Ով է դառնալու վճռաբեկի քաղաքացիական պալատի նախագահ

Ով է դառնալու վճռաբեկի քաղաքացիական պալատի նախագահ
Նման հարցադրումն առնվազն տարօրինակ կհնչեր որեւէ քաղաքակիրթ երկրում, բայց ոչ երբեք Հայաստանում: Դասական տարբերակով վճռաբեկ դատարանի պալատն ու իր նախագահը ունեն օրենքով նախատեսված գործառույթներ եւ չպետք է ծառայեն որեւէ մեկին: Սակայն դասական տարբերակի դեպքում օրենքով ունեցած լիազորությունները չեն բավականացնի գործող իշխանություններին, հետեւաբար նրանք փորձում են պալատի նախագահ անցկացնել այնպիսի մեկին, որն անվերապահորեն կկատարի իր պատվերները եւ ավելորդ գլխացավանք չի ստեղծի այդ ճանապարհին` խաղալով օրինականություն եւ բարոյականություն: Այս օրերին իշխանական կաբինետներում քննարկվում է այդ հարցը՝ ո՞վ կարող է իրականացնել այդ առաքելությունը:



Դատական համակարգում հարմարվողականների եւ անսկզբունքայինների պակաս չկա, այս առումով կադրային բանկը հարուստ է: Դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրները խոսում են, որ նախընտրելի թեկնածուների շարքում են քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը եւ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Երվանդ Խունդկարյանը: Անատոլի Մաթեւոսյանն այս ընթացքում ապացուցել է, որ հուսալի գործընկեր է եւ վճռաբեկ դատարանի հետ սերտորեն համագործակցում է՝ վճիռներ է կայացնում, որոնք վճռաբեկը հրաժարվում է քննության առնել, ստանդարտ պատճառաբանություններով դրանք վերադարձնելով բողոքաբերներին:



Ինչ վերաբերում է Երվանդ Խունդկարյանին, ապա այս թեկնածությունը դատավորների մոտ անկումային տրամադրություններ է առաջացնում, քանի որ այս անձնավորությունը բացարձակ կաշկանդված չէ որեւէ արգելքով, որը կարող է անհնարին դարձնել իրենից բարձր կանգնածի պատվերի կատարումը: Սակայն կարծում ենք, որ նման լուրջ նշանակումն անելիս հաշվի կառնվեն  ոչ միայն որոշ անձանց շահերը, այլ նաեւ որոշ չափով դատական իշխանության ապագան:



Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ