Հոգեբանը ինքնասպանության դեպքերի շուրջ PR է կառուցում

Հոգեբանը ինքնասպանության դեպքերի շուրջ PR է կառուցում
Հոգեբան Կարինե Նալչաջյանը սիրում է ինքնարտահայտվել ինքնասպանության թեմայով: Հերթական ողբերգությունից հետո պետք է սպասել նրա ելույթին: ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասի միջադեպը բացառություն չէր: Հարմար տեղավորվելով "Կազինո Սենատորի" գովազդային ցուցապաստառի տակ (հենց այս խաղատունն էր ինքնասպանությունների թեմայով զրույցի հովանավորը, ինչն ինքնին աբսուրդ է, քանի որ վերջերս նաեւ խաղամոլների ինքնասպանություններն են շատացել), հոգեբանն այդ թեմայի շուրջ հերթական լիկբեզն անցկացրեց լրագրողների շրջանում:



Առաջ ընկնելով հետաքննող մարմնից եւ ինքնասպանությունը փաստ համարելով, Նալչաջյանը երեկ "Արմատում" մոտավորապես հետեւյալ կերպ արտահայտվեց. "Որքան գիտեմ, այդ տղան լավ վարք չուներ, եւ բանակ վերցնելով նրան՝ պետք էր ուշադրության կենտրոնում պահել": Հոգեբանը հավանաբար նկատի ուներ Կարո Այվազյանին, որը N զորամասում հուլիսի 28-ի գիշերը մահացած 6 զինվորականներից մեկն է: Բանակում սուիցիդի դեպքերի ստույգ թվերը նա չուներ, ինքնասպանությունների աճից նույնպես տեղյակ չէր: Նրա հեղինակային առաջարկն է հոգեբանների խմբեր ստեղծել շտապօգնության ծառայությանը կից:



Պատկերացնում եք, մեր իրականության, Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական պայմանների հերթական զոհը նախ զանգում է շտապօգնություն, զգուշացնում է հոգեբանին, հետո նոր վերջ տալիս կյանքին: Ինքը՝ Կարինե Նալչաջյանը, ինքնասպանությունների թեմայով մասնագիտական հետազոտություն չի կատարել, թեեւ չի ժխտում, որ նման հետազոտություն պետք է: Խոսելով իր սիրած թեմայից, Կարինե Նալչաջյանը սովորաբար այն ներկայացնում է գլոբալ, անկախ Հայաստանի Հանրապետության իրականությունից, եւ տպավորություն է ստեղծվում, որ, օրինակ, Հոլանդիայում կամ ԱՄՆ-ում կյանքի հետ հաշիվները մաքրող մարդիկ դժբախտության նույն պատճառներն ունեն: Հոգեբանին հասկանալ կարելի է:



Հակառակ դեպքում նա ստիպված պետք է լիներ խոստովանել, որ հիմքերի հիմքը ՀՀ սոցիալ-տնտեսական իրողություններն են, համատարած կոռուպցիան եւ չինովնիկների ապօրինությունները, ամենաթողությունը, որոնք խաթարում են անձի զարգացման հեռանկարները, ցրում են հավատը վաղվա օրվա հանդեպ եւ հասցնում են ինքնասպանության եզրին: Այս ամենի մասին Կարինե Նալչաջյանն իր ասուլիսներում ոչ մի խոսք չի ասում: Կարծես ՀՀ քաղաքացիներին ինքնասպանության դրդող ուժերի պատվերը կատարի: Օրինակ, ինքնասպանդեռահասների թվաքանակի ավելացման մասին հարցին հոգեբանը պատասխանում է, ինչպես պատասխանեց երկու տարի առաջ նոյեմբերին եւ այս տարի փետրվարին. "Այդ քայլին են դիմում 15-25 տարեկանները":



Բանակայինների ինքնասպանությունների վերաբերյալ հանգստացնում է. "Բանակում ինքնասպանություններ միշտ էլ եղել են": Իսկ "ի՞նչ արդյունք է տալիս ինքնասպանությունների մասին այդքան խոսելը" հարցը լսելով, հոգեբանը բացատրում է, որ թեման արդիական է, եւ լրագրողներին միշտ էլ հետաքրքրում է, թե ինչու են մարդիկ դիմում այդ քայլին: Բայց լրագրողներին, հատկապես սկսնակ եւ երիտասարդ, այլ թեմաներ էլ են հետաքրքրում: Օրինակ, մինիով մի աղջիկ Նալչաջյանի կարծիքը ցանկացավ ստանալ հայկական միջավայրում կանանց ճնշված վիճակի, նրանց նկատմամբ  բռնությունների մասին, իսկ սկսնակ մի լրագրող հետաքրքրվեց, թե արդյո՞ք ամուսնու ապտակը բռնություն չէ կնոջ նկատմամբ:



Այսպես, Կարինե Նալչաջյանի հոգեբանական լիկբեզը ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում վերաճեց "Հայ կանայք եւ բռնությունը" ուրախ թեմայի քննարկմանը, որի ավարտին հոգեբանը ներկայացրեց իր վերջին հայտնագործությունը: "Ռուսներն ասում են՝ "ըՖպՑ, ջվՈփՌՑ ս՚ոՌՑ", ես գտել եմ հայերեն համարժեքը. "Մարդու ծեծած, վարդի ծեծած",- ասաց հոգեբանը եւ համընդհանուր հրճվանք առաջացրեց: Իսկ ինքնասպանությունների թեմայով զրույցի հովանավորը "Կազինո Սենատորն" էր, որի գովազդային ցուցապաստառը "Արմատ" մամուլի ակումբի պատին էր, եւ սուիցիդից խոսացող Կարինե Նալչաջյանն այդ ցուցապաստառի ֆոնին նայվում էր ինչպես "Ծխելը վնասակար է առողջությանը" նշագրումը սիգարետի տուփի վրա: