Մինասն էլի մնաց «չհասկացված»

Մինասն էլի մնաց «չհասկացված»
Նոյեմբերի 3-ից ՀՀ կառավարության շենքում շաբաթական մեկ անգամ կլինեն բաց դռներ, եւ հանրությունը հնարավորություն կունենա դիտելու Մինաս Ավետիսյանի "Խաչքարի մոտ" եւ "Հանդիպում" որմնանկարները, որոնց վերականգնման աշխատանքները մեկնարկում են այսօր։ Երեկ այս մասին "Նովոստի" ակումբում հայտարարեցին  մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Ջաջուռում Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն ու "Մինաս Ավետիսյան հիմնադրամի" նախագահ Արման Ավետիսյանը եւ ռեստավրատոր Արժանիկ Հովհաննիսյանը։ Կառավարությունը երկրորդ անգամ է ձեռնամուխ լինում Մինասի որմնանկարների վերականգնման գործին։ Առաջինը եղել է Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանում գտնվող "Թորոս Ռոսլինի ծնունդը", որը տեղափոխվել է Ջաջուռի թանգարան։



Այս տարի կառավարությունը 20 մլն. դրամ է փոխանցել "Մինաս Ավետիսյան հիմնադրամին"` Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանում գտնվող եւս երկու որմնանկարների վերականգնողական աշխատանքների համար, որոնք տեղափոխվելու են կառավարության շենքի խորհրդակցությունների եւ նիստերի դահլիճ։ Վերականգնողական աշխատանքների համար հրավիրված է իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոպինին, որը հայկական մշակույթի ուսումնասիրման եւ փաստագրման կենտրոնի վերականգնողներից է։ Աշխատանքներն ընթանալու են երեք փուլով։



Առաջին փուլում աշխատանքները կատարվելու են Գյումրիում, որմնանկարը կտավապատվելու է, ապա որոշակի ժամանակային  դադարից հետո տեղափոխվելու է Երեւան, իսկ երրորդ՝ ամրակալման եւ փոխադրման փուլն անցկացվելու է արդեն Երեւանում։ Այնուհետեւ նախարարությունը միջոցներ է գտնելու փրկել նկարչի մյուս որմնանկարները, որոնցից վեցը գտնվում են աղետալի վիճակում։ Դրանց թվում է "Հայաստան" որմնանկարը՝ Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը, որից միայն մեկ պատն է պահպանվել։ Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որով հորդորում էր մասնավոր ընկերություններին ու անհատներին ներգրավվել որմնանկարների փրկության գործին, մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասաց. "Այդ հայտարարությամբ պետությունը չի ցանկացել ասել, որ օտարում է այդ արժեքները։ Ցանկացած մասնավոր դեմք կարող է ցանկություն հայտնել վերականգնել որմնանկարը, բայց դրանով այն չի դառնում վերականգնողի սեփականությունը"։



Եղել են խնդիրներ Գյումրու քաղաքապետարանի հետ, որը խոչընդոտել է որմնանկարները Շիրակից դուրս բերելուն, սակայն Արման Ավետիսյանն ասաց. "Դրանք սպեկուլյատիվ բնույթի հայտարարություններ են, որովհետեւ երկու դեպքում էլ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության մասին։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ տարբերություն կա տեսնել այդ որմնանկարները Մեղրիում, Գյումրիում, Երեւանում կամ Վանաձորում։ Եթե մարդիկ այդքան սրտացավ են, ապա ինչո՞ւ են  22 տարի այդ որմնանկարները գտնվում փլատակներում, եւ ոչ ոք չի ուզում դրանց մասին խոսել"։



"Գյումրու քաղաքապետը նախարարի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ ինքը կարող է վերականգնել մնացած բոլոր որմնանկարները, եւ բոլորս դա ողջունում ենք," ասաց Սոնա Հարությունյանը:" Եթե քաղաքապետը կարող է վերականգնել եւ պահել դրանք Շիրակի մարզում, ապա ոչ միայն կառավարությունն ու նախարարությունը, այլ ընդհանրապես ազգովի շնորհակալ կլինենք։ Մենք նույնիսկ պատրաստ ենք տրամադրել մասնագետներ՝ թե իտալական, թե հայկական կողմից։ Պարզապես որմնանկար վերականգնելը ծախսատար աշխատանք է"։



Այնուհետեւ վերականգնող Արժանիկ Հովհաննիսյանը մանրամասն նկարագրեց վերականգնողական աշխատանքների փուլերը եւ հավաստիացրեց, որ կիրառվելու է ամենաժամանակակից եւ ամենաարդյունավետ մեթոդը։ Այն հնարավորություն կտա հնարավորինս պահպանել բնօրինակը, թեպետ աղի մաքրման արդյունքում որմնանկարի շերտը կբարակի։



Ասուլիսի ընթացքում շոշափվեց նաեւ Հայաստանում վերականգնողական դպրոցի հիմնադրման թեման, որը կարտադրի մասնագետներ, եւ հարկ չի լինի դիմել օտարազգի վերականգնողների օգնությանը։ Խոսվեց նաեւ Ջաջուռը մշակութային կենտրոն եւ զբոսաշրջության համար հետաքրքրական դարձնելու անհրաժեշտության մասին։ Արտեֆակտներն ու մշակութային իրադարձությունները մայրաքաղաքում կենտրոնացնելու վերաբերյալ մտահոգությունը կիսում է նաեւ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետը, սակայն որմնանկարները կառավարության շենք տեղափոխելու կապակցությամբ ասաց. "Դա փորձ է, որն ունի ամբողջ եվրոպական աշխարհը։ Եվրոպական երկրներում բոլոր պետական կառույցներում ու վարչական շենքերում տեղադրվում են արվեստի արժեքներ։ Այսպիսով պետությունը ցանկություն ունի ընդգծելու այն արժեքը, որ ունի Մինասը"։



Մինասը պատկանում է նկարիչների այն սերնդին, որոնց հարաբերությունները պետության հետ այնքան էլ հարթ չեն եղել։ Նա իր արվեստով հակադրվում էր պետության կողմից որդեգրված սոցռեալիզմին, որից ցանկացած շեղում ընկալվում էր որպես պետության եւ գաղափարախոսության դեմ ուղղված հանցանք։ 1972-ին նրա արվեստանոցում բռնկված հրդեհը, որի արդյունքում ոչնչացավ շուրջ 300 կտավ, ինչպես նաեւ ավտովթարի արդյունքում վրա հասած մահը, որի հանգամանքներն այդպես էլ չճշտվեցին, խոսում են նկարչի ու պետության բարդ հարաբերությունների մասին։ Այն պետության, որտեղ արվեստը պետք է հասկանալի լիներ արվեստով չհետաքրքրվող եւ արվեստ չսիրող մարդկանց։ Մինասն իր "անհասկանալի" արվեստով ստիպված էր զարդարել գործարանների ու ճաշարանների պատերը, իսկ հիմա նրա որմնանկարները կզարդարեն կառավարության շենքի այն դահլիճը, որտեղ նստում ու խորհրդակցում են արվեստից նույնքան հեռու պաշտոնյաներ։ Դժվար է պատկերացնել, թե Մինասի համար "չհասկացվածության" որ տարբերակը կլիներ առավել նախընտրելի։