Հենա թող ավազակա-պետությունից չխոսեին, էլի

Հենա թող ավազակա-պետությունից չխոսեին, էլի
Եթե իշխանությունները հրճվանքի մեջ են, որ "ՀՀՇ-ն քանդվում է", ապա շարքային ՀՀՇ-ականները եւ առհասարակ համաժողովրդական շարժման  ակտիվիստները շատ ծանր են տանում կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացները: Իսկ ոմանց գնահատմամբ` ներքին ճգնաժամն արտահայտվեց Կարապետ Ռուբինյանի հրաժեշտի բաց նամակով: Ավելին, վերջին օրերին երկպառակության ցեցը  քաղաքական դաժան պայքարի բովով անցած  մարդկանց շրջանում բուռն բանավեճերի պատճառ է դարձել. մի մասը, որ պաշտպանում է նորընտիր վարչությանը, կարծիք է հայտնում, թե Ռուբինյանն իրավունք չուներ ի ցույց դնելու ներքին սպիտակեղենը եւ որ եթե բան ուներ, պետք է ասեր համագումարում, իսկ Ռուբինյանին պաշտպանողների մասը հակադարձում է, թե նման տրամաբանությամբ ի սկզբանե  ավազակապետության դեմ չպետք է խոսեին ու պայքարեին՝ Հայաստանի արտաքին թշնամիներին հաղթաթուղթ չտալու համար: ՀՀՇ-ի ակունքներում կանգնած մի անձ ցավով նշում էր, որ բավարարված չէ արդեն հետհամագումարյան փուլում իրենց տրված ոչ պաշտոնական այն բացատրությունից, թե հիմա ծանր վիճակ է, Հայաստանը կանգնած է պատերազմական վտանգի առաջ, ՀՀՇ-ն էլ պայթեցվում է, ու պետք է դիմել արմատական քայլերի: "Այդ տղաները մեր ընկերներն էին, քաղաքական գործիչներ ու  թնդանոթի միս չէին իրենց համար, որ այդպես վարվեին: Մանավանդ  ստացվում է, որ "ոչ օրինակելիներին" չընտրելու հրահանգ տալով, անուղղակիորեն դրվում է նրանց նկատմամբ անվստահության հարց: Որ նրանք վստահելի չեն",- վրդովված նշեց ՀՀՇ մի շարքային անդամ եւ արդեն վերջին դեպքերի առիթով մանրամասնեց, որ զորօրինակ նույն այդ "ոչ օրինակելի" Վլադիմիր Հովհաննիսյանը, որը չընտրվեց, համաժողովրդական շարժման համար ոչ միայն զոհաբերել է իր բավականին բարեկեցիկ բիզնեսը, այլեւ հալածանքների է ենթարկվել իշխանությունների կողմից:



Բնականաբար, ռուբինյանականները բավարարված չեն այն ոչինչ չասող բացատրություններով, որ համագումարի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի բերանով տրվեցին նախահամագումարյան ընթացքում կուսակցության ներսում կատարվածի` ՀՀՇ վարչության նախկին նախագահի ու փոխնախագահի հրաժարականների վերաբերյալ: Նրանցից մեկը նշեց, որ բաց, հրապարակային բացատրությունների փոխարեն պարզապես ամեն ինչ քննարկվեց փսփսոցների մակարդակով, ինչը հաստատ չնպաստեց կուսակցության վարկին ու հեղինակությանը: Ինչից այդքան խուսափելով էլ պահպանվում էր քար լռություն: Ի վերջո, քաղաքական պայքարի ու զրկանքների միջով անցած այս մարդիկ վաստակել են կուսակցության ներսում կատարվող գործընթացների մասին իմանալու իրավունքը: Ու նաեւ սեփական կուսակցության ներսում "առաջին" ու "երկրորդ սորտի" կամ տեղեկացվածների ու անտեղյակների մաս չլինելու:



ՀՀՇ նորընտիր վարչությունը եւ անձամբ Արամ Մանուկյանը, իհարկե, հերքեցին "օրինակելի" ու "ոչ օրինակելի" ցուցակների գոյությունը, մինչդեռ ՀՀՇ ակունքներում կանգնած 3-4 շարքային ՀՀՇ-ականներ, որոնց մինչ օրս չհավատալու որեւէ առիթ չեմ ունեցել, զարմանքով ու վրդովմունքով ասում էին, որ "Արամն ինչպե՞ս չի ամաչում, ինքն ա մոտեցել-ասել՝ գնացեք ցուցակը էսինչի մոտա ծանոթացեք": Բնականաբար, ակտիվորեն քննարկվում է ընտրակեղծիքների հարցը, որի հարցում ոչ ոք չի կարող մրցել իշխանության հետ: Ամեն դեպքում նույնիսկ այն անձանց մոտ, որ չեն հավատում, տարակուսանք է առաջացրել այն, որ արդյունքները ներկայացնում է ոչ թե հանձնաժողովի նախագահը, այլ հանձնաժողովի մեկ այլ անդամ: Մանավանդ որ դրանից առաջ տեղի է ունենում մեկ այլ շեղում, եւ կուսակցության հաշվետվությունը ներկայացնում է ոչ թե այդ տարիների առաջին պատասխանատուն` Արարատ Զուրաբյանը, այլ Արամ Մանուկյանը (Աշոտ Սագսյանի բացատրությունը, թե Արամ Մանուկյանի լավ ձայնն է պատճառը, համաձայնենք, որ լուրջ չէ), որն էլ հետո ընտրվում է:



Ամեն դեպքում, մեկ համագումարի համար կանոնադրական խախտումները ոնց որ թե մի քիչ շատ են: Մի բան, որի շռայլությունն իրեն կարող է թույլ տալ իշխող կուսակցությունը, այլ ոչ արմատական ընդդիմությունը, որն ամեն քայլափոխի դատարաններում՝ ՍԴ-ում, Ստրասբուրգում, բոլոր հնարավոր ատյաններում գիշերուզօր վիճարկում է Սերժ Սարգսյանի ու իր իշխանության հակականոնադրական, հակասահմանադրական, հակաօրինական քայլերը:



ՀԳ - Յուրաքանչյուր ընտրությունից առաջ նախագահականում եւ կամ տարբեր "պատկան ատյաններում" հորինվում, ապա շրջանառության մեջ է  գցվում իշխանության թեկնածուին անցկացնելու որեւէ նոր սցենար. եթե մեծամասնական ընտրական տեղամաս է, օրինակ` պարզվում է, որ ցուցակում կան մի քանի Խաչիկ Խաչիկյաններ, ու պետք է լինի՝ ՀՀ քաղաքացի բազմաթիվ Սերգեյ Պենկիններ, իսկ համամասնական ցուցակում անմիջապես հայտնվում են օրվա իշխանություններին առավել խանգարող կուսակցության հետ նույնահունչ կուսակցություններ:



Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ընտրություններից դուրս ժամանակահատվածներում նմանատիպ  սցենարներ մշակվում եւ շրջանառվում են ընդդիմադիր կուսակցությունները պառակտելու նպատակով: Եվ եթե նախկինում, մի գեղեցիկ օր կուսակցության երկրորդ եւ երրորդ դեմքը օրինակ՝ վերցնում էր կուսակցության կնիքն ու հրաժարվում հանձնել այն կուսակցության առաջնորդին կամ, ինչպես երազում, մեղադրում էր իշխանությունների հետ համագործակցության եւ այլ մահացու մեղքերի մեջ, ապա վերջին շրջանում "Ժառանգության" նախավերջին համագումարից սկսյալ, այս պրոցեսները կարծես սկսվել են ուղեկցվել ընտրակեղծիքային սկանդալներով: Այնպես որ, անկախ նրանից` նման փաստ արձանագրվել է, թե ոչ, ճիշտ կլիներ, որ այս ամենը կտրականապես հերքող ՀՀՇ-ն, որը նաեւ մտահոգված եւ անգամ վերջերս զբաղված էր ականների փնտրտուքով, գոնե իր ներսում  փորձեր պարզել, ապա շարքային անդամներին պարզաբաներ` նման բան տեղի  ունեցե՞լ է, թե՞ ոչ: Այլ խոսքով` ով կամ ովքեր են արջի ծառայություն  մատուցել: Սա՝ որպես դարձված, որն ընդունված է նման դեպքերում օգտագործել, բայց, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, տվյալ դեպքում ավելի տեղին կլիներ` "ով է պայթեցնում ՀՀՇ-ն":