Կհնչի՞ երգեհոնը

Կհնչի՞  երգեհոնը
Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճում 1975թ. մարտին Պետերբուրգի Մարինյան թատրոնի "Ե.Ֆ. Վալցհեր"  ֆիրմայի արտադրության երգեհոնը տեղադրելուց ի վեր չի նորոգվել։ Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին էր արտադրվել: Ընդամենը 4 հազար խորհրդային ռուբլով Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆայել Մինասյանի եռանդուն ջանքերի շնորհիվ այն բերվեց  Սյունիք: Դեռեւս այն ժամանակ  պարզվել էր, որ գործիքի մեխանիկական հատվածը շարքից դուրս է եկել, ու դրա վերականգնումն իրականացվել էր  "Ռիգեր Կլոսս" չեխական կազմակերպության մասնագետների շնորհիվ։ Կազմակերպությանը միշտ հետաքրքրել են աշխարհի տարբեր երկրներում տեղադրված երգեհոնների ճակատագրերը,  ու դեռեւս 2000 թ. "Ռիգեր Կլոսսի"  ղեկավարությունը փորձել է քոլեջից պարզել երգեհոնի վիճակը։ Ու պարզ է դարձել, որ այն կրկին նորոգման կարիք ունի։ Քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանը խնդրի մասին բարձրաձայնել էր, ու վերջերս կայացած  Սյունիքի մարզխորհրդի նիստում հայտարարվել էր, որ մարզային ու քաղաքային իշխանությունները  համատեղ կհոգան  չեխ մասնագետների կապանյան  այցի ու աշխատանքի իրականացման ծախսերը։ Տնօրենի խոսքով, չեխ մասնագետները ոչինչ չեն ուզում իրենց աշխատանքի դիմաց։ "Պրոֆիլակտիկ աշխատանքները պարզեցին, որ գործիքը բարվոք վիճակում է։ 1975-ից տեղադրված երգեհոնը պետք է գործածել ժամանակակից տեխնոլոգիաներով, որ այն հասցվի եվրոպական չափանիշների",-ասում է "Ռիգեր Կլոսսի" ներկայացուցիչ Ռենե Կլիման։ Երկու օր  տեւեցին աշխատանքները. ազատ ժամերին չեխերը եղան Սյունիքի տեսարժան վայրերում:



Նրանք ցավում էին, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հրետակոծությունից  տուժել է նաեւ երգեհոնը։ Արտասահմանցիները ծանոթացան նաեւ հայկական մշակույթին։ Արվեստի քոլեջի սաները ներկայացրին  փոքրիկ համերգային ծրագիր:  Յոզեֆը տեսագրեց ողջ համերգը, որպեսզի  իր հայրենակիցները նույնպես ծանոթանան կապանյան  մշակույթին։ Ըստ ընկերության եւ քոլեջի տնօրինության միջեւ ստորագրված պայմանագրի, հաշվարկները կարվեն 15 օր, ու վերջնականապես պարզ կլինի, թե ինչ կարժենա Կապանի երգեհոնի նորոգումը: Նախահաշիվը կներկայացվի կառավարություն, որպեսզի եկող տարվա բյուջեում նախատեսեն ծախսերը: Տնօրեն Լիանա Հակոբյանը լավատես է ու հավատում է պետությանը. "Մինչ օրս ինչ խոստացել են, արել են, ու ես հավատում եմ, որ երգեհոնը դեռ հնչելու է դարեր":



Ա. ԴԱՎԹՅԱՆ