Հովիկ Աբրահամյանի այցը Ժնև

Հովիկ Աբրահամյանի այցը Ժնև
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ազգերի պալատում: Համաժողովին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես կգան 102 խորհրդարանների նախագահներ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը նախատեսվում է հուլիսի 21-ին: Համաժողովում բացման խոսքով հանդես եկան Միջխորհրդարանական միության նախագահ Թեո-Բեն ուրիրաբը եւ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Քննարկումների թեման էր ՙԽորհրդարանները ճգնաժամի աշխարհում. հանուն ընդհանուր բարեկեցության գլոբալ ժողովրդավարական պատասխանատվության ապահովումը՚:



Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի, Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի, Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ:



Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանի և Կիպրոսի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարևոր գրավական են  փոխհարաբերությունների հետագա զարգացման և առավել խորացման համար: Նա ողջունեց ակտիվ միջխորհրդարանական համագործակցությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում գործող Հայաստան-Կիպրոս և Կիպրոս-Հայաստան պատգամավորական միջխորհրդարանական հանձնաժողովները կարեւոր ներդրում կարող են ունենալ Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում համագործակցության ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում: Տնտեսական կապերը առավել զարգացնելու նպատակով պարոն Աբրահամյանն առաջարկեց կազմակերպել բիզնես ֆորումներ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը եւ վերահաստատեց  Հովիկ Աբրահամյանին Կիպրոս պաշտոնական այց կատարելու իր հրավերը: Նա ողջունեց ԱԺ նախագահի բիզնես ֆորում կազմակերպելու առաջարկը:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պարոն Գարոյանը ընդգծեց, որ Կիպրոսը Հայաստանի կողքին է եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանը միշտ  կարող է ակնկալել Կիպրոսի աջակցությունը:



ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ էր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը եւ երկու խորհրդարանների միջեւ հնարավոր համագործակցությանը առնչվող հարցեր:



ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորվեց  2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց երկու խորհրդարաններում բարեկամության պատգամավորական խմբերի    գործունեությունը, որոնց փոխայցելություններն աշխուժություն և նոր լիցք են հաղորդում  միջխորհրդարանական կապերին: ԱԺ նախագահի խոսքով` երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաև տնտեսական բնագավառում: Երկու բարեկամ երկրների միջեւ միջխորհրդարանական կապերը ավելի խորացնելու  և զարգացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանը Ալի Լարիջանիին հրավիրեց  Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:



Կողմերը կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցությունը եւ երկուստեք նշեցին, որ տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի ընթացքում Հայաստանի և Իրանի  իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված և շրջահայաց մոտեցումներով: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին: Երկու խորհրդարանների նախագահները շեշտեցին, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:



ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Պարսից Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ուշադրությամբ հետևում է տարածաշրջանի քաղաքական գործընթացներին և տնտեսական նվաճումներին: Այս առումով նա բարձր գնահատեց ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում եւ կարեւորեց  առևտրատնտեսական համագործակցության ձեռքբերումները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը զիջում է առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակին եւ առաջարկեց ակտիվացնել միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները:



ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահը նույնպես անհրաժեշտ համարեց  միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` նշելով, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Պարոն Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում:



Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս:



Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ  Աբրահամյանը հանդիպեց Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչին կնպաստեն երկկողմ եւ բազմակողմ գործակցությունը, փոխայցելությունները: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում: Մոնակոյի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւորեց գործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության  պատրաստակամություն հայտնեց: Հովիկ Աբրահամյանը Մոնակոյի իր գործընկերոջը մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ շեշտեց, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ձեւաչափ մեր երկրի համար ընդունելի չէ:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխգործակցությանը առնչվող այլ հարցեր եւս:



ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն