Մերուժան. պոեզիա

Մերուժան. պոեզիա
* * *



Երջանիկ ապրել ցավի ընդերքում,

Եվ պատիվ շահել որպես հետմահու

Պարգեւ`  տառապանք ու սեր ընդգրկող,

Ապա հեռանալ` թողնելով անուն:



Հիշել, որ բազում հեռացողներից

Գեթ մեկը երկիր չի վերադարձել,

Անապատներում շրջող հողմերից

Ոչ մի քարավան առաջ չի անցել:



Մի դատիր, եթե չունես դատարան,

Եւ չունես ամբիոն` ճառեր կարդալու,

Մի օր բոլորը քո դեմ կդառնան

Ու քեզ կկանչեն պատասխան տալու:



* * *



Մի ցավ է հոգիս դառնորեն ճնշում,

Կյանքի տաղտուկը հալածում է ինձ,

Իմ մեջ ապրում է թափառող մի շուն,

Որ տեր է փնտրում գիշերվա կեսին:



Կռիվ եմ տալիս իմ ստվերի հետ,

Եւ հոշոտվում եմ ինքս իմ բախտից,

Գորշ անարգանքի ոգին առհավետ

Չի դադարում իմ անդորրը խախտել:



Առասպելի պես ունայն է օրը,

Չար հեքիաթի պես` ծանր ու դիվական,

Քայլում եմ, կարծես միտքս մոլոր է,

Սեւ մղձավանջ է շուրջս տեւական:



* * *



Ինձ մի թողնիր մենակ, ազատություն մի տուր,

Ես չեմ կարող մնալ առանց ընկեր ու տուն:



Եվ կփնտրեմ ուրիշ ապաստան ու անկյուն,-

Սիրով շղթայիր ինձ, որ մնամ քո բանտում:



Առ կարոտս` պահիր քո տաք շնչի ներքո,

Ցավերս փայփայիր քո ամոքիչ ձեռքով:



Եվ այս տխուր կյանքում մի վերջին իղձ ունեմ`

Քո կենարար գրկում վախճանս ընդունել:



* * *



Դու գնացիր հեռացողի քայլերով

Եվ չանսացիր իմ խոսքին ու խրատին,

Տխուր անցար մեր մանկության վայրերով`

Չթողնելով հետք ու նշույլ կարոտի:



Ես քայլեցի քո ընթացքին հետամուտ,

Սակայն, ավաղ, անհետացար դու անձայն,

Հիմա հոգնած առավոտից մինչ ի մութ

Կարոտ աչքով սպասում եմ քեզ դարձյալ:



Չեմ հավատում, որ դու չկաս աշխարհում,

Չեմ ընդունում քո հեռացումը դաժան,

Երազում եմ կյանքում ապրել քարշ գալով`

Քո ստվերից եւ քո լույսից անբաժան:



* * *



Քո փոխարեն պիտի տխրեմ այս գիշեր,

Երբ դու չկաս եւ տնակս խավարում

Լռության պես ցնորքներ է ծավալում,

Եվ խորշում է ցանկություններ վերհիշել:



Ստվերները հեռանում են ինչպես դու,

Մի անորոշ վիճակ է ինձ պաշարում,

Քո կորուստը սեւ կսկիծ է պատճառում,

Եվ իմ ներսում անձրեւը լաց է սերտում:



Համառում եմ ծերության դեմ անառակ,

Երազում եմ գարուն տեսնել աշնան մեջ,

Բայց հոգնությունն ինձ տանում է դեպի վերջ,

Հեկեկում եմ` իմ ցանկության հակառակ:



* * *



Հոգիդ մոտեցավ իր մայրամուտին,

Վկայիր` ինչ որ չես խոստովանել,

Շուտով կիջնի քո գիշերը մթին,

Եվ հոգեվարքը չես կարող վանել:



Սրբիր մեղքերդ, հեռացիր անցավ,

Անարցունք, ինչպես զավակը հողի,

Քեզ սպասում է կյանքը հանդերձյալ,

Հողը պիտի քեզ դառնա անկողին:



Մերուժան