺԵՇՏԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀՇ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ



Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը երկու տարուց ավելի է՝ Հայ ազգային կոնգրեսի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ:



Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների` Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եւ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի "օրինակելի" քվեաթերթիկ, որի համաձայն՝ մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ "դավադիր թեւում", իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան` պարոն Տեր-Պետրոսյանն այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից:



Ինքնին "օրինակելի ցուցակ" տարածելը կամ այս, կամ այն թեկնածուի օգտին, կամ դեմ քարոզչությունը նորմալ երեւույթ է ու ողջունելի, եթե դա արվում է բաց ու հրապարակային: Բայց եթե ցուցակդ թաքուն տալիս ես ընտրովի մարդկանց կամ ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջում, որ "պապին ասել ա Ռուբինյանը  չպիտի անցնի", եթե հաշվիչ հանձնաժողովը կազմում ու աշխատեցնում ես "ընտանեկան կապալի" մեթոդով, սա արդեն ստորություն է:



Անկեղծ լինեմ. զայրացած եմ, բայց միայն այդ պատճառով չէի լքի կուսակցությունս: Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպքն էլ, լավ օրերի սպասումով, կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով:



Համագումարի պատվիրակ իմ ընկերներին կոչ եմ անում անկեղծորեն, սթափ վերլուծել վերջին համագումարի նիստուկացը:



Դուք այս համագումարում որեւէ բանավեճ տեսա՞ք, ապագա գործունեության ծրագրերի որեւէ ներկայացում, քննարկում եղա՞վ: Երեք էջանոց բանաձեւի նախագծի վերաբերյալ միայն ես մի փոքրիկ առաջարկ արեցի, այն էլ պարզ չեղավ՝ ընդունվեց, թե ոչ: Իսկ վարչության անդամի թեկնածուների միջեւ որեւէ մրցակցության նշույլ կա՞ր: Արամ Մանուկյանը, որին անկեղծորեն շնորհավորում եմ վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ, ի՞նչ ծրագրեր ունի, գիտե՞նք: Ախր տղերք (ու աղջիկներ, բնականաբար), մենք ժամանակին երկրի ամենաառաջադեմ քաղաքական ուժն ենք եղել,  ժողովրդավարության դասեր ենք տվել, ավանդույթներ ձեւավորել: Ու այդ ավանդույթների մեջ հաստատ չի եղել սովետական ադաբրյամսի ոճի համագումար անցկացնելը, հաստատ չի եղել այնպես, որ առաջնորդը հատուկ սպասում ու մի 5-10 րոպե ուշացումով է մտնում համագումարի դահլիճ, որպեսզի բուռն ու անվերջանալի ծափահարություններով ընդհատի այդ պահին խոսողին: Սեփական կուսակիցների մեջ էլ 4-5 հոգանոց, հրմշտող ախրանայով ման չեն եկել: Անհեթեթություն չէ՞, երբ երեք տարվա գործունեության հաշվետվություն է կարդում ոչ թե դահլիճում նստած, ճիշտ է՝ նախագահությունից հրաժարական տված, բայց վարչության անդամ հանդիսացող Արարատ Զուրաբյանը, այլ մեկ ուրիշը, որը հետո, ինչպիսի զուգադիպություն, ընտրվում է նոր նախագահ: Բրեժնեւի թաղումը հիշեցի:



Ոչ մեկդ չնկատե՞ց, որ մեր պայքարի առաջնորդը պայքարի (որը պետք է որ մինչեւ վերջ լիներ, չէ՞) հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսեց այդ պայքարի անիմաստության մասին` միեւնույն է, մինչեւ փոխզիջում չլինի, ոչ մի բան դուրս չի գա: Բայց մենք փոխզիջման պահանջով էի՞նք դուրս եկել ավազակապետության դեմ պայքարի, ու հետո մեզ էդ ո՞վ է փոխզիջում առաջարկել: Մինչ այժմ առաջարկածները կամ արագ, կամ մի քիչ դանդաղ կապիտուլյացիայի առաջարկներ չե՞ն: Ու եթե նույնիսկ ինչ-որ փոխզիջման է պետք գնալ, հենա գնացողները գնում են, մենք էլ խելոք սպասում ենք, չենք խանգարում: Մեր անելիքը այդ պարագայում ո՞րն է: Հասարակության մեջ հուսալքության, իրավիճակի անելանելիության սերմեր շաղ տա՞լը, իրողություններ արձանագրելն ու լուծումներ չտա՞լը: Հույս չտալով, ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ հավատ չներշնչելով, չհամախմբելով ու չոգեւորելով ինչո՞ւ ենք հավակնում իշխանությանը, որ ի՞նչ անենք:



Նմանատիպ հազար ու մի հարց կա: Բայց մեզ մոտ նոր ավանդույթներ են` հարցեր չկան, կան բուռն ու երկարատեւ ծափահարություններ:



Ես էդ գործում չկամ:



Մնաք բարով:



Կարապետ ՌՈւԲԻՆՅԱՆ