“Հայփոստը” պայմաններ է թելադրում

“Հայփոստը” պայմաններ է թելադրում
Օգոստոսի 1-ից Վանաձոր քաղաքի բոլոր փոստային բաժանմունքներում այլեւս չեն ընդունում աղբի վարձավճարները, ինչն առաջացրել է թե բնակիչների, թե վարձավճարները հավաքող տեսուչների ու թե Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի դժգոհությունը: Բաժնի պետ Վիկտոր Դարբինյանն այս քայլը համարում է անհիմն. "Մենք այսքան չարչարվեցինք, մեր ծրագրային համակարգը ներդրեցինք բոլոր փոստային բաժանմունքներում, ցանկացած փոստային ծառայություն վարկային 2-2,5 տոկոսից ավել չկա, դա աբսուրդ ա":



Մինչ այդ "Հայփոստը" գանձված աղբի վարձավճարների դիմաց գանձում էր 2 տոկոս, ինչն էլ ամսական կազմում էր 500-600 հազար դրամ: Ըստ Վիկտոր Դարբինյանի՝ գրության մեջ նշված է եղել, որ 2 տոկոսով իրենք համաձայն չեն աշխատել, պետք է պահվի 10 տոկոս. "Իրանք արթնացել են, իրանք որոշել, որ 2-ը քիչ ա, իրանց 10-ն ա պետք": Բաժնի պետին բարկացրել է նաեւ գրության ուլտիմատիվ տոնը. "Գրել են, որ եթե դուք համաձայն չեք աշխատել 10 տոկոսով, մինչեւ օգոստոսի 1-ը ձեզ ժամանակ, համաձա՞յն եք, թե՞ ոչ, եթե ոչ, օգոստոսի 1-ից պայմանագիրը կհամարվի ուժը կորցրած: Մենք էլ պատասխանեցինք, որ համաձայն չենք, համարեք ուժը կորցրած, մենք մեր ուժերով կհավաքենք",-նշում է բաժնի պետը եւ ավելացնում. "Էսօր 5 անգամ ավել են ուզում ստացած գումարից, դա աբսուրդ ա, հենց էնպես մեզանից գումար են ուզում, բա քաղաքը ինչո՞վ պետք ա մաքրենք":



Այս որոշումից բարկացած են նաեւ Վանաձորի բնակիչները: "Թոշակը ստանում էինք, միանգամից սաղ կոմունալները մուծում, դուրս էինք գալիս, էդ որ ամեն մի տեսուչ օրը 10 անգամ գա, մեր հալը ո՞նց կեղնի",-նշում է տիկին Սվետան, իսկ տիկին Գայանեն էլ վստահեցնում է. "Ես տեսուչին փող տվողը չեմ, բա որ կեղծ չեկ տան ու ասեն՝ չես մուծել: Պոչտայում նորմալ էնա մուծում էինք, էլի": Բարկացած են նաեւ վարձավճարները գանձող տեսուչները, որոնք հասկանալի պատճառներով չներկայացան. "Շատերը գերադասում էին փոստում մուծել, կամ ես օրը 10 անգամ մեկի տուն պետք ա գնամ, որ տանը լինի՝ վերցնեմ, կամ հազար ու մի մարդ կա, ամեն մեկը մի ձեւի է մեզ ընդունում, սրանով համ մենք տուժեցինք, համ էլ բնակիչները":



Պարոն Դարբինյանը վստահ է, որ իր 14 տեսուչները ինչպես առաջ են հավաքել, այնպես էլ հիմա կհավաքեն վարձերը, նրա կարծիքով՝ միակ տուժողը "Հայփոստն" է. "Դա ի շահ քաղաքացիների էր արվում, այստեղ ոչ մեկը ժողովրդի մասին չի մտածում, իրանց գրպանի մասին են մտածում, էդ "Հայփոստը" մասնավոր կազմակերպություն ա, երեւի իրանց շատ փող ա պետք":



Զրուցեցինք նաեւ "Հայփոստ" ՓԲԸ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանի հետ, ըստ որի՝ նոր պայմանագիր կապելը վերաբերում է բոլոր քաղաքներին, բայց "Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժինը հրաժարվել է ստորագրել պայմանագիրը": Նրա պնդմամբ՝ հին պայմանագրով "Հայփոստ" ՓԲԸ-ն աշխատել է վնասով. "Հիմա փորձում ենք  մեղմել վնասի չափը: Քաղաքապետարանը հրաժարվում է, քանի որ աղբահանման գումարները բարձր հավաքելիություն չունեն": Հարցրինք, թե ինչու միանգամից 2 տոկոսից դարձավ 10 տոկոս, պարոն Աբրահամյանը պատասխանեց. "Երկուսից չի դարձել, 3 տոկոսից է դարձել 10 տոկոս, էլի միեւնույն է՝ վնասով է աշխատելու, 10 տոկոսի պարագայում էլ ինքնարժեքին չի հասնում, բայց գոնե կմեղմվի այդ վնասը": Իսկ ինչպես են վերաբերվում նոր կարգին մյուս քաղաքները: "Մյուսները կարծեմ ստորագրել են կամ պատրաստվում են, ուղղակի Վանաձորը դեռ չի ստորագրել",- պատասխանեց:



Վերջում ավելացնենք, որ օգոստոսի 9-ին Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձնարարեց այդ պահանջվող 10 տոկոսը ավելացնել վարձավճարները հավաքագրող տեսուչների աշխատավարձին ու չաշխատել նման պայմաններով:



Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ